ԿարևորՎերլուծական

Չարհամարհել «3+3»-ը, բայց առաջ տանել հայկական մոտեցումը․ միջազգայնագետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում այսօր մասնակցում է տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակի հանդիպմանը։ Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկկողմ հանդիպումներ:

Հանդիպմանը մասնակցելու են նաև Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և  Ռուսաստանի արտգործնախարարները, իսկ Վրաստանը, ինչպես և նախորդ անգամ, այս անգամ էլ չի մասնակցի «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Փորձագետները հիմնականում դիտարկում են ոչ այնքան հանդիպման փաստռը, այլ այն հարցերի շրջանակը, որ պետք է քննարկվի Թեհրանում։

«3+3»-ը ոչինչ չի տա Հայաստանին, սակայն արհամարհել այդ հարթակը ևս պետք չէ, ասում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտոգրծնածարարների Թեհրանի հանդիպումից առաջ իրանական ԻՌՆԱ գործակալությունը հայտնել է, որ «3+3» ձևաչափի ձևավորման կարևորագույն նպատակը տարածաշրջանային խնդիրների լուծումն է, տարածաշրջանի երկրների մասնակցությամբ և առանց արտատարածաշրջանային և արևմտյան երկրների միջամտության: Վրացական կողմը արդեն շտապել է հայտարարել, որ հրաժարվում է այդ հանդիպումից։

Միջազգայնագետը «Ռադիոլուրի» հետ զրույցում հիշեցնում է, թե ինչ նպատակով էր 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել այս հարթակը Թուրքիայի նախաձեռնությամբ․

««3+3»-ի իմաստը ինչու՞մ է կայանում։ Որպեսզի երեք գերտերությունները զսպող կանխող դերակատարությամբ փոքր երկրների հետ փորձեն ընդհանուր հայտարարի գալով ստեղծեն որոշակի տնտեսական գոտի և քաղաքականություն վարել, այսինքն՝ այնպես անել, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակներ այլևս տեղի չունենան։ Ընդհանրապես, դա այն ձևաչափն է, որ Հայաստանին ոչինչ չի տալիս դրական իմաստով, բայց հարց է նաև՝ կարո՞ղ ենք մենք խուսանավել ու այսպես ասած արհամարհել այդ ֆորմատը, արդյո՞ք դա չի լինի այլ մարտահրավեր մեր կողմից։ Բացի դա ուշադրության է արժանի այն, որ Հայաստանին հրավերը տալիս է Իրանը, սա որոշակի սիգնալ է մեզ, որ Իրանն է անվտանգություն ապահովողը։ Այս ֆորմատում Հյաստանի շահերը վեր դասողը լինելու է ԻԻՀ»։

Դեռ 2021 թվականին ՀՀ վարաչպետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն դեմ չէ այդ հարթակում քննարկումներին, սակայն այդ ձևաչափը չպետք է ներառի հարցեր, որոնք արդեն համաձայնեցված են կամ քննարկվում են այլ հարթակներում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Ադրբեջանական լրատվամիջոցները սակայն նշում են, որ բացի տարածաշրջանային խնդիրներից, հանդիպմանը կքննարկվեն նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները։ Դավիթ Կարապետյանի կարծիքով պետք է մասնակցել «3+3»-ին՝ հասկանալու համար թե ինչ հարցեր են քննարկվելու այդ հարթակում։

Առաժմ հստակ օրակարգ չի հրապարակվել թեհրանյան հանդիպումից․ «Նման ֆորմատում, քանի որ տնտեսական բաղադրիչն է առաջնահերթ, հետևաբար ողջ տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակումն ու ենթակառուցվածքների շահագործումը միանշանակ լինելու է։ Տվյալ դեպքում որոշակի նաև պահանջ է լինելու։ Այսինքն, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ պահանջում են, գիտեք ինչ նկատի ունեմ՝ «Զանգեզուրի միջանց», այս պարագայում, որպես տնտեսական գործոն, այլ համատեքստում է արդեն ասվելու Հայաստանին, որ այդ ճանապարհները պետք է բացվեն ու շահագործվեն։ «3+3»-ի դեպքում Հայաստանին պարտադրվելու է այդ ճանապարհի բացումն ու շահագործումը»։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը այս հարցում հիշատակում է նաև 2020թ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ասում՝ որքան էլ մենք պնդենք, որ դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը և այդ հարցում ունենք հստակ ասելիք, այն է՝ որ դրանք պետք է շահագործվեն տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան, սակայն վերոնշյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ արդեն կա հստակեցում, թե ինչպես պետք է շահագործվի ճանապարհը․

«Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ ՀՀ-ը ռուսական ФСБ միջոցով պետք է թույլ տա ադբեջանի արևմտյան հատվածների ու Նախիջևանի ցամաքային կապը։ Այսինքն այնտեղ խոսք չկա տվյալ դեպքում ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու մասին։ Քանի այդ տողը, բառակապակցությունը բացակայում է այդ տեքստից Ալիևի լեզուն երկար է»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը համաշխարհային մեծ դիմակայություն շրջանակներում է դիտարկում «3+3»-ը։ Այն թուրքական կամ ռուս-թուրքական նախաձեռնություն համարելը նրա կարծիքով ավելի շուտ քարոզչական նախատիպ է, քան քաղաքական իրողության արտացոլում: Բադալյանը ֆեյսբուքի իր էջում հիշեցնում է, որ գուցե առաջին անգամ «3+3» արտահայտությունն արել է Թուրքիան, բայց Հայաստանը պետք է դատի քաղաքական մոտեցումների «փիլիսոփայությամբ», ոչ թե լոկ արտահայտություններով:

«Դա ունի մի պարզ վկայություն՝ դեռևս 44-օրյա պատերազմի օրերին է Իրանը հայտարարել, որ ռեգիոնալ կոնֆլիկտներն ունեն ռեգիոնալ լուծում, ու այդ «փիլիսոփայությամբ» առաջարկով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հատուկ բանագնաց Աբաս Արագչին 2020 թվականի հոկտեմբերի վերջին, այսինքն դեռևս շարունակվող պատերազմի օրերին այսպես ասած «շրջագայության» էր մեկնել ռեգիոնալ մայրաքաղաքներ»:

Ըստ վերլուծաբանի քաղաքական գործընթացներում, եթե ի վիճակի չես խաղալ առնվազն գերակա բոլոր գծերի վրա, ուրեմն դու խաղի շանս չունես առանձին վերցրած որևէ գծում, քանի որ այսօր չկան լոկալ պրոցեսներ, կա համաշխարհային մեծ դիմակայություն:

«3+2» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում, որին Թբիլիսին չէր մասնակցել հայտարարելով, որ չի համագործակցի Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ:

Back to top button