Վերնատուն

Արվեստի նոր տարածքներ կամ արտ–կլաստերներ՝ չբացված ցուցասրահների փոխարեն․ «Վերնատուն»

Ինչպե՞ս են ձևավորվում արվեստի տարածքները մեր օրերում, ի՞նչ նպատակներ են հետապնդում և ի՞նչ առաջարկներ են անում։ Արվեստագետ Մերի Մունը ու անկախ համադրող Թերեզա Դավթյանը խոսում են արվեստի նոր տարածքների ստեղծման հնարավորությունների մասին՝ սեփական փորձից ելնելով։

«Մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, որն էլ թելադրում է մեզ, թե ինչ անել։ Տնտեսական, քաղաքական և աշխարհագրական վիճակը թելադրում է, թե ինչպես ապրել, գոյատևել այսօր և ինչպես պետք է արվեստագետը ձևավորվի այսօր», – ասում է Մերին։

DDD Kunst House արվեստի նախագիծը ստեղծվել է համաճարակի շրջանում, որպես արվեստի տարածք ընդլայնվել Կուրորտաբանության և ֆիզիոլոգիայի ինստիտուտի տարածքում։

Նախագծի համահիմնադիր Թերեզա Դավթյանը պատմում է, որ այդ տարածքում մի շարք հետաքրքիր նախագծեր և ցուցահանդեսներ են իրականացրել, ասում է՝ հատուկ արվեստի տարածք ստեղծելու նպատակ չի ունեցել։

Արվեստագետ Մերի Մունը, Visual gap ցուցասրահի հիմնադիրն է, ցուցասրահն այժմ տեղափոխվել է նախկին Ժամացույցի գործարանի երրորդ հարկ, որտեղ կան արվեստագետի հիմնական պահանջներին հարմար պայմաններ՝ տարածություն և լուսավորություն։ Մերի Մունը պատմում է, որ նորաստեղծ արվեստի տարածքը բաց արվեստանոց է բոլոր այն արվեստագետների համար, ովքեր կարող են աշխատել համատեղ և համագործակցաբար, գաղափարներ կիսել, քննարկումներ զարգացնել, նաև ցուցադրել աշխատանքները։

«Այս տարածքում յուրաքանչյուրը կարող է ցուցահանդես ունենալ, այն հասանելի է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման, տարբեր սերնդի ու ազգի ներկայացոցիչների։ Շատ ուզում եմ, որ տեղային շուկան զարգանա, որ արվեստագետը աշխատի և արտադրի ինչ կարող է։ Սա արտ–կլաստեր է, որտեղ շատ օգտակար հանածոներ կան բոլոր արվեստագետների համար, այս տարածքները գալիս են լրացնելու այն բացը, քանի որ Հայաստանում արվեստագետների համար հանդիպման և ցուցադրվելու վայրեր՝ ցուցասրահներ, չձևավորվեցին»։

Back to top button