Մոռացված ֆիլմերի ստվերները

Արգելապատնեշ «Երկաթե դարպասներ» ֆիլմի դիմաց. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Արմեն Խաչատրյանի «Երկաթե դարպասներ» ֆիլմը հանդիպեց հայկական հեռուստատեսությունների կարծես երկաթակուռ արգելապատնեշի։ Ի հեճուկս այդ համառ դիմադրության, այն իր հաղթարշավը գրանցեց միջազգային կինոփառատոններում։

Օպերատոր, ռեժիսոր, կինովավերագրող Արմեն Խաչատրյանը հայկական կինո է մուտք գործել անցյալ դարի 80-ականներին։ Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտում ուսումն ավարտելուց հետո նա վերադառնում է Հայաստան, աշխատանքի անցնում «Հայֆիլմում»  և արդեն մի քանի տասնամյակ իր ներկայանալի բաժինն է ներդնում հայկական վավերագրական կինոյի զարգացման գործում։

Չորս տասնյակից ավելի վավերագրական ֆիլմերի հեղինակ Արմեն Խաչատրյանի ներաշխարհում հաճելի ներդաշնակությամբ ապրում են մարդն ու արվեստագետը։

«Արվեստագետի հոգու ակնկալիքները, բնականաբար, արտահայտվում են իր արվեստում»-ասում է նա և ավելացնում, որ վավերագրական կինո ստեղծողները յուրօրինակ պատմաբաններ են, որոնց նկարահանած ֆիլմերը հարյուր տարի անց դիտելով մարդիկ հստակ պատկերացում կկազմեն այսօրվա իրականության մասին։

Արմեն Խաչատրյան

Նրա անցած ստեղծագործական հետաքրքիր ճանապարհի և անժխտելի ձեռքբերումների մասին ավելի համոզիչ խոսում են նրա ստեղծած ֆիլմերը, որոնցից «Երկաթե դարպասներ» ֆիլմը Հայաստանը ներկայացրել է տարբեր միջազգային կինոփառատոններում, ցուցադրվել 50-ից ավելի երկրներում։ Ֆիլմը պատմում է գոյությունը մի կերպ քարշ տվող գեղանկարիչ Ապրեսիկ Ալոյանի մասին ՝ ինչպես է  ապրում, ինչ է փնտրում, ինչ է արարում լռության մեջ։

Նա,  մարդկանցից հեռու մի տարածքում լքված գործարանում ծվարած, սպառում է իրեն բաժին ընկած օրերը, որովհետև վաճառել էր տունը՝ նորը գնելու համար, բայց  ինֆլյացիայի արդյունքում գումարը արժեզրկվել էր, և  նա այդ գումարով կարողացել էր գնել միայն մի քանի տուփ ծխախոտ:

«Ապրեսիկ Ալոյանը նկարչական յուրօրինակ նուրբ ճաշակ ունեցող արվեստագետ էր, որի անհատական ցուցահանդեսները Հայաստանում կազմակերպում էր Հենրիկ Իգիթյանը, իսկ նրա  կտավներից շատերը  այսօր գտնվում են Եվրոպական տարբեր երկրների թանգարաններում։ Իր արվեստում հասնելով ինչ-որ կետի, նա գերադասել էր ապրել մարդկանցից հեռու, շփվել շների և կատուների հետ»,-ասում է Արմեն Խաչատրյանը։  

Անկախության տարիների հայ կինոյի ամենամեծ նվաճումը վավերագրական կինոն է, համենայնդեպս այդպես են փաստում կինոմասնագետները։ 88-ի Թատերական հրապարակի հզոր ալեկոծությունը, Արցախյան ազգային ազատագրական պայքարը, նորանկախ Հայաստանի պետականության ստեղծումը․ այս ամենը վավերագրել և ժապավենին են հանձնել «Հայկ» վավերագրական կինոստուդիայի օպերատորները, որոնց թվում էր նաև Արմեն Խաչատրյանը։

«Մեզ նույնիսկ Շուշիում տուն էին տրամադրել, որտեղ մենք ապրում և հերթափոխով կինոժապավենի վրա վավերագրում էինք այն ամենը, ինչ տեղի էր ունենում մարտի դաշտում։ Ցավոք, այսօրվա իրադարձություները վավերագրողներ չկան։ Որոշ ժամանակ անց, եթե որևէ մեկը ցանկանա համացանցում մի կադր գտնել այսօրվա ողբերգական իրադարձություններից, ոչինչ չի գտնի, որովհետև վավերագրողների կինոստուդիան ենթարկվեց օպտիմալիզացիայի»,-ցավով նշում է Արմեն Խաչատրյանը։

ՀՀ կառավարության այս տարվա հուլիսի 14-ի որոշմամբ «Փաստավավերգրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն»  պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Այդ որոշման դեմ ամիսներ շարունակ պայքարում էին Արմեն Խաչատրյանն ու ստուդիայի այլ մասնագետներ։ Գրեթե մեկ դար գործող Վավերագրական ֆիլմերի կինոստուդիան  այսօր փաստացի չի գործում։

«Այդ անհեթեթ որոշման բացասական պտուղները մենք քաղելու ենք հետագայում»,-ցավով նշում է Արմեն Խաչատրյանն ու ավելացնում․ վերացնելով «Հայկ» կինոստուդիան մենք վերացրեցինք մեր այսօրվա պատմության վավերագրությունը։ Կինոյի ստեղծման հետ ստեղծվեց նաև վավերագրությունը, որովհետև մարդիկ ժամանակին հասկացան, որ իրականության մասին պատմելու ավելի արդիական և համոզիչ ձևը կինոն է»,-ափսոսանքով նշում է Արմեն Խաչատրյանը։

«Երկաթե դարպասներ» ֆիլմում մեր իրականության ցավոտ երևույթներից մեկն է՝ անտեսված արվեստագետի թեման։ Ցավոք, ֆիլմը կրկնում է իր հերոսի ճակատագիրը՝ գնահատելի եղավ օտար հանդիսատեսի համար, անտեսվեց՝  հայ հանդիսատեսի կողմից։ Ինչո՞ւ։ Այս հարցի պատասխանն Արմեն Խաչատրյանն ունի, բայց գործնականում իրագործելու ոչ մի հնարավորություն դեռևս չկա։

Back to top button