ԿարևորՀասարակություն

Մինչև 2027 թվականը բոլոր բուժաշխատողները կլիցենզավորվեն

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող նախագիծը։
Օրենսդրական փաթեթով փորձ է արվում  կարգավորել բուժաշխատողների լիցենզավորման գործընթացը։ Եթե 2023 թվականի հունվարի մեկից Հայաստանում գործում է բուժաշխատողների համար հավաստագրման պարտադիր պայմանը, ապա մինչեւ 2027 թվականը բոլոր բուժաշխատողները պետք է անցնեն նաև լիցենզավորում։ Անահիտ Ավանեսյանն ասել է, որ այս համակարգի ներդրումը ենթադրում է նախապատրաստական մեծ աշխատանք, և բուժաշխատողները պետք է այդ գործընթացին նախապատրաստվելու ժամանակ ունենան։

Այս տարվա հունվարի 1-ից բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պայմանը Հայաստանում բժշկական գործունեությամբ զբաղվող անձանց մասնագիտական որակի նկատմամբ պահանջների բարձրացման առաջին քայլն էր։ Այժմ էլ նախատեսվում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգը։

Գործող կարգավորումներով  բուժաշխատողներն անհատական լիցենզիա չեն ստանում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիա են ստանում միայն բժշկական հաստատությունները: Ավելին՝ բժշկական կադրային ներուժի կազմավորման ոչ մի փուլում որակի մշտական վերահսկողություն պետության կամ անկախ մարմինների կողմից չի իրականացվում։ Սա հնարավորություն չի տալիս գնահատել կադրային ներուժի ձևավորման գործընթացը, ժամանակին գտնել բացերն ու առաջարկել դրանց հնարավոր լուծումները, ինչը բացասաբար է ազդում որակի վերահսկման ու կառավարման գործընթացների վրա։

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Զարգացած երկրներում բուժաշխատողներն անցնում են լիցենզավորման բարդ գործընթացով, ինչը, մի կողմից,նրանց գիտելիքների, մյուս կողմից՝ ունակությունների, հմտությունների, նաև էթիկական նորմերի իմացության չափորոշիչ է։ Եվ մեզ համար ևս կարևոր էր այս ստանդարտը ներդնել Հայաստանում և գործարկել»։

Քանի որ լիցենզավորման համակարգի ներդրումը ենթադրում է նախապատրաստական մեծ աշխատանք, նաև մեր բուժաշխատողները ևս պետք է ժամանակ ունենան պատրաստվել այս գործընթացին, ըստ նախագծի՝ ավագ բուժաշխատողները անհատական լիցենզիա պետք է ստանան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորները ՝ մինչև 2025 թվականի հունվարի մեկը։ Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան. /հարց/

-Տիկին Ավանեսյան, այստեղից կարելի՞ է ենթադրել, որ 2025 թվականից հետո օրդինատուրան ավարտած մասնագետները իրավունք կունենան աշխատելու առանց լիցենզիայի մինչև 2027 թվականը։

Պրն․ Զեյնալյան, սա հենց նշանակում է, որ 2025 թվականից հետո արդեն բոլոր ավարտողները պիտի ստանան լիցենզիա, հետո նոր աշխատեն և ոչ թե սպասեն 2027 թվականին։ Այսինքն` առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու նախապայմանը 2025 թվականից հետո լիցենզավորման պարտադիր պահանջն է։ Իսկ մինչև 2027 թվականըպետք է անցկացնենք արդեն գործող բուժաշխատողների լիցենզավորման ողջ գործընթացը, որպեսզի հունվարի 1-ին բոլորն ունենան լիցենզիա և կարողանան շարունակել աշխատել։

Բացի դրանից՝ բուժաշխատողի կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքում վերջինի՝ լիցենզիան մեկ ամիս ժամկետով կասեցնելու վերաբերյալ դրույթի ամրագրման արդյունքում կասեցվում է ոչ թե կազմակերպության, այլ բուժաշխատողի լիցենզիան:

Նարեկ Զեյնալյան. «Նախագծում նշվում է, որ հանձնաժողովը կարող է լիազոր մարմնին ներկայացնել առաջարկություն մեկ տարվա ընթացքում  առաջին անգամ խախտում կատարած բուժաշխատողին  նկատողություն տալու վերաբերյալ, 2-րդ անգամ կրկնելուց հետո՝ խիստ նկատողություն, ապա լիցենզիայի ժամանակավոր կասեցում։ Հաջորդ կետով նշվում է, որ լիազոր մարմինը դիմում է համապատասխան աշխատողի գործատուին վերջինիս նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու  համար։  Եթե գործատուն կարգապահական տույժ չցանկանա կիրառել, այս մեխանիզմն ինչպես է աշխատելու, մենք որևիցե լծակ ունե՞նք»։

Ավանեսյան․ «Եթե բժշկական կենտրոնը չիրականացնի այդ պահանջը, սա արդեն կհանգեցնի իր լիցենզավորման  վերանայմանը և բժշկական կենտրոնն ինքը խնդիրներ կունենա լիցենզավորման գործընթացում»։

Նախարարը հայտնեց, որ  Հայաստանում կա 15 415 ավագ բուժաշխատող, որոնք արդեն ստացել են հավաստագիր։ Բոլոր բուժաշխատողները պետք է նաև պարտադիր լիցենզավորվեն։ Ըստ նախագծի՝ անհատական լիցենզիան տրվելու է հինգ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։

Back to top button