Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Այսօր ՀՀ Ազգային Հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է: Նա այն գործիչներից է, ում անընդհատ հիշում են հպարտությամբ, ափսոսանքով եւ ինչու չէ` կարոտով … Տարիների ընթացքում ստեղծվեցին նրա մասին պատմող ֆիմեր եւ գրքեր: Բայց պատմելու բան դեռ շատ կա: Կարեն Դեմիրճյանը այսօր կդառնար 82 տարեկան:
Որպես կանոն քաղաքականությունից հեռացածների վերադարձին այլեւս չեն սպասում: Բայց քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանը բացառություն էր: Որպես ղեկավար ժողովրդի կողմից սիրվեց դեռ Խորհրդային Միության տարիներից: Ասում են. իր հարազատ քաղաքում աշխատանքից հետո քայլում էր ոտքով, շփվում էր բոլորի հետ եւ թիկնապահներով իրեն շրջապատելու անհրաժեշտություն այդպես էլ չտեսավ:
Ականատեսները հիշում են. լաց էր լինում, երբ Մարզահամերգային համալիրը այրվում էր, Մոսկվայի հետ «կենաց ու մահի» կռիվ էր տանում ազգային ամեն ինչը պահպանելու համար, իրեն վտանգի տակ դնելով ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչեց Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր …
Անձամբ հետեւում էր բոլոր ոլորտների աշխատանքին: Ուշադրության պակաս չէին զգում նաեւ մշակույթն ու կրթությունը:
Խիստ ղեկավարից բացի նաեւ ժամանցի լավ ընկեր էր: Մտավորականներին շնորհավորում էր անձամբ, սեղանի շուրջ նստած, ինչպես դա եղավ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրերից մեկի ժամանակ: Պահպանվել է սիրողական մի ձայնագրություն, որտեղ Կարեն Դեմիրճյանը անվանի մտավորականների հետ նույնիսկ երգում է:
Իր հիշողություններում Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը, նշում է շատ ու շատ մանրուքներ, որոնք բացահայտում են ոչ միայն Կարեն Դեմիրճյան քաղաքական գործչին, այլեւ` անհատին: Հպարտությամբ ասում է. «սիրուն աչքերի համար չեն սիրում քաղաքական գործչին»: Ընտանիքում Դեմիրճյանը բոլորովին այլ էր:
Երբ Կարեն Դեմիրճյանը որոշեց վերրադառնալ քաղաքականություն ժողովրդի մոտ կտրուկ փոփոխությունների հույսեր արթնացան: <Արդարություն> դաշինքը ստեղծելիս մտորումների մեջ էր: «Գիշերով եկավ, ասաց. ոչ, իմ միակ ճանապարհը դա է, ուրիշ ճանապարհ չկա»,- հիշում է Ռիմա Դեմիրճյանը: Չարաբաստիկ օրը` հոկտեմբերի 27-ին, ասում է առավոտվանից ամեն ինչ այն չէր: Սովորականի պես չնստեց ամուսնու կողքին նախաճաշի ժամանակ, չճանապարհեց մինչեւ դուռը:
Կարեն Դեմիրճյանը կյանքից հեռացավ 67 տարեկան հասակում: Արդեն 15 տարի է նշում ենք նրա ծննդյան օրը առանց նրա` մինչեւ հիմա խիստ համոզմունքով, որ լավագույն գործերն ու բարեփոխումները մնացին անավարտ: