ԿարևորՔաղաքական

Կանադայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը:

Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են Հիշողության պուրակում, որտեղ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին ջրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի 2018 թ. տնկած արծաթափայլ եղևնին:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին է նվիրել Հայոց ցեղասպանության մասին գրքեր:

Մելանի Ջոլին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կքննարկի Կանադայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։

Նախատեսված է, որ պաշտոնյան պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը։

Back to top button