ԿարևորՀասարակություն

Որոնողական աշխատանքները դադարեցվել են, ԴՆԹ փորձաքննությունները՝ ոչ

Արցախում որոնողական աշխատանքները դադարեցվել են, փրկարարների վերջին խումբն Արցախից դուրս է եկել հոկտեմբերի 4-ին։ Օրերս Կարմիր Խաչը հայտարարեց, որ սեպտեմբերի 19-ից հետո 100 կորած քաղաքացի է հայտնաբերել։ Խոսքն այս դեպքում ողջ, բայց տարբեր պատճառներով Լեռնային Ղարաբաղում մնացած քաղաքացիների մասին է։ Ըստ Կարմիր Խաչի հաղորդագրության՝ նրանք տեղափոխվել են Հայաստան։ 

Թե քանի դիմում է ստացել անհետ կորած մարդկանց հարազատներից, կառույցն այս պահին չի մանրամասնում՝ խոստանալով առաջիկայում ավելի հստակ տվյալներ տրամադրել։ Իսկ Հայաստանի վարչապետի՝ Ստրասբուրգում ներկայացրած  տվյալներով՝ Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած: Պետք է ենթադրել, որ խոսքը 44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածի և այդ ընթացքում տեղի ունեցած ռազմական բոլոր գործողությունների հետևանքների մասին է։

Արցախցի Նանար Փարամազյանը սեպտեմբերի 25-ից եղբորից լուր չունի։ «Ռադիոլուրի» զրուցակիցը պատմում է՝ բռնի տեղահանման օրերին ընտանիքը Ստեփանակերտից դուրս բերելու համար եղբայրը՝ Նարեկը,  նախ պետք է վառելիքի հարցը լուծեր։ Գիտի, որ գնացել էր բենքինի հետևից։ Վերջին անգամ եղբոր հետ խոսել է սեպտեմբերի 25-ին՝ կեսօրից հետո։

«Պայթյունը եղավ, դրանից հետո անընդհատ զանգում էի, արդեն անհասանելի էր։ Ես սկզբում չգիտեի, որ կոնկրետ էդտեղից է բենզին վերցնելու։ Հետո հասկացա, որ նույն տեղում է եղել։ Մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունենք»։

Սկզբում հիվանդանոցներում էին փնտրում՝ նախ Ստեփանակերտի, հետո էլ՝  հայաստանյան։ Բայց որևէ բան չիմացան ու տեղեկություն չունեն մինչև այժմ։ Նարեկի ընտանիքն այժմ Աբովյանում է, դեռ բարեկամի տանը։ Չգիտեն՝ որքան կմնան այդտեղ։

Արցախում որոնողական աշխատանքները դադարեցվել են, փրկարարների վերջին խումբն Արցախից դուրս է եկել հոկտեմբերի 4-ին։ 

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը «Ռադիոլուր»-ին փոխանցում է՝ «Այս դժոխքի ֆոնին տեղի ունեցավ մի նոր արհավիրք․ դա  պայթյունն էր, որը դարձյալ բազմաթիվ կյանքեր խլեց։ 200-ից ավելի մարդ է զոհվել այդ տարածքում։ Հստակ թիվ չկա, քանի որ այն անընդհատ փոփոխվում է։ Այրվածքներ ստացած քաղաքացիների մի մասն  այս պահին Երևանում է, մյուսները՝ արտասահմանյան բուժհաստատություններում, գրեթե ամեն օր մահվան դեպքեր են արձանագրվում։ Մարդկանց  մեծ մասն այրվել է։ Կան մարդիկ, որ 78 տոկոս այրվածքներով են Երևան տեղափոխվել, ու բժիշկները պայքարել են նրանց կյանքը փրկելու համար, բայց շատ հաճախ այդ պայքարը արդյունք է տվել»։ 

Անհետ կորածներ կան, որոնց մասին դեռ տվյալներ չկան։ Թադևոսյանն ասում է, որ փրկարարները տարհանել են անճանաչելի աճյուններ, դրանք պետք է նույնականացվեն ԴՆԹ թեստերի միջոցով։ 120-ից ավելի աճյուններ ու մասունք դեռևս ԴՆԹ փորձաքննության փուլում են, դրանից հետո պարզ կլինի՝ քանի անհետ կորած ունենք։ Մարմինների մի մասն  ամբողջությամբ մոխրացել են, ուստի՝  նույնականացումը դժվար կլինի։

Արցախյան կողմում 200-ից ավելի զոհված զինծառայողների, մոտ երկու տասնյակ քաղաքացիական անձանց զոհվելու մասին տվյալներ կան։ Խոսքը սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի  հետևանքների մասին է։ Ռազմական գործողությունների դադարից հետո բոլոր գյուղերում որոնողական աշխատանքներ են կատարվել, փրկարարները մի քանի խումբ էին ձևավորել՝ ասում է Թադևոսյանը․

«Դիրքային հատվածներում նույնպես, որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ, որոնողական աշխատանքներ  են իրականացրել։ Բարեբախտաբար, ողջ մնացած և վիրավորում ստացած զինծառայողներ են տարհանվել, բուժում ստացել Ստեփանակերտում, ապա՝ Երևանում։ Որոնողական աշխատանքները շարունակվել են մինչև հոկտեմբերի 3-ը։ Առայժմ 12 հոգու մասին հստակ տվյալներ չկան»։

Նրանք համարվում են անհետ կորած։ Կարմիր Խաչն էր օրերս հայտարարել, որ սեպտեմբերի 19–ից հետո 100  կորած քաղաքացի են հայտնաբերել։ Խոսքն այս դեպքում ողջ, բայց տարբեր պատճառներով Լեռնային Ղարաբաղում մնացած քաղաքացիների մասին է։ Ըստ Կարմիր Խաչի հաղորդագրության՝ նրանք տեղափոխվել են Հայաստան։ ԿԽՄԿ-ն շարունակելու է քաղաքացիների որոնումը Լեռնային Ղարաբաղում։

Թե քանի դիմում է ստացվել անհետ կորած մարդկանց հարազատներից, կառույցն այս պահին հստակ չի ասում՝ խոստանալով առաջիկայում ավելի հստակ տվյալներ տրամադրել։ Իսկ Հայաստանի վարչապետի՝ Ստրասբուրգում ներկայացրած  տվյալներով՝ Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած: Պետք է ենթադրել, որ խոսքը 44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածի և այդ ընթացքում տեղի ունեցած ռազմական բոլոր գործողությունների հետևանքների մասին է։

Ինչ վերաբերում է վերջին՝ սեպտեմբերյան ագրեսիային, ապա Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ սեպտեմբերի 19-ից հետո Արցախի քաղաքական ու ռազմական 8 գործիչների գերեվարումից բացի՝ ևս 10 հոգի այս պահին գերեվարված է․ նրանց վերադարձի մասին առայժմ որևէ տեղեկություն չկա։

«Գերեվարվածներին ադրբեջանական կողմը միայն հնարավորություն է տվել զանգահարել հարազատներին, բայց նրանց վերադարձի մասին որևէ մեկը հստակ բան չի ասում»։

Կառավարության ղեկավարը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե պատրաստ են բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ են նաև սերտորեն համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում: 

Back to top button