ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«3+3»-ը հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկման հարմար հարթակ չէ

Տարածաշրջանում ակտիվանում են «3+3» ձևաչափի շուրջ քննարկումները։ Հարթակի մասին վերջերս խոսել էր Ադրբեջանի նախագահը, նախօրեի տեղի ունեցած հեռախոսազրույցում թեման թարմացրել են այդ երկրի  և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարները։ Ավելի վաղ հենց այս հարթակին մասնակցելու հրավեր Երևանը ստացել էր Թեհրանից։ Պատասխան դեռ չկա, հարցը քննարկվում է՝ հայտնել է Հայաստանի փոխարտգործնախարարը։ Որքանո՞վ այս հարթակը կարող է դառնալ տարածաշրջանային բարդ խնդիրների թնջուկը լուծելու հնարավորություն․ փորձագետները  լուրջ վերապահումներ ունեն։    

Երևանը «3+3» ձևաչափով հանդիպման հրավեր է ստացել Թեհրանից։ Նման հրավեր ուղարկվել է Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ Երևանը դեռ չի արձագանքել, հարցը քննարկվում է։ Փորձագետները նկատում են, որ այս փուլում «3+3» ձևաչափի մասին ակտիվորեն խոսում է նաև Բաքուն։ Ալիևն ավելի վաղ նաև Վրաստանում եռակողմ հանդիպման հնարավորության մասին էր խոսել։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նկատում է, որ Ալիևը միտումնավոր է տարբեր հարթակներ միախառնելու քայլեր կատարում։

«Ալիևը փորձում է կրկին խառնաշփոթ առաջացնել, հիմքեր ստեղծել հետագա բանակցություններից հրաժարվելու համար և որևէ պարտավորություն չստանձնել նոր ստատուս քվոյի ամրագրման մասով»։  

Ձևաչափերի մշտական փոփոխությունը կասկած է առաջացնում, որ Բաքուն չի ուզում ավարտին հասցնել խաղաղության գործընթացը՝ ասել է փոխարտգործնախարար Կոստանյանը՝ խոսելով նաև Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի միտումնավոր ձգձգման ու Թբիլիսիում եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։  

«Ձևաչափերի մշտական փոփոխությունը լրջագույն կասկածներ է հարուցում՝ արդյո՞ք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրված է խաղաղության գործընթացն ավարտնին հասցնելով, թե՞ իրենք ուղղակի մի ձևաչափից մյուսն ենք փորձում անցնել և այդպես խուսափել կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից։ Հարթակն ինքնանպատակ չի կարող լինել։ Կարևոր է մեզ համար, որ մենք կարողանանք կարգավորել հարաբերությունները, այդ կարգավորումից հետո ձեռք բերված և գրավոր ամրագրված պայմանավորվածությունները հարգվեն և գործընկերները երաշխավորեն, որ ադրբեջանական կողմը չի խախտի դրանք»։

Թեհրանի հրավերի համաձայն՝ նախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպումն անցկացնել արտգործնախարարների մակարդակով։ Նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է հեռախոսազրույց  ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում, ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն, վերանայվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մոտեցումները։ Թե ինչ է սա ենթադրում, հաղորդագրությունը  չի մանրամասնում։

Ըստ տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանի՝ Արցախը հայաթափելուց հետո Բաքուն ակնհայտորեն խուսափում է արդեն ձևավորված ձևաչափերում բանակցություններից և նոր ձևաչափերի մասին է խոսում, քանի որ, մասնավորապես, արևմտյան հարթակներում ունի արդեն ստանձնած պարտավորություններ։

«Ալիևը ուներ պարտավորություն արևմտյան հարթակներից որևէ մեկում, տվյալ դեպքում՝ Գրանադայում, ստորագրել նոր փաստաթուղթ, որը կսահմաներ նոր ստատուս քվո Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Դրանով փաստացի կչեղարկվեր նոյեմբերի 9-ի հայտարարությունը և, ըստ էության, հետագա կարգավորման գործընթացն արդեն տեղի կունենար կամ որպես հիմք դրան կծառայեր այս նոր փաստաթուղթը»։

Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարծում է, որ «3+3» ձևաչափը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարթակ չէ։ Այն, ըստ նրա, հարմար է տարածաշրջանային հարցեր քննարկելու համար, բայց տարածաշրջանային հարցերը միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների տիրույթում չեն։   

«3+3  ֆորմատը այս տեսանկյունից՝ տարածաշրջանային հարցեր քննարկելու տեսանկյունից, չպետք է հակադրել։ Բրյուսելում մենք ունենք ԵՄ միջնորդություն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, իսկ «3+3» ֆորմատում մենք կարող ենք քննարկել տարածաշրջանային լայն օրակարգի հարցեր։ Իմ դիտարկմամբ՝ դա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման կամ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, միջնորդական հարթակ չէ։ Այստեղ կարող են տարածաշրջանի 6 երկրները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր քննարկել»։

Թեպետ Թեհրանում «3+3» ձևաչափով նախատեսվող հանդիպման օրակարգին Սարգիս Խանդանյանը տեղյակ չէ, սակայն, ենթադրում է, որ այն պետք է որ ընթանա իր նշած տրամաբանությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մասով, Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով, Հայաստանը շահագրգռված է, որ բրյուսելյան ձևաչափը շարունակի գործել ու, ի վերջո, արդյունավետ լինի։

Back to top button