ԿարևորՄշակույթ

«Շնորհակալություն երիտասարդ սերնդին»․ Ֆրանսիայի մշակույթի նախարարը գրառում է կատարել Կինոյի տանը

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ, Կինոյի տանը հանդիպել է ֆրանկոֆոն ֆիլմերի սիրահար հայ ուսանողների, երիտասարդ ռեժիսորների և կինոոլորտի այլ ներկայացուցիչների հետ։

Ուսանողների հետ հանդիպմանը երկու երկրների նախարարներն անդրադարձել են մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված հետագա ծրագրերին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մշակույթը երկու երկրների հարաբերությունների պատմական հենքն է, և համատեղ ծրագրերը լինելու են շարունակական։

Ֆրանսիայի պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել նաև դերասան Սիմոն Աբգարյանը: Անվանի դերասանը նախ հայերենով ողջունել է «Ֆրանսիական դրամատիկական արվեստանոցի» ուսանողներին, ապա ընդգծել՝ հայրենիքում ինքը նոր զգացողություններ է ունեցել. «Շատ հուզված եմ այս հանդիպման առթիվ: ձեր միջոցով շատ բաներ սովորեցի այստեղ, դա իմ մեջ նոր հույզեր ու էմոցիաներ արթնացրեց: Թատրոնն, ինքնին, մի երկիր է, և այդ երկիրը պետք է սիրել, գուրգուրել ու ծառայել նրան՝ առանց ակնկալիքների: Դա անելու լավագույն ձևը ամբողջովին նվիրվելն ու փոխարենը ոչինչ չսպասելն է»:

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի մշակույթի նախարարը գրառում է կատարել Կինոյի տան պատին. «Շնորհակալություն երիտասարդ սերնդին, որը նոր շունչ է հաղորդում ֆրանս-հայկական բարեկամությանը։ Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ»։

Back to top button