ԿարևորՀասարակություն

Ճախրանք քրեակատարողական հիմնարկի պատերից ներս․ ստեղծագործում են դատապարտյալները

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալները կրթամշակութային հաշվետվություն են ներկայացրել։ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ի կազմակերպած միջոցառման ընթացքում դատապարտյալները ներկայացրել են նաև իրենց ձեռքի աշխատանքները։

«Ես այս երգը երգում եմ կանգնած, որոհետև դու նա ես․․․»

Բանաստեղծությունները դպրոցական ծրագրից են։ Ասմունքողները կանգնած են լսարանի առաջ՝ միանման սև հագուստով։ Յուրաքանչյուրի շապիկին մեկ տառ է, բոլորն իրար հետ «Հայաստան» բառն են կազմում։

«Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես․․․»

Դպրոցական միջոցառումների կանոններով է ձևավորված նաև սենյակը։ Պատին՝ դրոշ ու նկարներ, դարակաշարին՝ կուժ, կարաս ու նուռ։ Անկյունում նստած է ուսուցիչը՝ միջոցառման սցենարը ձեռքին, անհրաժեշտության դեպքում՝ հուշելու պատրաստ։ Միակ տարբերությունն այն է, որ միջոցառման «բեմը» Արմավիր քրեակատարողական հիմնարկում է, մասնակից-աշակերտները դատապարտյալներն են։

«8 հոգի ներգրավված են, որից 4-ը ցմահ դատապարտյալներ են»,- ասում է իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի պատմության ուսուցիչ Նելլի Սարգսյանը։ Սկսել է աշխատել այս «դասարանի» հետ 1.5 տարի առաջ։ Այժմ աշակերտներից ամենակրտսերը՝ 25, ամենաավագը 65 տարեկան է․

«Այլ հանրակրթական դպրոցում դասավանդում էի, զանգ ստացա առաջարկով՝ արդյո՞ք կաշխատեք քրեակատարողական հիմարկում որպես դասախոս։ Ճիշտն ասած, անգամ մեկ վայրկյան չեմ մտածել պաստախանը տալուց։ Ասել եմ այո, իհարկե, որովհետև հասկացել եմ, որ իմ առաքելությունը փոխանցելն է իմ իմացածը, իսկ որտեղ փոխանցեմ, դա այնքան էլ էական չէ»։

Ասում է՝ կրթության նկատմամբ ամենաոգևորվածն ու պարտաճանաչը ցմահ դատապարտյալներն են։ Չի հիշում մի օր, որ դասի չներկայանան։ Այս ծրագրով կրթություն են ստանում հանրակրթական կրթություն չունեցող դատապարտյալները։ Դեկտեմբերին առաջին խումբը քննություններ կհանձնի, կստանա 9-րդ և 12-րդ դասարանների հիմնական կրթության վերաբերյալ պետական ատեստատ․

«Ցմահների մեծ մասն այս պահին 20 տարի արդեն լրացել է, որ ազատազրկված են, ունենք ցմահ դատապարտյալ, որ 32 տարի ազատազրկման մեջ է, բայց իրենք բացարձակապես հասարակությունից դեգրատացված չեն, իրենք շատ ներդաշնակ են այս հասարակության, այս զարգացումների հետ, իրենց ամեն ինչ հետաքրքիր է, իրենց ամեն ինչ վերաբերում է»։

Միջոցառման ավարտին դատապարտյալները հյուրերին առաջարկում են դիտել իրենց ձեռքի խեցեգործական աշխատանքները։ Դրանք պատրաստելու հարցում տիկին Ժասմինն է օգնել, որը քրեակատարոական հիմնարկում դասավանդում է արդեն 23 տարի։ Հոգատար ուսուցչին բնորոշ գորովանքով գովում է սաներին ու բարձրաստիճան հյուրերին ակնակրում՝ այնքան լավն են, գուցե մեղմացնե՞ն պատիժը։

«Մեր շատ մեծ խնդրանքն է, իրոք մերոնք են, մերն են, սիրում ենք, մեր զավակներն են, եթե ինչ-որ ձև կարողանաք պատժաչաձերն իջեցնել, վերացնել, ես որպես մայր, որպես տատիկ եմ ասում՝ վերանայեք գործերը, հա, իրոք վերանայեք գործերը»։

Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը ժպտում է՝ դատապարտյալները պետք է ջանքեր գործադրեն։ Սոցիալականացման փորձերը, նման միջոցառումներին ակտիվ մասնակցությունը գուցեև անհետևանբք չմնան։

«Այն դատապարտյալները, ովքեր զբաղվում են նման գործունեությամբ, մասնակցում են մշակութային, սպորտային, ինքնագործ միջոցառումներին, նրանք հավաքում են միավորներ, տարբեր միջոցառումների համար միավորները տարբեր են և դա անպայմանորեն ազդում է իրենց պատժի կրման կրճատման, վաղաժամկետ ազատման, այս հարցրեի վրա»։

Սենյակի մի ամբողջ պատ Արթուր Քոչարյանինն է։ Ապակուն նկարված զինվորականների, պատերազմի հերոսների նկարները 40-ամյա դատապարտյալի նորահայտ տաղանդի դրսևորումներն են․

«Նկարելու միտքն ինձ մոտ առաջացավ պատերազմի ավարտից հետո, երբ դիմեցինք, որ մասնակցություն ունենանք պատերազմին, չթույլատրվեց, դրանից հետո միտք առաջացավ գոնե ինչ-որ ձևով  կարողանանք արժանին մատուցել մեր հերոսներին ու էդ օրվանցի սկսեցի նկարել։ Ճիշտն ասած՝ ամեն նկարը նկարելուց ամոթ եմ զգացել․ էդքան երիտասարդ տղաներ իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, իսկ ես, չափահաս լինելով՝ մոտ 40 տարեկան, չկարողացա ինչ-որ ձևով նպաստել հայրենիքի սահմանեների պահպանմանը»։

Դատապարտյալներից մեկն էլ Հայաստանի մշակույթի գործիչների միության վարչության անդամ է, դրամատուրգ։ Ասում է՝ վերջին տարիներին քաղաքականությունն ավելի մեղմ ու մարդասիրական է, մշակութային միջոցառումներն ավելի հասանելի են դարձել։ Իհարկե, ազատության հետ սահմանափակվել է նաև ստեղծագործելու հնարավորությունը․

«Մշակույթի գործիչը տրամադրության մարդ է, և էդ տրամադրությունը շատ կարևոր է ինքնաարտահայտման և արարումների համար։ Բայց ամեն դեպքում, դա հոգևոր է, կարևորը մարդու հոգին հանգիստ լինի։ Շատ արվեստագետներ կան, որ գնում, փակվում են ինչ-որ տեղ, թեկուզ տան նկուղում, ու աշխատում են։ Եթե հոգեպես չծանրաբեռնեն իրենց էն մտքով, որ իրենք զրկված են ազատությունից, կարծում եմ՝ կարող են ճախրել»։

Ուսուցիչները վստահեցնում են՝ նման միջոցառումներ հաճախ են կազմակերպելու, առաջին հերթին բանտարկյալներին կրթության ու մշակույթի միջոցով քրակատարողական հիմնարկի պատերի ներսում ճախրելու հնարավորություն տալու համար։

Back to top button