ԿարևորՔաղաքական

Ներկայացրել ՀՀ-ի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Հնդկաստանի պատվիրակությանը, հայտնում են ԱԺ-ից:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը բազմակողմ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումն է Հնդկաստանի հետ, որն աշխարհի խոշորագույն և ամենադինամիկ զարգացող ժողովրդավար պետություններից մեկն է:

Փոխխոսնակը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որը մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա, և առանցքային դեր է խաղում մեր պետությունների միջև համագործակցության զարգացման գործում:

«Ազգային ժողովում գործող Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը, որը ես պատիվ ունեմ ղեկավարելու, ավանդաբար ամենամեծ խմբերից մեկն է: Ես լիահույս եմ Հայաստանի հետ բարեկամության խմբի ստեղծմանը նաև Հնդկաստանի խորհրդարանում, ինչը հիանալի հնարավորություն կընձեռի ակտիվ համագործակցության համար»,- նշել է Հակոբ Արշակյանը:

«Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, այդ թվում՝ պաշտպանության, մշակույթի, գիտության և կրթության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:

Հնդկաստանի պատվիրակության պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանը Հնդկաստանի համար առանցքային գործընկեր է՝ նշելով, որ կողմերի հարաբերություններն այսօր արտացոլում են հնդիկ և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Հնդիկ պատգամավորները նշել են, որ Մադրասում և Կալկաթայում են գտնվում հայկական եկեղեցիներ և կրթօջախներ: Առաջին հայկական տպագրությունն իրականացվել է Հնդկաստանում, նույնիսկ հնդկական առաջին ձայնային սկավառակի ձայնագրությունն իրագործվել է հայազգի դասական երգչուհու կատարմամբ:

Կողմերը կարևորել են նաև Հնդկաստանի ԱԳ նախարարի՝ պատմության մեջ առաջին անգամ այցն անկախ Հայաստան:

Հնդկաստանի պատվիրակության պատգամավորները շնորհակալություն են հայտնել 4000-ից ավելի հնդիկ ուսանողների համար Հայաստանում կրթության հնարավորության կապակցությամբ:

Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել հարաբերությունների զարգացման համար:

Հայկական պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը: 

Back to top button