ԿարևորՀասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների համար սկսում ենք ֆինանսական աջակցության նոր ծրագիր. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության նոր ծրագրի մեկնարկի մասին:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր:

Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում, բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50-հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձինք և նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո:

Այսօր հումանիտար կենտրոնի ժամը 16:00-ի եթերում մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Առաջիկա օրերին կսկսենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակարանային ապահովման երկարաժամկետ աջակցության հարցերի քննարկումները, որոնք առավելագույնս համադրված կլինեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսվող նմանատիպ ծրագրերի հետ:

Հ.Գ. Հույս ունեմ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր գործունակ քույրերն ու եղբայրները առաջիկա երկու ամսվա ընթացքում Հայաստանում աշխատանք կգտնեն: Կառավարությունը, իհարկե, հնարավոր միջոցներով այս հարցում ևս կաջակցի նրանց»,- գրել է նա:

Back to top button