ՀարցուԳԻՏԱփորձ

Ուսուցիչը մեր երկրորդ մա՞յրն է․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Կարևորը այն չէ, թե ես առարկան ինչքան լավ կդասավանդեմ, կարևորն այն է , որ ես լավ մարդ մեծացնեմ։ Իսկ լավ մարդն ո՞վ է»։

5-6 տարեկանում երեխայի կյանքում անսովոր զարգացումներ են տեղի ունենում։ Հանկարծ հայտնվում է երկրորդ տուն, ուր կա երկրորդ մայր․ երեխան սկսում է հաճախել դպրոց։

«Որքանո՞վ է մայրությունը ուսուցչի մասնագիտության մաս կազմում, որքանո՞վ են ուսուցչուհիներն իրենք իրենց ընկալում որպես ամենամայրեր, բոլորի մայրեր»։

Բարև, եթերում «ՀարցուԳԻՏԱփորձ» հաղորդումն է, ես Արուսյակ Կապուկչյանն եմ։
Այսօր պարզելու ենք՝ ուսուցիչը մեր երկրորդ մա՞յրն է։

***

Մարդը բնական դերաբաշխում է արել․ ինքն իրեն տարել է տարբեր միջավայրեր՝ դրանցից յուրաքանչյուրում իր առանձնահատուկ կողմին ազատություն տալու։ Այսպես, հիմանականում տունը մարդու անձնական տարածքն է, դպրոցը, համալսարամը՝ կրթական, աշխատաշուկան՝ մասնագիտական, և այլն։ Բայց այս օղակներում երբեմն հատում է տեղի ունենում։ Մարդն, օրինակ, գնում է դպրոց, որը ոչ թե կրթական հաստատություն է, այլ երկրորդ տուն, տեսնում է ուսուցչի, որի առաջնային նպօտակը ոչ թե կրթելն է, այլ դաստիարակելը, բախվում է ոչ թե նոր բան սովորելու կանոնակարգված գրաֆիկին, այլ ծնողական բարեհոգությանը կամ խստապահանջությանը։ Ուսուցիրն էլ, որը դեպքերի շուրջ 80 տոկոսում կին է, հաճախ խարխափում է մոր և մասնագետի դերային կոնֆլիկտում։

Ուսուցչությունը մասնագիտությու՞ն է, թե՞ առաքելություն և կոչում, դպրոցիցի լա՞վ, թե՞ կրթված մարդ է դուրս գալու, ինչո՞ւ է ուսուցիչների՝ երեխաներին ուղղված խոսքում հաճախ հանդիպում «ես ձեր երկրորդ մայրն եմ» արտահայտությունը․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր այս հարցերի մասին է։

«Կան ծնողներ, որ ասում են՝ ավելի կարևոր է, երբ երեխադ ունի սրտացավ, չեմ վախենա ասել՝ մոր նման հոգ տանող ուսուցչուհի, իսկ ինչ վատ բան կա դրա մեջ։ Ու այս հարցը տալիս են նաև մասնագետները։ Վատ բան չկա, բայց պիտի նայենք, թե դա ինչպե՞ս է խանգարում ուսուցչուհու՝ որպես մասնագետ, դպրոցի՝ որպես կրթական հաստատություն կայացմանը»։

Սոնա Բալասանյանը ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս է, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան ինստիտուտ Հասատան»-ի գործադիր տնօրենը։ Ավելի քան 15 տարի կրթության սոցիոլոգիայով հետաքրքրված Սոնան իրականացրել է «Ուսուցիչը՝ կին» խորագրով հետազոտությունը և պարզել՝ հաճախ ուսուցիչն ավելի շատ ու արտահայտիչ կին է, քան մասնագետ։

«Երբ սոցիոլոգիական հայացքով նայում ես դպրոցին, հայտնվում ես մի դուալիզմի մեջ․ մտածում ես՝  հիմա այս ուսուցչությունը անձնա՞յին կենսագործունեություն է, թե՞ մասնագիտական։ Իրակամնում սա սուտ դուալիզմ է, որովհետև այն թե՛ մեկն է, թե՛ մյուսը, բայց, որպես մասնագետ, ինձ հետաքրիր էր, թե ինչպես են մեկը մյուսին լրացնում կամ մեկը մյուսին խանգարում»։

Ամեն ինչ սկսվեց այն հարցից, թե ինչո՞ւ են դպրոցներում ագրեսիվ մեծամասնություն կազմում կին մասնագետները։ Սա բնորոշ է որ միայն հայկական իրականությանը, և բացատրվում է այս մասնագիտության խնամք ենթադրող բաղադրիչով․ խնամքն ինքնաբերաբար պատվիրակված է կնոջը․

«Կրթությունը ինստիտուցիա է, և հենց այդ պատճառով հասարակությունը տարբերակում է ընտանիքի ինստիտուտը կրթության ինստիտուտից։ Հայաստանյան հասարակությունում դպրոցը դառնում է ընտանիքի ինստիտուտի մասը։ Եթե մենք դիտարկենք կրթության ինտիտուտի կայացման կարևորությունը, ապա պիտի դիտարկենք ուսուցչությունը՝ որպես մասնագիտություն։ Մասնագիտությունը ենթադրում է մասնագիտական վերապատրասում, մասնագիտական աշխատանք, միջավայր, փոխհարաբերություններ։ Եվ եթե ոչ ֆորմալ իմաստով այդ մասնագիտական միջավայրում կարելի է որոշակիորեն չլինել մասնագետ, դա փոխարինում է կրթության ինստիտուտի գործառույթները ընտանիքի գործառույթներով»։

Սոնա Բալասանյանն ասում է՝ դպրոցն ու ուսուցիչը չեն կարող մեկուսացած լինել ընտանիքից, սոցիումի մյուս անդամներից և խոսել միայն մասնագիտական լեզվով։ Սակայն հարցը խնդիր է դառնում, երբ լավ մարդ լինելը և լավ մարդ մեծացնելու առաքելությունը ստանձնելը սկսում են խանգարել կրթական համակարգին։ Միևնույն ժամանակ ոչ միանշանակ են նաև ուսուցչից սպասումներն ու ակնկալիքները։

Լատինական դպրոցի ուսուցիչ և երկու աշակերտ, 1487

«Խոսում ենք ընկերության մասին, որտեղ կան մեծեր ու փոքր, որտեղ չկան առարկաներ, հետևաբար նաև՝ առարկայի ուսուցիչներ, և կա մի մեծ թեմա՝ էդ երեխայի կյանքը։ Ռոդարին դպրոցը համեմատում էր մանկական բերդի հետ։ Ցավոք՝ շարունակում է այդպես մնալ․ «պետք է», «պարտավոր ես», «պետք է», «պարտավոր ես», «պետք է», «պարտավոր ես»․․․ ուսուցիչները նախօրոք ամեն ինչ գիտեն, երեխաները՝ չգիտեն, ու ինչպես Ռոդարին է ասում՝ պետք է գդալով, իրեն էդ գիտելիքները փոխանցել։ Մի զարմանալի բան էլ ասեմ՝ Ռոդարին ասում էր՝ այս դպրոցը՝ այս բերդը, վաղուց մեռած է, և նրա փլուզումը դուք շուտով կտեսնեք։ Բայց էս ասել է 40 տարի առաջ, չգիտեմ՝ շուտով ասելով ի՞նչ նկատի ուներ։ Ցավոք սրտի՝ այն կենսունակ է և՛ Հայաստանում, և՛ աշխարհում»,- ասում է Աշոտ Բլեյանը։

Նա չի համակերպվում ուսուցչին ընկերոջից բացի այլ կարգավիճակում տեսնելու մտքի հետ։ Երեխան, ասում է, ամեն ինչի կենտրոնն է, և նրան ոչ թե դաստիարակող, այլ իր կարիքները հասկացեող և ըստ դրա երջանիկ կրթություն ապահովող մեկն է պետք։

«Բայց Ռոդարին ունի մի գործ, որը մանկավարժության մեջ, կարծում եմ, թերագնահատված է, չի օգտագործված։ Կոչվում է «Երևակայության քերականություն, կամ ինչպես մարդկանց սովորեցնել հորինել»։ Զարմանալի գիրք է։ Ռոդարին շատ պարզ ասում է՝ չկան առարկաներ, կան մեծեր, կան փոքրեր (նկատի ունի նրանց փորձ, դե, տարիքով ես, ենթադրում է, որ ավելի փորձառու ես)  և կա կյանքը, որը պիտի այս մեծերով-փոքրերով իրար հետ քննարկենք բոլոր կողմերով։ Էդ նշանակում է, որ դա չի կարող հետաքրքիր չլինել բոլոր կողմերին»։

Բլեյանի կարծիքով՝ մեծահասակը, որին ուսուցիչ ենք ասում, մի գործառույթ ունի՝ օգնել հաղաթահարել հնարավոր դժվարութունները և դա անել հաճույք պատճառելու աստիճան հետաքրքիր։

«Անցեք մեր դպրոցների շենքերի մոտով․ երեխաներ են էնտեղ, չէ՞, թվում է՝ ծիծաղից պիտի պայթեին դրանք։ Ի վերջո մանկապարտեզը կլինի, թե դպրոցը կլինի դա ընկերություն է՝ տարբեր տարիքի, փորձի մարդկանց ընկերույթուն։ Բայց միշտ պիտի հիշել՝ եթե դա ի վերջո երեխայի համար է, պետք է էդ ամբողջը լինի շատ հետաքրքիր, մինչև վե՛րջ հետաքրքիր և պետք է խթանի երեխայի երևակայությունը, որովհետև դրանով է լինելու երեխայի զարգացումը»։

Զրուցակցիս գրեթե ֆիզիկական ցավ է պատճառում գիտակցումը, որ որոշ դպրոցներում արդիական է ցուցափայտային դաստիարակության գաղափարը։ Հաշտ չէ նաև «ուսուցիչը՝ մայր» կոնցեպտի հետ։ Խոսում է Բլեյան դպրոցում ընդունված հարաբերությունների մասին, որտեղ չկան ցանկապատեր, խոսում է այս փորձը տարածելու ցանկության մասին։ Սակայն այս կրթօջախի մոտեցումները ակնհայտ բացառություն են հայկական կրթական միջավայրում․

«Չէ-չէ-չէչէ, ես համաձայն չեմ, ես չեմ ուզում բացառություն, էդ ինձ չի ոգևորում, էդ ինձ գերեզման կգտանի։ Ես խոսում եմ փոխանցելու մասին, դրա համար ես խոսում եմ ցանկապատերը վերացնելու մասին»։

«Կես տարվա հարցազրույցները ամփոփել եմ հոդվածի մեջ 3 տարիների ընթացքում և շատ երկար բախումներ եմ ունեցել ինքս իմ մեջ որպես հետազոտող․ իսկ ի՞նչ վատ բան կա էստեղ, իսկ ի՞նչ խնդիր կա դրանում, եթե ուսուցչուհին ավելի հուզական է, արժեքային է, ի՞նչ խնդիր կա էստեղ։ Իմ ընդհանրացումը հետևայլն է, որ խնդիր կա մեծ հաշվով կրթությունը մասնագիտական հանրույթի վերածելու, կրթույթունը՝ որպես ինստիտուտ կայացնելու հարցում ու էդ առողջ սահմանները ի վերջո դնել պետք է»։

Սոնա Բալասանյանը հետազոտության ավարտին եկել է եզրակացության՝ անհրաժեշտ է սոցիալական համաձայնություն, թե կուզեք՝ փաստաթուղթ այն մասին, թե ինչ է և ինչի համար է դպրոցը․

«Երբ դա չի գրվում որևէ տեղ, այդտեղ ամեն ինչ կարելի է, և մեկը կհավանի մայրական որոշակի դաստիարակություն՝ ուսուցչի կողմից տրամադրված, իսկ մյուսը չի հավանի։ Բայց ռիսկերը մեծ են։ Եվ ռիսկերը մեծ են հատկապես ուսուցչուհիների՝ որպես մասնագետի կայացման հարցում։ Մենք պիտի հասկանանք մեր դպրոցի հիմնական նպատակը ի վերջո մասնագիտական հանրություն ձևավորե՞լն է, թե՞ մնալը ընտանիքի մաս»։

Քանի դեռ չկա համընդհանուր մի որոշում, կրթւոյթւոնը պայմանավորվում է ճաշակով։ Ինչպիսին պետք է լինի այդ որոշումը՝ այլ հարցուփորձի ու գուցե լուրջ գիտափորձի թեմա է։

Մինչ այդ, սակայն, պարզ է․ մեր առօրյա խոսքում տեղ գտած արտահայտությունը պինդ մշակութային արմատներ ունի և շատ բան է պատմում հասարակական ընկալումների մասին։

Back to top button