ԿարևորՔաղաքական

Ինչո՞ւ են «հալվում» սառեցված հարաբերությունները․ Հայաստան-Հունգարիա՝ 11 տարի անց

Երկարատեև դադարից հետո վերականգնվում են դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Հունգարիայի միջև։ Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունները խզել էր 2012–ին, երբ այդ երկիրը Ադրբեջանին արտահանձնեց 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին։

Դրան հաջորդած տարիներին, սակայն, Հայաստանը գնահատել է մեր պետությանն ուղղված Հունգարիայի քայլերը այլ ոլորտներում և որոշում կայացրել վերականգնել հարաբերությունները։ Այն, որ Հայաստանը վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ հայտնի դարձավ 2022–ի դեկտեմբերին Լեհաստանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում արտգործնախարարների հանդիպումից հետո։

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն առաջին անգամ այցելել է Հայաստան։  

Հայաստանը չի փոխել դիրքորոշումը Հունգարիայի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարոնին Ադրբեջանին արտահանձնելու հարցի առնչությամբ, սակայն, որոշում է կայացվել Հայաստան–Հունգարիա դիվանագիտական հարաբերությունների նոր էջ բացել, պարզաբանում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այդ որոշման վրա մեծապես ազդել են Հունգարիայի քայլերը կասեցված հարաբերությունների պայմաններում՝ անցած 11 տարվա ընթացքում։

  • 2021 թվականին Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 ռազմագերի վերադարձավ տուն։ Հունգարիայի կառավարության ներկայացուցիչները անձամբ ուղեկցեցին հայ գերիներին Ադրբեջանից Հայաստան։
  • Քովիդի համաճարակի ընթացքում Հունգարիան Հայաստանին 100 հազար դեղաչափ պատվաստանյութ տրամադրեց, ինչը կյանքեր փրկեց։
  • Հունգարիայի կառավարությունը ֆինանսական օգնություն է տրամադրում Հայ առաքելական եկեղեցուն՝ վերաբացվել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկե եկեղեցին։ Ֆինանսավորում է հայկական դպրոցներ, այդ թվում՝ Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը։
  • 13 տարվա ընթացքում Հունգարիայում հայ համայնքի պետական բյուջեի ֆինանսավորումը քառապատկվել է։
  • Հունգարիան 40 միլիոն ֆորինտ՝ ավելի քան 110 հազար դոլար կհատկացնի ԼՂ–ից փախստականների աջակցության համար։ Առաջարկում են առողջապահական օգնություն, Հունգարիայի մանկական ճամբարներում արցախցի երեխաների հանգստի կազմակերպում և Հունգարիայի ԲՈՒՀ-երում 30 ուսանողի համար կրթաթոշակի տրամադրում։

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի խոսքով՝ նա հայ գործընկերոջը խնդրել է թույլ տալ Երևանում հունգարական հյուպատոսություն բացել։ Նաև պատրաստվում են հունգարական Wizz Air ավիաընկերությանը հորդորել Երևանից Բուդապեշտի ուղղությունն ավելացնել՝ ֆիզիկապես անմիջական կապ ապահովելու Հայաստանի և Հունգարիայի միջև:

Այս ամենին է, որ պաշտոնական Երևանը արձագանքում է․ «Ուզում եմ ասեմ, որ մենք սա կարևորում ենք և շնորհակալ ենք։ Եվ նույնիսկ վերաբերմունքը ակնկալում ենք մշակութային ժառանգության հետ կապված»։

Սա ասելով, Հայաստանի արտգործնախարարը նկատի ունի հայաթափված Արցախում հայ մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Վերջին շրջանում բազմաթիվ են ահազանգերը Ադրբեջանի կողմից հայկական կոթողների աղավաղման և հայ ինքնության վերացման առնչությամբ։

«Բռնի տեղահանությունից հետո հայկական մշակութային, հոգևոր ժառանգության հարցը ԼՂ–ում էլ ավելի է սրվել։ Մենք նաև նախկինում դիմել էինք ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մեր այլ միջազգային գործընկերներին։ Կար որոշում ՅՈՒՆԵՍԿՕ առաքելություն ուղարկել ԼՂ հարակից շրջաններ և Ադրբեջանի կողմից հարուցած բազմաթիվ խոչընդոտների հետևանքով այդ այցը չի կայացել մինչ այժմ։ Բայց հիմա էլ ավելի է պահանջված այդ առաքելությունը։ Այսօր խոսել ենք այդ մասին։ Պարոն նախարարը անկեղծորեն ցանկություն հայտնեց միջամտել և իր ներդրումն ունենալ այդ կարևոր գործում՝ ապահովելով, որ հայկական մշակութային և հոգրոր ժառանգության պահպանումը և մատչելիությունը դեպի այդպիսի վայրեր»։

Պետեր Սիյարտոն առաջին անգամ է Հայաստանում, թեև Հայաստանի և Հունգարիայի մի շարք պաշտոնյաների փոխայցելություններ են տեղի ունեցել վերջին շրջանում։ Հունգարիայի արտգործնախարարը քրիստոնեությունն ընդգծել է որպես Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հիմք։

««Մենք կառուցում ենք համագործակցություն, որը կծառայի երկու ազգերին և երկրներին։ Կան ընդհանուր հիմքեր։ Օրինակ՝ քրիստոնեական արմատները։ Մենք՝ հունգարացիներս, հպարտությամբ ենք ասում, որ քրիստոնեությունը 1000 տարուց ավելի մեր պետական ​​կրոնն է, հետո գալիս ենք Հայաստան, տեսնում ենք ձեր ժամկետները և անմիջապես ավելի համեստ ենք մեզ պահում»։

Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև կերաշխավորի այս տարածաշրջանում հաջորդ տարիների ընթացքում ամեն ինչ, կապահովի խաղաղ տնտեսական զարգացում, համոզված է Պետեր Սիյարտոն: Նախարարները առանձնազրույցում անդրադարձել են ինչպես Հայաստան–Հունգարիա հարաբերությունների հեռանկարին, այնպես էլ՝ տարածաշրջանային համագործակցությանն ու խոշոր ծրագրերին, ասում է Արարատ Միրզոյանը։

 «Քննարկել ենք նաև Հայաստանի և ԵՄ միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր։ Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանմանն ուղղված այլ տրամաբանության վրա կառուցված փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ աջակցության, կունենա իր դրական արդյունքը։ Այս համատեքստում քննարկել ենք տարածաշրջանային տարբեր ծրագրերին ՀՀ ներգրավվածությունը, մասնավորապես վկայակոչելով Հայաստանի վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի՝ հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությունը, որում նշվեց, որ հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է «Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը»»։

Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առումով Հայաստանի արտգործնախարարը ընդգծեց․ հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման, եթե միանշանակ լինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, և իրականացվի երկու երկրների սահմանների դելիմիտացիա 1991-ին Ալմաթիի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա: Պատահական չէ համարում, որ հենց այս ուղենիշներն են իրենց արտացոլումը գտել հոկտեմբերի 5-ին ընդունված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։

«Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ և երկարատև խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման, նաև այլատյաց քաղաքականության բացառում, քանզի մենք արդեն ականատես ենք եղել դրանց դրսևորումներին։ Ակնհայտ է, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է տարածաշրջանի բոլոր երկրների հանձնառություն և գործուն քայլեր և հրաժարում առավելապաշտական նկրտումներից»։

Պետեր Սիյարտոն Երևանում ստիպված էր անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման շուրջ ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերին։ Ըստ տեղեկությունների՝ հենց Հունգարիան էր արգելափակել այդ հայտարարության ընդունումը, ինչի արդյունքում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն տարածեց իր անունից։

Ըստ Պետեր Սիյարտոյի, սակայն, ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ մասնակից պետություններ մեկնաբանություններ և առաջարկություններ են արել համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն դրանց շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել։ Հունգարիայի արտգործնախարարի պնդումներով՝ իրենց դիրքորոշումն այս հարցում պարզ է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է հարկավոր:

Back to top button