Երկրորդ շնչառություն

72-ամյա վաստակաշատ մանկավարժի առողջ ապրելակերպը, անսահման սերը՝ հայրենի բնօրրանին և սիրելի աշակերտներին․ «Երկրորդ շնչառություն»

Սևանում ու Գեղարքունիքի մարզում բոլորն են ճանաչում 72-ամյա Հակոբ Խաչատրյանին, նա 50 տարուց ավելի դպրոցում է աշխատում արդեն քանի սերունդ է կրթել ու վարակել առողջ ապրելակերպի իր բանաձևով:

Անձնագրում նշված թվից զատ Հակոբն այլ տարիք էլ ունի. «Եթե լողում եմ 25 տարեկան եմ, երբ վազում ու խաղում եմ էլի 25 տարեկան եմ»,- կատակում է ու ավելացնում, որ իրեն գոհ ու երջանիկ է զգում, երբ մարդկանց կարողանում է համոզել ու իր ընտրած ուղով տանել՝ առողջ ու ակտիվ կյանք:

Պատմում է, որ արթնանում է վաղ առավոտյան 6:00-ին, ամառ, թե ձմեռ լվացվում է սառը ջրով, ինչի շնորհիվ, երբեք չի մրսում, գրեթե չի հիվանդանում, անգամ կորոնավիրուսը շատ հեշտ է հաղթահարել, կատարում է առավոտյան նախավարժանք ու շտապում դպրոց:

«Ես երեխաներին շատ եմ սիրում, իրենք էլ ինձ են սիրում ու հարգում, ես դա եմ հասկացել այս 50 տարիների ընթացքում: Մի օր աշակերտներիցս մեկն հարցնում է՝ ընկեր Խաչատրյան, դուք քանի տարեկան եք: Ասում եմ, ինչո՞ւ, Յուրա ջան, պատասխանում է՝ ախր իմ տատիկին էլ եք դաս տվել: Ծիծաղում եմ, թե դե հարյուր տարեկան կլինեմ էլի»,- պատմում է ընկեր Խաչատրյանը:

Մարդկանց պարզապես օգտակար լինելն ու ձեռք մեկնելը նրան նույնպես ուրախություն է պատճառում, և այսօր էլ կոլեգաների հետ լծված են Արցախի Հանրապետությունում բռնի տեղահանված հայրենակիցների հնարավոր ամեն ինչով օգնելու գործին: 

Ամառային արձակուրդներին էլ հանգիստ չունի, կեսօրից հետո հանրային լողափ է շտապում, մեծ ու փոքր բոլորին լողալ է սովորեցնում ու կերուխումի սեղաններից կտրում, սիգարետն արգելելով կանչում լողափի վոլեյբոլի: Երիտասարդներին նա խորհուրդ է տալիս ընտրել առողջ ապրելակերպը, մարզական առօրյան ու սթափ կյանքը՝ զերծ մնալով վնասակար սովորություններից: Նա լավ գիտի՝ աղջիկներին ու կանանց դուր գալու ամենադյուրին ու փորձված մեթոդը ֆիզիկապես կոփված լինելն է: Վերելակներից չի օգտվում, միայն մեկ-մեկ Երևանում, եթե շենքը 16 և ավելի հարկ ունի, իսկ աստիճանները ցատկերով է բարձրանում և իջնում:

Հակոբ Խաչատրյանը մասնակցել է ՀՀ վարչապետի գավաթ լողի սիրողական մրցարշավին, բայց մրցանակային տեղ չի գրավել, ամբողջ կյանքն կտրած-անցած լիճը, բնականաբար, մրցույթի ժամանակ էլ անցել, բայց իր 72-ի կեսի չափ տարիք ունեցողների հետ նույն անվանակարգում մրցելը հաջողության շանսերը պակասեցնում է: Սպասում է լավ ժամանակների, որ 60-ից բարձր մասնակցողները շատ լինեն, ու ինքն անպայման լավագույնն է ճանաչվելու:

Սիրելի կնոջից հետո օտար ափերում ապրող զավակներից զատ, Հակոբի ամենամեծ սերն ու երջանկությունը հայրենի բնօրանն է՝ չքնաղ Սևանա ծովն ու Գեղամա լեռները:

«Սևանն ինձ համար կյանք է: Անցած տարի փետրվարին դահուկներով գնացի լիճ, այնքան արևոտ ու լավ եղանակ էր, ջրի ջերմաստիճանը 6 աստիճան, կարճ լողացա:  Իմ հոբբիներից մեկն էլ սարեր բարձրանալն է: Մայիսից սկսած բարձրանում եմ մեր գագաթը մոտ 2500 մետր բարձրությամբ, որտեղից երևում են ծովն ու Մասիսը, աննկարագրելի զգացողություն է, ինձ զգում եմ համայն տիեզերքի տիրակալը»,- իր երջանկությունն անկեղծ կիսում է Հակոբը՝ խոստովանելով, որ կարող է զավակների մոտ գնալ Ռուսաստան կամ ԱՄՆ, բայց իր երջանկությունը հայրենի հողում է:  

Չնայած անձրևին ու աշնանային եղանակին, այս ամիսն էլ՝ հոկտեմբերին, Երևանից եկած Սևանի իրական սիրահարների հետ լիճն են մտել ու վայելել։

Back to top button