Մոռացված ֆիլմերի ստվերները

Երկու ճանապարհի պատմություն. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Կինոյի պատմությունը թերթելիս հաջողությունների էջերում ժամանակ առ ժամանակ երևում են ծալքերում  ծվարած մոռացված ֆիլմերի, ռեժիսորների, սցենարիստների ու դերասանների անուններ։ Անուններ, որոնք թիկունքում ունեն հետաքրքիր պատմություններ, ապրեցնող հուշեր, որոնք երբեմն պահանջում են հետ շրջել ժամանակի անիվը։

Երկու հերոսուհի ունի այսօրվա մեր հաղորդումը, որոնց կյանքը շատ թելերով կապվում է հայկական կինոյի հետ։ Առաջին հերոսուհուն  հայկական ֆիլմերի հանդիսատեսը շատ լավ է ճանաչում։ Շատերը համակրանքով են հետևել «Հեղնար աղբյուրի» Մանանին, տղամարդիկ սիրահարվել են «Հայրիկ» ֆիլմի Մայաին, կանայք քննարկել են նրա մարմնավորած համարձակ հերոսուհուն՝ «Ճանապարհին» ֆիլմում։ Միմյանցից տարբեր այդ հերոսուհիներին սակայն մարմնավորել է նույն ինքը՝ թատրոնը, կինոն, բեմն ու առհասարակ, մարդկանց շատ սիրող Կարինե Քոչարյան-Սուքիասյանը։

1970-ականների հայկական կինոյի ամենահմայիչ դերասանուհիներից էր Կարինե Քոչարյանը։ Հանգամանքների բերումով հայրենիքում ընդհատվեց նրա մասնագիտական ճանապարհը, բայց աշխարհի մեկ այլ ծայրում ստեղծագործական դաշտը դարձյալ դեպի իրեն ձգեց երիտասարդ դերասանուհուն։ Իսկ ամեն ինչ սկսվեց պատանեկան երազանքից, որին հետևելով նա գնաց  Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ և հայտնվեց Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ Ուսանողական տարիները շրջադարձային եղան Կարինե Քոչարյանի  և՛ մասնագիտական, և՛ անձնական կյանքում ։

Կարինե Քոչարյան

«Ուսումս ավարտելուց հետո, թեև Վարդան Աճեմյանը ինձ հրավիրեց մայր թատրոն աշխատելու, բայց քանի որ ես վաղ տարիքում՝ 19 տարեկանում, ամուսնացել էի իմ համակուրսեցի՝ Վլադիմիր Քոչարյանի հետ, ես նրա հետ մեկնեցի Գյումրի, որտեղ նա պիտի բեմադրեր իր դիպլոմային աշխատանքը, որից հետո մենք մնացինք և մեր աշխատանքային գործունությունը սկսեցինք Գյումրու դրամատիկական թատրոնում»,-պատմում է Կարինե Քոչարյանը։ 

Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմում  երիտասարդ Կարինեն կերտեց Մայաի կեպարը, որը Մհեր Մկրտչյանի կոկորդով մեկ բարձրաձայն կանչերով, հայտնվում էր ծննդատան վերին հարկերի պատուհաններից մեկում։ Գեղեցիկ արտաքինով,  հայկական մեծ աչքերով դերասանուհուն սիրեցին և հիշեցին հազարավոր կինոդիտողներ։

««Հայրիկ» ֆիլմի էկրան բարձրանալուց հետո շատերը ինձ փողոցում տեսնելիս բղավում էին՝ Մայա։ Այսինքն ինձ սկսեցին ճանաչել այդ կերպարով»,-ասում է Կարինե Քոչարյանը։

Վերջին երեսուն տարին Նյու-Յորքում բնակություն հաստատած Կարինե Քոչարյանը հաճախ է վերադառնում հայրենիք, քայլում երևանյան փողոցներում, բայց, ցավոք, այլևս չի լսում պատահական անցորդների հաճոյախոսությունները, որ նրան ստիպում էին շրջվել ու  ժպտալ։

Ափսոսանքի համանման զգացողությամբ, երևանյան փողոցներում զբոսնում է նաև մեկ այլ շնորհալի դերասանուհի՝ Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմերում  տարբեր կերպարներ մարմնավորած Ջուլյա Ավագյանը, որը սակայն, ի տարբերություն մեր հաղորդման առաջին հերոսուհու, պատահաբար էր հայտնվել  կինոյում։

Կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի՝ «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմը ոչ միայն նորույթ էր հայկական կինոյում, այլև կոտրեց բազմաթիվ կարծրատիպեր։ Դրանցից մեկը օրինակ, ռեժիսորը կարծում էր, որ կինոյում դեր ստանձնելու համար դերասանական կրթությունը պարտադիր չէ։

Դրա  ապացույցը նա համարում էր կոնսերվատորիական կրթությամբ կինո մուտք գործած Ջուլյա Ավագյանի օրինակը։ Բարձրագույն երաժշտական կրթություն ստանալուց հետո Ջուլյան մտմտում էր նոր մասնագիոտթյուն ձեռք բերելու մասին։ Երևանյան սրճարաններից մեկում կինոռեժիսոր Հակոբ Իսկուդարյանի հետ պատահական հանդիպումը գլխիվայր շրջեց նորավարտ դաշնակահարուհի Ջուլյա Ավագյանի մասնագիտական կյանքը՝ նրան տանելով կինոյի կախարդական, և միևնույն ժամանակ ինտրիգներով հարուստ, աշխարհ։

Ջուլյա Ավագյան

«Եթե Հակոբ Իսկուդարյանը ինձ չնկատեր սրճարանում  բնականաբար ես չէի հայտնվի նկարահանման հրապարակում։  Նա իմ կնքահայրն է կինոյում։ Ֆրունզե Վաղինակիչի հետ ծանոթանալուց հետո, նա մի առաջադրանք ինձ տվեց, ընթերցել արձակ ստեղծագործությունից մի հատված։ Ես շատ իմիջայլոց  ընթերցեցի այդ հատվածը, և Դովլաթյանը չհավանեց, բայց Հակոբը անդրդվելի էր և համառորեն շարունակեց ինձ հետ պարապել։ Եվ  հասավ նրան, որ ես «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմում  հաստատվեցի Անահիտի դերում»,-նշում է Ջուլյա Ավագյանը։  

Ջուլյա Ավագյանի համագործակցությունը Ֆրունզե Դովլաթյանի հետ չսահմանափակվեց միայն  «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմով։ Դովլաթյանի նկարահանած հաջորդ՝ «Մենավոր ընկուզենի» ֆիլմում նա մարմնավորեց ամուսնուն կորցրած Գայանեին, որին համառորեն սիրահետում էր գյուղի ամուրիներից մեկը՝ Ռազմիկը։ Երևանից վերադարձող Ռազմիկի և իր տան բակում լվացք անող Գայանեի հանդիպման տեսարանը կհիշեն շատերը, բայց նրանցից քչերին է հայտնի, որ Ռազմիկի դերակատար Արմեն Ջիգարխանյանի հետ նկարահանման հրապարակում հայտնված Ջուլյա Ավագյանը ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել հուզմունքը։

«Երբ ես նկարահանման հրապարակում հանդիպեցի Արմեն Ջիգարխանյանին, ինձանից անկախ սկսկեցի մտածել, որ նկարահանվում եմ մեծ դերասանի հետ և այդ մտքից մի տեսակ կաշկանդվեցի այն աստիճան, որ չէի կարողանում արտաբերել սցենարով նախատեսված «Բարև Ռազմիկ» բառակապակցությունը։ Մի քանի անհաջող կրկնակ նկարահանելուց հետո Ֆրունզե Դովլաթյանը նյարդայնացած վերցրեց  բարձրախոսը և ասաց․ «Ջուլյա, չես կարողանո՞ւմ երկու բառ արտաբերել»։ Այդ պահին Արմեն Ջիգարխանյանը միջամտեց ասելով՝ Ջուլո, արի էսպիսի մի բան անենք, դու բղավում ես բարև Գայանե, ես էլ պատասխանում բարև Ռազմիկ, ու բոլորը այդ թվում նաև ես սկսեցինք ծիծաղել և դա օգնեց ինձ հաղթահարել հուզմունքը և հունի մեջ ընկնել»,- ծիծաղելով պատմում է Ջուլյա Ավագյանը։ 

Այս երկու պատմությունները ունկնդրից տարբեր արձագանքներ կարող են ստանալ, բայց այլ հանգամանքների պարագայում բոլորովին այլ ընթացք կարող էր ստանալ մեր հերոսուհիների ստեղծագործական ճանապարհը։ Սրանք կենսագրություններ են, որ անկատար ծրագրեր, կոտրված երազանքներ են պարփակում և որ նույնպես ապրում են մոռացված ֆիլմերի ստվերներում։

Back to top button