ԿարևորՔաղաքական

Հայկականից խաղաղության խաչմերուկ․ ապաշրջափակումը՝ աշխարհին հասկանալի տերմիններով

ՀՀ-ն պատրաստ է վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն ՀՀ–ն և Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները  հյուսիս-արևմտյան շրջանների հետ՝ Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, թե «Հայկական խաչմերուկը» ռեբրենդինգի ենթարկելու և ԵԽ բարձր ամբիոնից «Խաղաղության խաչմերուկ» անվանելու ժամանակն է։ «Խաղաղության խաչմերուկը ենթադրում է նաև խողովակաշարերի ու էլեկտրագծերի անցկացում ևս»,-ընդգծել է  վարչապետը։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի դիտարկմամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» եզրույթն ընկալելի ձևակերպում է աշխարհի համար։

 «Քանի որ իրադրությունն այս պահին ՀՀ օգտին չէ, պարզ է, որ  ուղիներ որոնողը պետք է լինի ՀՀ-ն։ Որովհետև մյուս կողմերը՝ Ադրբեջան, Թուրքիա, նկատի ունենան նաև, որ տարածաշրջանում «թագավորում է Ռուսաստանը», որը ամուր գրկել է թուրքական դաշինքը։ Պարզ է, որ այս ծանրությանը դիմանալու համար ՀՀ-ն ելք է որոնում»։ 

Պատրաստ ենք վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, այլև Հայաստանի հարավային շրջանները հյուսիսարևմտյան շրջանների հետ, Ադրբեջանի հարավարևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, հետագա շարունակությամբ՝ Հայաստանը՝ Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը՝ ԻԻՀ-ի հետ: Հայաստանում այս նախագիծն անվանում են «Հայկական խաչմերուկ», բայց կարծում եմ՝ այս նախագիծն ավելի տարածաշրջանայնացնելու, ռեբրենդինգի ենթարկելու և Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից «Խաղաղության խաչմերուկ» անվանելու ժամանակն է»,- ասաց վարչապետը:

Չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը Եվրոպական խորհրդարան է եկել խաղաղության ուղերձով և շարունակելու է խաղաղության օրակարգը, Բաքուն Երևանին մեղադրում է «խաղաղության գործընթացի խաթարման» մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրախորհրդարանում ունեցած ելույթին, անդրադարձել է նաև ապաշրջափակման հետ կապված հարցին։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության՝ «Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը, սակայն Երևանը դա չի կատարում»։

Հաղորդակցության ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնական տարրն է և հաղորդակցությունների ապաշրջափակումը ենթադրում է Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանության հարգում՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» նախագծի առավելությունների մասին հարցին։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ թեպետ Ադրբեջանն ու Թուրքիան, մասամբ նաև Ռուսաստանը, իրենց դիսկուրսում մեղմացրել են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իրենց մոտեցումները, բայց  դրանից չեն հրաժարվել։

«Նրանք միջանցք կարող են ստանալ միայն՝ թքելով աշխարհի ու միջազգային իրավունքի վրա, այլ կերպ՝ միջանցք ստանալ չեն կարող։ Դրա համար գնացել են դիսկուրսի մեղմացման, դե՝ միջանցք չենք ուզում և այլն, և այլն»։

Քաղաքագետը համոզված է, որ հենց այդպիսի հանգամանքները հաշվի առնելով էլ Հայաստանն ընտրել է խոսույթ, որը հասկանալի է աշխարհի, մասնավորապես՝ Արևմուտքի, նաև՝ Հնդկաստանի ու Իրանի համար։ Հայկ Սուքիասյանը նաև ենթադրում է, որ «խաղաղության խաչմերուկ» խոսույթը կողմերի հետ քննարկված տարբերակ է, հետևաբար՝ նրանք շահագրգռված են Հայաստանի ինքնիշխանությամբ, ուստի այդ հարցում Հայաստանը դաշնակիցներ ունի։ Կարծում է՝ նրանց կողմից աջակցություն էլ կլինի, հետևաբար՝ Հայաստանը պիտի շարունակի այդ դիսկուրսը՝ զուգահեռաբար բանակը կարգի բերելով, որը ադրբեջանական ագրեսիան զսպելու գլխավոր գործոնն է։         

Back to top button