ԿարևորՀասարակություն

Կարողությունների զարգացման դասընթաց՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները հոկտեմբերի 25-27-ը Երևանում կմասնակցեն կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի, որը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացին 22 աշակերտ է մասնակցում ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից:

Դասընթացի մեկնարկին ընդառաջ մասնակիցների հետ հանդիպել և նրանց ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով աշակերտական խորհրդի դերակատարությունը կրթական համակարգի արդիականացման համատեքստում:

«Ձեզ հետ շփումն ուժ և էներգիա է փոխանցում մեզ՝ խնդիրների լուծման ուղղությամբ ակտիվ աշխատելու, կրթական համակարգն ավելի արդյունավետ դարձնելու առումով: Այդ գործընթացում շատ ենք կարևորում ձեր՝ շահակից ամենակարևոր խմբերից մեկի դերը: Դուք ներկայացնում եք մեր երկրի աշակերտների ձայնը. շատ կարևոր է, որ համառորեն հետամուտ լինեք խնդիրների լուծմանը, ձեզ մտահոգող հարցերի բարձրաձայնմանը, որոնք ինքներդ եք նկատում և լսում ձեր դասընկերներից, հասակակիցներից»,- նշել է Արաքսիա Սվաջյանը և խորհրդի մասնակիցներին հորդորել ակտիվ լինել:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ աշակերտների կողմից ստացված ազդակները ոլորտի պատասխանատուներին ուղղորդելու են արագ արձագանքման և խնդիրների լուծման տեսանկյունից. «Վստահ եմ՝ սա ձեզ համար շատ մեծ փորձառություն է՝ որպես առաջնորդներ ձևավորվելու և զարգանալու համար,- նշել է նախարարի տեղակալը և շարունակել,- Դուք պաշտպանում եք ոչ միայն ձեր անձի, այլև աշակերտական համայնքի իրավունքները: Հետևաբար, շատ կարևոր է, որ գիտակցեք այն պատասխանատվությունն ու պարտականությունները, որոնք ունեք որպես սովորողներ: Հիմա մենք կրթական բարեփոխումների շրջափուլում ենք, ու եթե դուք դպրոցներում որևէ դրական փոփոխություն նկատեք ու այդ մասին բարձրաձայնեք, մեզ ուժ և հավատ կտաք, որ ընթանում ենք ճիշտ ճանապարհով: Նույն կերպ՝ կարևոր է առողջ քննադատությունը, ուստի խնդրում եմ շատ ուշադիր լինել և նկատել դպրոցի ու ձեր հասակակիցների առաջնային խնդիրները»:

Արաքսիա Սվաջյանը նաև շնորհակալություն է հայտնել «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության գործընկերներին՝ նմանօրինակ դասընթացի նախաձեռնման համար և ընդգծել աշակերտների կարողությունների, վերլուծական և համագործակցային հմտությունների զարգացման կարևորությունը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ դասընթացը կնպաստի նաև մասնակիցների անձնային հատկանիշների զարգացմանը:

«Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի» ղեկավար Մարիամ Մարտիրոսյանի խոսքով՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում իրականացվող դասընթացը կազմակերպվել է՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի դերը ևս մեկ անգամ արժևորելու և կարևորելու նպատակով:

«Գիտակցում ենք, որ ձևավորվել է հանրապետական նշանակության շատ կարևոր կառույց, և դուք մեր մեծ գործի շատ կարևոր մասն եք: Դուք ձեր համայնքների պատվիրակներն ենք, իսկ մենք այս ծրագրի ու մեր մասնագիտական ներուժի շրջանակում պետք է աջակցենք, որ դուք ավելի գործուն, կենսունակ և արդյունավետ խումբ դառնանք: Հուսով ենք՝ սա լինելու է գիտելիքի, հմտությունների փոխանակման բաց և ազատ հարթակ: Երիտասարդները մեր երկրի զարգացման հենարանն են, այնպես որ պետք է հենվենք մեկս մյուսի վրա և նմանօրինակ հանդիպումները դարձնենք շարունակական»,- նշել է Մարիամ Մարտիրոսյանը:

Կարողությունների զարգացման դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:

Back to top button