ԿարևորՏնտեսական

Արցախին տրվող միջպետական վարկերը կհատկացվեն բռնի տեղահանվածների տարբեր ծրագրերի իրականացմանը

Խորհրդարանական հանձնաժողովները սկսել են հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի քննարկումները։ Ֆինանսների նախարարը հիշեցրել է, որ բյուջեի նախագիծը ներկայացվել է սեպտեմբերի վերջին, երբ Արցախից բռնի տեղահանում էր տեղի ունենում։ Ներկայացված նախագծում արտացոլված չէ այն ամբողջական սցենարը, ինչը նախատեսված է 2024–ին իրականացնել բռնի տեղահանվածների մասով։ Վահե Հովհաննիսյանն ասել է, որ 10 մլրդ դրամ սիմվոլիկ գումար է նախատեսված, բայց տարբեր գերատեսչություններ այժմ աշխատում են հավելյալ ծրագրերի ու միջոցառումների վրա, որոնք կներառվեն 2024–ին։ Հետագա փուլերում արդեն կներակայացվեն 2024–ին նախատեսված բոլոր ծրագրերը։

7 տոկոս տնտեսական աճ՝ 2024–ին․ կառավարության թիրախում այս ցուցանիշն է։ 2023 թվականին  առնվազն 7,2 տոկոս տնտեսական աճ է ակնկալվում։ 2023–ի բյուջեի սցենարում դրված էր 7 տոկոս տնտեսական աճը։ 2024 թվականին շարունակում ենք թիրախավորել 7 տոկոս տնտեսական աճ։ Դեֆիցիտը 3,2 տոկոս է նախատեսված, բայց ֆինանսների նախարարի գնահատմամբ, այն 4․6 տոկոս կկազմի։ Սա՝ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության տարբեր միջոցառումների իրականացման արդյունքում։ Դրանք դեռ ամբողջական տեսքի բերված չեն։ Բայց հետագա քննարկումների ժամանակ կներակայացվեն՝ ասում է Վահե Հովհաննիսյանը․

 «Այն գումարները, որոնք հատկացվում էին ԼՂ–ին որպես միջպետական վարկ, այդ գումարները կկարողանանք հատկացնել տարբեր ծրագրերի իրականացմանը, հույս ունենք, որ այդ գումարները բավարար կլինեն դրանց իրականացման համար»։

Արցախից բռնի տեղահանվածների կարիքների համար հատկացվել է շուրջ 54 մլրդ դրամ՝ հստակեցնում է վարչապետը՝ նշելով, որ այժմ ծախսվել է մոտ 16 մլրդ դրամ։ Նախատեսված գումարի մի մասը կծախսվի 2024թ. Այս պահին իրականացվող ծրագրերի մի մասը կշարունակվի նաև 2024–ին՝ ինչպես տեղահանվածների կեցության վճարման ծրագիրն է՝ հաշվարկված 6 ամսվա համար։ Այս պահի դրությամբ Արցախի մոտ 100 հազար քաղաքացիներ արդեն միանվագ օգնություն են ստացել 100 հազար դրամի չափով։Նրանցից 25 հազարը երեխաներ են՝ հստեկացնում է Նիկոլ Փաշինյանը․

«Կեցության վճարի միջոցներ է ստացել 41 հազար 610 մարդ։ 2270 քաղաքացու ծրագրի շրջանակում վճարվել է միայն 10 հազար դրամ կոմունալ ծառայությունների համար։ Բանն այն է, որ այդ քաղաքացիները Հայաստանի տարածքում ունեցել են սեփական տներ և բնակարաններ»։

ՀՀ պետական բյուջեով 2024 թվակաին կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ, ինչը 2023-ի համեմատ ավելի է 27%-ով։ Կապիտալ ծախսերը ՀՆԱ–ում 6․6 տոկոս է հասնում, որը 2023–ի համեմատ 0․7 տոկոսային կետով ավելի է։ Ֆինանսների նախարարի դիտարկմամբ, կապիտալ ծախսերի 42 տոկոսը 2024թ-ին կուղղվի պաշտպանության ոլորտին․

«Պաշտպանության նախարարությանը կհատկացվի 555 մլրդ դրամ՝ 7%-ով ավելի, քան 2023-ին, և կազմում են ՀՆԱ-ի 5,3%-ը։ Սոցիալական պաշտպանության ոլորտին էլ կհատկացվի 755 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելի է 16%-ով և կազմում է ՀՆԱ-ի 72%-ը։ Առավել նշանակալի է կրթության ոլորտին հատկացվող ծախսերի աճը, որը 2024թ-ին կազմելու է 289 մլրդ դրամ՝ 39%-ով ավելի է, քան 2023թ-ին։ Արդյունքում, կրթության ոլորտի ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 28%-ով»։

2024 թվականի պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 1 տրլն 367 մլրդ 800 մլն դրամ է կամ 105 տոկոսով ավելի է, քան 2018-ին պլանավորածը:Վարչապետն արձանագրում է՝ 2024 թվականի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: Ավելացող մասը մոտ 60 մլրդ դրամով շատ է, քան 2018-ի նախատեսված ամբողջ բյուջեն։

 «2024 թվականին ունենալ առնվազն 500 կմ երկարությամբ հիմնանորոգված կամ նորոգված ճանպաարհ։ Հյուսիս–Հարավի մասով ունենք լուրջ առաջընթաց։ Վերջերս ստորագրեցինք շինարարության պայմանագորը Ագարակ Քաջարան հատվածի համար։ Այն կիրականացնի իրանական ընկերություն։ Հույս ունենք, որ օր առաջ շինարարությունը կսկսվի»։

Պարտք ՀՆԱ հարաբերակցությունը 2024–ին 50 տոկոսից ցածր կլինի։ Սա արտաքին ու տարածաշրջանային ռիսկերին կդիմակայի։ Պահուստային ֆոնդն է ավելացել՝ բյուջեի մինչև 3 տոկոսը։ Գուցե այն ավելանա, երբ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագեր իրականացնեն։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը  մտավախություն ունի՝ բյուջեի եկամուտները ապահովելու համար հարկային վարչարարությունն ավելի չխստացվի․

 «Եթե մենք բարձր նշաձող ենք դնում, ծախսերի մասով ինչ հաստատեցինք, հատկապես սոցիալական, հետո դրանից չենք կարողանալու հրաժարվել։ Մտավախություն այն է, որ այնպես չստացվի, որ մենք մեր բյուջեի եկամուտների համար գնանք վարչարարության խստացմանը»։

Ֆինանսերի նախարարի խոսքով՝ ՊԵԿ գործընկերները ամեն ինչ անում, են, որ հարկերը պատշաճ հավաքեն։ Բոլորի աշխատանքն է՝ այնպես անել, որ անտանելի պայմաններ չստեղծվեն, բայց հարկերը պետք է պատշաճ վճարվեն՝ արձանագրում է ֆինանսների նախարարը։

Back to top button