Գերդաստաններ

Վիրաբուժությունը՝ անթերի ասեղնագործություն․ Սարգսյաններ. «Գերդաստաններ»

Ռաֆայել Սարգսյանը զգալի ներդրում է ունեցել Հայաստանում ուռուցքաբանության զարգացման  գործում, 88 գիտական աշխատանքների հեղինակ է, նրա գիտական աշխատանքների  մեծ մասը վերաբերում է փափուկ հյուսվածքների և սարկոմաների բուժման արդյունավետությանը Որդուն փոխանցել է, որ վիրաբուժությունը նաև նրբին  ձեռագործություն է, ոսկերչական աշխատանք, որդին էլ աշխատում է այս պատգամին հավատարիմ։

19-րդ դարում Կոստանդնուպոլսում շատ հայ զինագործներ կային։ Սակայն նրանք նաև վախ էին ներշնչում Օսմանյան իշխանություններին, որոնք գիտակցում էին, որ օրերից մի օր հայերը կապստամբեն իրենց անկախության համար և կօգտագործեն իրենց իսկ ստեղծած զենքերը։ Այդ պատճառով հայ զինագործները հետապնդվում էին։ Այդ հայտնի զինագործներից էր Մովսես Ղարիբյանը, որը հետապնդումների պատճառով ստիպված փոխել էր ազգանունը և դարձրել Մովսիսյան՝ ի պատիվ իր նախնիների։

Որոշ ժամանակ անց ընտանիքի հետ նա հեռանում է Պարսկաստան։ Գերդաստանի անդամները կրկին զբաղվում են զինագործությամբ, սակայն այստեղ էլ սկսում են հետապնդումները, և նրանք դարձյալ ստիպված են լինում փոխել իրենց ազգանունը և այս անգամ վերցնում են Սարգսյանը։

Սրանից հետո վերջնականապես գաղթում են Հայաստան։ Նրանց թվում էր Գուրգենը՝ մեր  այսօրվա հերոսի՝ հայտնի ուռուցքաբան, վիրաբույժ Ռաֆայել Սարգսյանի հայրը։ Նա  բնակություն է հաստատում Հացավանում։

Ռաֆայելը  թեպետ բժշկի ընտանիքում չէր մեծանում, սակայն հետաքրքրություն էր ցուցաբերում անատոմիայի նկատմամբ և իր հղկած սուր գործիքների միջոցով երբեմն, բացում էր գորտերի որովայնը, ուսումնասիրում, պատկերացում կազմում։ Թեպետ հաճախ նրա  արարքը քննադատության էր ենթարկվում հարևանների կողմից, սակայն այդ մանկական գործողությունները հետագայում տալիս են իրենց արդյունքը։ Ռաֆայելը դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվում է Բժշկական ինստիտուտ։

1960-ական թվականներին, երբ Ռաֆայելը մեկնում է բանակ, զբաղվում է բժշկությամբ, աշխատում որպես բժիշկ։ Մասնագիտական իմացությամբ  երիտասարդն այստեղ շահում է սպաների համակրանքը։

Բանակում ծառայելուց հետո Ռաֆայել Սարգսյանը վիրաբուժական աշխատանքի է անցնում Վանաձորում, որտեղ առաջին իսկ օրերից ավելի է համոզվում, որ մասնագիտական ճիշտ ընտրություն է կատարել։

Մեծ է Ռաֆայել Սարգսյանի դերը Հայաստանի ուռուցքաբանության զարգացման գործում։ Նա բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է ու համահեղինակ։ Առաջարկել է նոր տարբերակներ՝ սարկոմաների բուժման հետ կապված։

Կինը՝ Լալան, այնքան էլ չէր ուզում, որ որդին բժիշկ դառնա՝ աչքի առաջ ունենալով  ամուսնու ծանր աշխատանքը։ Սակայն Ռաֆայելը, երբեմն տեսնելով որդու ձեռագործ   թաշկինակները և անսահման բարությունը, հավատում էր, որ նա լավ մասնագետ կդառնա։

Հայկը երախտապարտ է հայրիկին ոչ միայն մասնագիտական պատրաստվածության, այլև կարգապահության ու աշխատասիրության համար։

Back to top button