Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն ռադայի նիստին հայտարարել է երեքշաբթի առավոտյան Դոնեցկի շրջանի հյուսիսում ուժային գործողություն սկսելու մասին, հաղորդում է gazeta.ru-ն: «Այն կիրականացվի փուլ առ փուլ, այն կլինի պատասխանատու և հավասարակշռված: Դրա հիմնական նպատակը մարդկանց պաշտպանությունն է»,- ասել է նա:
Նշենք, որ մարտի սկզբից երկրի դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են տեղի ունենում Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, Խարկովում, Լուգանսկում։ Դրանց մասնակիցները պահանջում են հանրաքվե անցկացնել՝ որոշելու իրենց շրջանների կարգավիճակները։
Շաբաթ օրը ցույցերը տարածվել են նաև Դոնեցկի շրջանի այլ քաղաքներում՝ Սլավյանսկում, Մարիոպոլում, Ենակիևոյում, Կրամատորսկում և այլուր։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում մեղադրել է Մոսկվային Ուկրաինայի հարավ-արևելքում երկրի դաշնայնացման կողմնակիցներին աջակցելու համար։