ԿարևորՀասարակություն

2 մլրդ 260 մլն դրամ մարզպետարաններին՝ Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների լուծման համար

Կառավարությունն ավելի քան 2 մլրդ 260 մլն դրամ է հատկացրել մարզպետարաններին, հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Գումարները տրամադրվել են մի քանի ուղղությամբ՝ սննդի, հյուրանոցի/հյուրատան և կենցաղային առաջին անհրաժեշտության ամենատարբեր խնդիրները լուծելու համար:

«Այսօր մենք ունենք շուրջ 55 հազար և ավելի անձինք, որոնք ուղղորդվել են մեր համակարգերի կողմից դեպի կեցավայրեր, և ավելի քան 25 հազար մարդ, որոնք սեփական նախաձեռնությամբ գտել են իրենց ժամանակավոր կացության վայրը: Ուզում եմ շեշտադրել, որ նրանք բոլորը գտնվում են մեր ուշադրության և հոգածության ներքո, և բոլոր վարչական ղեկավարները աշխատում են այդ ուղղությամբ: Վարչական ղեկավարները ԱՍՀ նախարարության մեր գործընկերների հետ, մասնավորապես, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ, ամենօրյա ռեժիմով գնահատում են նրանց կարիքները, ինչպես նաև տանում են ընթացիկ հաշվառում, որովհետև պրոցեսը դինամիկ է»,- ասել է փոխնախարարը:

Մարդիկ արդեն հյուրանոցները և հյուրատները թողնում և տեղափոխվում են իրենց ընտրությամբ բնակության այլ վայրեր: «Առաջին օրը՝ 500 մարդ, երկրորդ օրը՝ 200 մարդ, այսօր մեզ մարզերից տեղեկացրել են, որ շուրջ 305 մարդ նորից տեղափոխվել է, ինչը դրական միտում է, որովհետև այս դեպքում մարդիկ իրենք են ընտրում իրենց կեցավայրը»,- նշել է նախարարի տեղակալը:

Back to top button