ՀՀ ժողովրդական նկարիչ Յուրի Պետրոսյանը Երևանի Ազատության հրապարակում տեղադրված Արամ Խաչատրյանի, Օղակաձև զբոսայգում տեղադրված ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանների հեղինակն է։ Նրա աշխատանքները պահվում են Մոսկվայի Տրետյակովյան, Հայաստանի, Ռիգայի և այլ պատկերասրահներում ու թանգարաններում։ Նրա գերդաստանում երեք սերունդ զբաղվում է նկարչությամբ։
1915 թվականի Եղեռնից մազապուրծ շատ մշեցիներ ու սասունցիներ հաստատվեցին ոչ միայն Հայաստանի շրջաններում, այլև հենց Երևանում։ Օրինակ՝ Տերյան 59 հասցեում, որտեղ այդ տարիներին առանձնատներ կային, հաստատվել էին Պետրոսյանները, որոնց հարևանությամբ էլ ապրում էր այդ ժամանակ արդեն հայտնի քանդակագործ Երվանդ Քոչարը։
Քոչարի ընտանիքի հետ հետագա մտերմությունը նշանակալից դեր ունեցավ երիտասարդ Յուրի Պետրոսյանի գեղագիտական հայացքների ձևավորման վրա։ Յուրիի հայրը՝ Գուրգենը, դեկորացիաների հիանալի վարպետ էր «Հայֆիլմ»-ում։ Սակայն Երկրորդ Համաշխարհային պատերազմում նա զոհվել էր և Յուրին չէր տեսել հորը, մեծացել էր միայն մոր խնամքի ներքո:
Այդ ժամանակաշրջանի դերասաններից Խաչատուր Աբրահամյանը Յուրիի հորեղբայրն է։ Նա հետևում էր Յուրիին և նկատում է, որ նա հատուկ հետաքրքրություն ունի քանդակի նկատմամբ։ Տղան արտանկարներ էր անում՝ համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներից, այդ թվում նաև Միքելանջելոյից։ Այս ամենը տեսնելով՝ հորեղբայրը նրան խորհուրդ է տալիս հաճախել քանդակի խմբակ։ Աստիճանաբար Յուրին հստակ նպատակ դրեց՝ ընդունվել Գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը։
Բնական է, որ շատ նպատակասլաց Յուրին պիտի հետաքրքրություն ունենար իր հանրահայտ հարևանի նկատմամբ, ուշադրություն դարձներ նրա հագուկապին, շարժուձևին, աշխատանքային հմտությանն ու ոճին։ Հայտնի քանդակագործի որդու հետ շփումը թույլ տվեց հաճախ լինել նրա արվեստանոցում: Շուտով Յուրիի համակուրսեցին նրան ծանոթացրեց դեռևս դպրոցական մի համեստ աղջկա՝ Գայանեի հետ, որը մինչ օրս նրա կյանքի ընկերն է։
Քսանչորս տարեկանում Յուրին արդեն մասնակցում էր հանրապետական ու միջազգային ցուցահանդեսների, և այդ տարիներին էլ անդամակցեց Նկարիչների միությանը։ Աշխատանքները գրավեցին արվեստասեր հասարակությանը և արժանացան արվեստագետների ու արվեստաբանների ուշադրությանը:
Քանդակագործի դուստրը նկարչուհի Աննա Պետրոսյանն է, որը Նկարիչների միության անդամ է, դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում։ Իր արվեստում հայրիկի պես ազնիվ է։ Սկսել է նկարել մանկությունից, իսկ քույրը՝ Արաքսին, հաճախ հոր նկարիչ ընկերներին ցույց էր տալիս Աննայի նկարները՝ պատմում է հայրը։
Աննան շատ ցուցահանդեսների է մասնակցել, իսկ հայրիկի հետ մասնակցելը նրա համար պատիվ էր և հպարտություն։
Յուրի Պետրոսյանի թոռնուհին՝ Դիանան, հպարտությամբ է լցվում, երբ ընկերների հետ քայլում է այն փողոցներով, որտեղ պապիկի ստեղծած արձաններն են կանգնած։ Նա երազում է այն օրվա մասին, երբ իր մասին էլ կխոսեն, երբ ինքն էլ հայտնի ճարտարապետների շենքերի կողքին կստեղծի ժամանակակից շենքեր, որոնք նույնպես պատմություն կունենան։