ԿարևորՎերլուծական

Մոսկվան զգուշացնում է, Վաշինգտոնը չի թերագնահատում, բայց չի էլ վստահում

Առաջիկա ամիսներին կտեսնենք «3+3» ձևաչափի ինստիտուտուցիոնալ կայացմանն ուղղված քայլեր՝ կարծում են փորձագետները՝ վերլուծելով Թեհրանում կայացած հանդիպման արդյունքները։ Ամենակարևոր ամրագրումը համարում են հանդիպման արդյունքներով ընդունված փաստաթղթում տարածքային ամբողջականության ու  սահմանների անխախտելիության կարևորությունն ընդգծող դրույթը։

Ուշագրավ են համարում նաև Թեհրանում հնչած որոշ հայտարարություններ։ ՌԴ արտգործնախարարը, մասնավորապես, խոսելով եվրոպական հարթակներում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, նշել է, որ Ռուսաստանը դրանց դեմ չէ, բայց կողմերը պետք է հիշեն, որ սահմանազատման հարցերը քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում՝ խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները, միայն Ռուսաստանի Դաշնության ձեռքում են։  

Թեհրանում «3+2» ձևաչափով կայացած հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունն ունիվերսալ ձևական ձևակերպումներ է պարունակում՝ կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Փաստաթղթում ամենաէականը համարում է այն կետը, որն ամրագրում է վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա մարդու իրավունքները հարգելու կարևորությունը։

«Ընդհանրական ձևակերպումներ էին, այս հայտարարությունը կոնկրետ խնդիրների լուծման մասին չէր, այլ այն մասին, թե ինչ սկզբունքներով պետք է աշխատի այս ֆորմատը։ Շատ ավելի էական էր այն, որ փաստացի կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, այդ մեծ խաղացողների միջև կոնսենսուս կա, որ ռեգիոնալ հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային համատեքստում, ինչն ամենակարևոր արձանագրումն էր երեկվա հանդիպման։ Առաջիկա ամիսներին կտեսնենք «3+3» ձևաչափի ինստիտուցիոնալ կայացման ուղղությամբ քայլեր»։

Սուրենյանցը համոզված է, որ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանը նույնպես կմասնակցի այդ հանդիպումներին։ Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը տրամագծորեն հակառակ կարծիքի է «3+3» ձևաչափով հանդիպման մասին։ Վերապահումները սկսվում են անվանումից։

«Այդտեղ ռասիստական դիսկուրս կա․ այսինքն՝ երեք խոշորները և երեք փոքրեր։ Ինչո՞ւ ոչ վեցնյակ։ Դա մեզ ոչինչ չի տալու, բայց ՀՀ-ն,  մասնակցելով դրան, ցույց  է տալիս, որ պատրաստ է նաև տարածաշրջանի պետությունների մակարդակով աշխատել, ինչը նորմալ է, ՀՀ-ն ճիշտ է անում։ Սակայն այդ հարթակում տարածաշրջանի անվտանգություն, խաղաղություն, պետությունների միջև փոխգործակցություն եզրերի բարձրացում հնարավոր չէ սպասել, քանի որ այդտեղ կան պետություններ, որոնք չեն հարգում այլ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ամեն տեղ խախտում են իրենց իսկ ստանձնած պարտավորությունները»։

Թեհրանյան հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ  ղարաբաղյան հակամարտությունը «մեծ հաշվով լուծված է», իսկ եվրոպական հարթակների մասին խոսելով՝ շեշտել է, որ «Ռուսաստանը դեմ չէ այն շփումներին, որոնք հայերն ու ադրբեջանցիները օգտակար են համարում»։

«Բայց փորձագետները լավ գիտեն, որ սահմանազատման հարցերը քննարկելու և համաձայնեցնելու համար անհրաժեշտ ամեն ինչ, այդ թվում՝ խորհրդային ժամանակներից մնացած քարտեզները, գտնվում են միայն Ռուսաստանի Դաշնության ձեռքում։ Գործընկերները դա հասկանում են: Մենք չենք փորձում մեծ խնդիր սարքել դրանից: Եթե ցանկություն ունեն, թող իրենց «բախտը փորձեն» Բրյուսելում։ Բայց մենք միշտ պատրաստ ենք իրական օգնություն ցուցաբերել գործնական սահմանազատումը սկսելու հարցում»։

Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ ՌԴ արտգործնախարարը թափանցիկ ակնարկ է անում։

«Լավրովը հասկացրեց, որ առանց ՌԴ-ի հնարավոր չէ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, առավել ևս դելիմիտացիայի ու դեմարկացիայի անցկացում։ Ուզում է ասել՝ ԵՄ-ն չունի այդ գործընթացը վերահսկելու, ռիսկերը կառավարելու գործիքակազմ։ Մի քիչ ըմբոստ կամ հանդուգն ոճով , բայց  ռուսական նարատիվի շրջանակում տեղավորվող ձևակերպում է»։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը քարտեզների առումով հակադարձում ունի։

«Ես գիտեմ, որ այդ քարտեզները միայն իրենց մոտ չեն, կան այլ պետություններ, որոնք ևս ունեն Սովետական Ռուսաստանի Գլխավոր Շտաբի քարտեզները, և դրանք հասանելի են Հայաստանին՝ այլ պետությունների միջնորդությամբ»։ 

Չի ուշացել նաև ամերիկյան արձագանքը։ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերի գնահատմամբ՝ Վաշինգտոնը չի թերագնահատում, բայց չի էլ գերագնահատում թեհրանյան հանդիպումը։

«Մենք գիտակցում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը Իրանի և Ռուսաստանի հարևանության համատեքստում, սակայն, չթերագնահատելով հանդերձ այս երկրներին, վստահելի գործընկերներ չենք համարում»,- հայտարարել է Միլլերը շեշտելով նաև, որ ողջունում է ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը՝ անկախ հանգամանքից, թե որտեղ տեղի են տեղի ունենում բանակցությունները կամ ովքեր են  կհյուրընկալում դրանք։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպումից հետո հայտարարել է, որ «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, այնուհետև դրանք կշարունակվեն Երևանում ու Բաքվում։ Նա հույս է հայտնել, որ այդ ձևաչափով հաջորդ հանդիպումներին ներկա կլինի նաև Վրաստանը։

Back to top button