ԿարևորՀասարակություն

6 երկրների լրագրողները Սյունիքում ֆուտբոլ են խաղացել

Սյունիքի մարզկենտրոնում օրն այսօր ֆուտբոլային է եղել․ Կապանում առաջին անգամ անցկացվել է «Սյունիքի գավաթ-2023» լրագրողական սիրողական ֆուտբոլային մրցաշարը։ Դրան մասնակցելու համար 6 երկրներից 80 լրագրող երեք օր անցկացրել են Սյունիքում։

Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացան ու Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ աշխարհի 6 երկրներից 80 լրագրողների հրավիրել է Սյունիք՝ մասնակցելու «Սյունիքի գավաթ-2023» մրցաշարին։ Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Գերմանիայի, Եգիպտոսի և Լիտվայի լրագրողների հավաքականներից բացի՝ մրցաշարին մասնակցեցին  նաև Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը և Կապանի թիմը՝ որպես հյուրընկալող կողմ։ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի ավագ, մարզական լրագրող Էդուարդ Քալանթարյանն արդեն 6–րդ անգամ է  մասնակցում  ավանդական դարձած այս մրցաշարին։

«Մրցաշարը ավանդական է ամբողջ աշխարհում։  Այն սկիզբ է դրել Լիտվիայի լրագրողների միությունը, և արդեն 19 տարի է, ինչ մրցաշարին մասնակցում են եվրոպական շատ երկրներ։ Երկու անգամ կազմակերպել ենք Հայաստանում, այս անգամ որոշեցինք անցկացնել Սյունիքում,  ինչը մեծացնում է մրցաշարի աշխարհագրությունը, և տարբեր երկրների լրագրողներ հնարավորություն ունեցան տեսնելու Սյունիքը»։

Մոլդովայի մարզական լրագրողների միության նախագահ Էդուարդ Չոբանոն սիրով և հետաքրքրությամբ է ընդունել Հայաստան գալու հրավերը։ Մինչև Կապան հասնելը հասցրել է լինել Տաթևում, եղել է 10-րդ դարում կառուցված Վահանավանքի վանական համալիրում։ Հիացած է Հայաստանի դարավոր ճարտարապետությամբ և մշակույթով։

«Իհարկե, տպավորություններն աննկարագրելի են, օրը հրաշալի է, արևոտ, ուղղակի իդեալական լեռները տեսնելու և ֆուտբոլ խաղալու համար»։

ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վարդյան Ջհանյանը մրցաշարի անցկացումը Սյունիքում կարևորում է նաև Սյունիքը ճանաչելու, ավանդույթներին ծանոթանալու առումով։

«Մեզ համար շատ կարևոր է, որ մարզը լինի ոչ միայն արդյունաբերական, այլև ունենա զարգացած մշակույթ, զարգացած սպորտ։ Թե մարզային իշխանությունների, թե համայնքային իշխանությունների հետ միասին միշտ աջակցում ենք։ Կարևոր ուղղություններից մեկը ֆուտբոլն է, քանի որ ամենապոպուլյար մարզաձևն է»։

Չնայած թեման ֆուտբոլն է, բայց Էդուարդ Քալանթարյանն ասում է՝ մրցաշարը միայն ֆուտբոլի մասին չէ։

«Սա համերաշխության, բարեկամության մասին է, լրագրողները շփվում են իրար հետ, նոր կապեր են ստեղծվում, ինչը  հնարավորություն  է տալիս զարգացնելու մասնագիտական կարողությունները»

Բարեկամության և համերաշխության մթնոլորտում մրցաշարի հաղթող ճանաչվեց Մոլդովայի թիմը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Ռումինայի եւ Կապանի  թիմերը։ 4-րդ տեղում Հայաստանի լրագրողների թիմն է։

Back to top button