ԿարևորՀասարակություն

Գերմանական Կարմիր խաչի պատվիրակության հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության համատեղ ծրագրերին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության պատվիրակությանը՝ ղեկավար Բարբարա Բոշի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ուղղություններին, մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման գործընթացում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ Հայաստանի համար այս դժվարին ժամանակահատվածում այցելելու և հայ ժողովրդի կողքին լինելու համար։ Նախարարը նաև բարձր է գնահատել կազմակերպության հետ ձևավորված երկարատև համագործակցության դերը և վստահություն հայտնել, որ առաջիկա համատեղ աշխատանքները ևս կլինեն նույնքան արդյունավետ։

Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին՝ Նարեկ Մկրտչյանը մանրամասնել է նաև այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Վերջինիս խոսքով՝ տեղահանված անձանց՝ ՀՀ մուտք գործելու առաջին իսկ օրերից ԱՍՀ նախարարության առաջնահերթություններից է եղել արագ և արդյունավետ արձագանքել հայրենակիցների առաջնային կարիքներին։ Այս նպատակով գործարկված հարթակների միջոցով գույքագրվել են տեղահանված անձանց կարիքներն ու աջակցություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների ռեսուրսները։

Նախարարը նաև խոսել է ԼՂ-ից բռնի տեղահանված խոցելի խմբերին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, միայնակ տարեցներին, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրվող ծառայությունների մասին՝ նշելով, որ վերջիններս շարունակում են անհրաժեշտ խնամք ստանալ նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններում։

Բարբարա Բոշը ևս ընդգծել է նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ պատրաստակամ են անհրաժեշտ ջանքեր ներդնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության գործընթացում։ Պատվիրակության ղեկավարը խստորեն դատապարտել է ԼՂ-ից անձանց բռնի տեղահանումը և ասել, որ այն խախտում է մարդու իրավունքները։ Բարբարա Բոշը նաև նշել է, որ մեծագույն հարգանք է տածում ՀՀ կառավարության և հայ ժողովրդի նկատմամբ՝ տեղահանված անձանց աջակցելու և առկա մարտահրավերներին պատշաճ դիմակայելու համար։

Back to top button