ԿարևորՀասարակություն

Պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատողներն ինքնակամ ներառել են շինհրապարակներում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, պետության գույքային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով, ուսումնասիրություններ է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այն շինհրապարակներում, որոնք տևական ժամանակ ցանկապատված են և ընդգրկում են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ, այդ թվում՝ մայթեր, փողոցներ։

Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի թիվ 405-Ն որոշումների համաձայն՝ կառուցապատվող հողամասին հարող և շինհրապարակի սահմաններում ներառված հողամասը կառուցապատողին տրամադրվում է վարձակալության: Շինարարության թույլտվությամբ սահմանված սկզբնական, իսկ ժամկետի երկարաձգման դեպքում՝ երկարաձգված ժամկետում կառուցապատումը չավարտվելու դեպքում, վարձակալության պայմանագիրը Երևանի քաղաքապետի կողմից ենթակա է միակողմանի վաղաժամկետ լուծման: Կառուցապատողը պարտավոր է Երևանի քաղաքապետի պահանջով և սահմանած ողջամիտ ժամկետում վերականգնել մայթը:

Գլխավոր դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում առկա են բազմաթիվ տարածքներ, որտեղ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (մայթ, փողոց) կառուցապատողների կողմից ինքնակամ ներառվել են շինարարական հրապարակներում: Այդ տարածքների վերաբերյալ Երևանի քաղաքապետի և կառուցապատողների միջև վարձակալության պայմանագրեր չեն կնքվել, մի շարք դեպքերում շինհրապարակների տարածքներում տևական ժամանակ աշխատանքներ չեն իրականացվում, իսկ մայթերի և փողոցների՝ շինհրապարակներում ներառումը լուրջ խոչընդոտներ է ստեղծել քաղաքացիների շարժի և տրանսպորտային միջոցների երթևեկության համար:

Գլխավոր դատախազության առաջարկությամբ՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է՝

  • Արամի փողոցում՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի հետնամասում առկա շինհրապարակում, ներառվել են համայնքային սեփականություն հանդիսացող՝ 273.8 քմ մակերեսով հողամաս (մայթ) և 49.9 քմ մակերեսով հատված Արամի փողոցից, իսկ գույքի հանդիպակաց ուղղությամբ՝ 84.9 քմ մակերեսով համայնքային նշանակության հողատարածքը գտնվում է փորված վիճակում:
  • Աբովյան և Արամի փողոցների հատման խաչմերուկի հարակից շինարարական հրապարակում ներառվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր՝ ընդհանուր 139,8 քմ մակերեսներով:
  • Արամի և Տերյան փողոցիների հատման խաչմերուկին հարակից շինարարական հրապարակի տարածքում ներառվել է ընդհանուր օգտագործման փողոց՝ 23,3 քմ մակերեսով:
  • «Մոսկվա» կինոթատրոնի հանդիպակաց հատվածում առկա շինհրապարակի ցանկապատը տեղադրված է համայնքային սեփականության հողամասում՝ 212 քմ մակերեսով, ընդհանուր օգտագործման փողոցի տարածքում՝ 45,9 քմ մակերեսով, իսկ շինհրապարակի անցումը տեղադրված է ընդհանուր օգտագործման փողոցի տարածքում՝ 98,8 քմ մակերեսով: «Մոսկվա» կինոթատրոնի հարակից շինարարական հրապարակի ցանկապատը տեղադրված է համայնքային սեփականության հողամասում՝ 502,4 քմ մակերեսով:

Դատախազության կողմից կատարված հարցումներով՝ վերոնշյալ տարածքների՝ ճարտարապետաշինարարական նախագծով առանձնացնելու և կառուցապատողների հետ վարձակալության պայմանագրեր կնքելու, համայնքային հողերի զավթման փաստերով կառուցապատողներին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել:

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև օրենքի խախտմամբ փորված փոսորակներ (փոսեր), որոնց վերաբերյալ առկա չեն անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթեր:

Երևան քաղաքում շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժման ոչ իրավաչափ սահմանափակումը վերացնելու, կառուցապատողների կողմից ինքնակամ զավթված՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ազատելու և նախկին տեսքի բերելու, հողամասերն ինքնակամ զավթած կառուցապատողների նկատմամբ վարչական պատասխանատվության համապատասխան միջոցներ կիրառելու, ինչպես նաև Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման պահանջների պատշաճ կատարումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով՝ Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Երևանի քաղաքապետին:

Back to top button