ԿարևորՀասարակություն

Աֆեյանների ընտանիքը $ 2 մլն կհատկացնի բռնի տեղահանված արցախցիներին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը եւ «Աֆեյան» հիմնադրամի համանախագահ Աննա Աֆեյանը հայտարարել են, որ 2 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն կհատկացնեն ավելի քան 100.000 տեղահանված արցախցիներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետեւանքով: Նվիրատվությունը կտրամադրի «Աֆեյան» հիմնադրամը, որը նախկինում եւս, միավորելով ջանքերն «Ավրորայի» հետ, աջակցել է արցախցիներին 2020 թվականի պատերազմից հետո: Այս վերջին ֆինանսական աջակցությունը կուղղվի մի քանի ոլորտների, այդ թվում՝ առաջնային կարիքների բավարարում, բժշկական եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինչպես նաեւ երկարաժամկետ կրթական հնարավորությունների ստեղծում:

«Արցախի ժողովրդին ամիսներ շարունակ ահաբեկել են, հարձակվել նրանց վրա իրենց իսկ տներում, իսկ հետո բռնի տեղահանել գիշերվա կեսին»,- ասվում է «Աֆեյան» հիմնադրամի հայտարարության մեջ։ «Յուրաքանչյուր փախստական արժանի է արժանապատիվ վերաբնակեցման Հայաստանում։ Քանի որ մոտենում է ձմեռը, հիմա է գործելու ժամանակը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր արդեն քայլեր են ձեռնարկել, եւ դիմում ենք համաշխարհային հանրությանը՝ համախմբվելու եւ ցուցաբերելու անհրաժեշտ օժանդակություն մարդասիրական այս ճգնաժամը հաղթահարելու համար»:

2020 թ. սեպտեմբերին՝ Արցախի դեմ ծավալված պատերազմից հետո, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իրականացրեց «Ավրորան՝ Արցախին» ծրագիրը՝ աջակցելով մարդասիրական լուրջ ճգնաժամի առաջ կանգնած տեղի բնակչությանը: Տեղահանված մարդկանց տրամադրվել է սնունդ, կացարան եւ հագուստ, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության պարագաներ ու կենսական նշանակության դեղորայք: Ծրագրի ընթացքում՝ մինչեւ 2023 թ. հունիս, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հատկացրել է 2.2 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելով տեղի եւ միջազգային 70 գործընկերների կողմից իրագործվող 93 նախագծի:

Back to top button