Երաժշտական եռանկյունի

Անուշ Նիկողոսյանի կատարողական արվեստը․ «Երաժշտական եռանկյունի»

Անուշ Նիկողոսյանի հետ մեր զրույցի երկրորդ մասը նվիրված է նրա մասնագիտական դրսևորումներին, ծրագրերին և գործունեությանը միջազգային հարթակներում։ Դեռևս 10 տարեկանում կայացել է նրա բեմելը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Մենդելսոնի Ջութակի կոնցերտի կատարմամբ:

Այդ ժամանակից ի վեր նա մշտապես մասնակցել է համերգների և փառատոների’ Հայաստանում և արտերկրում. Walt Disney Hall, Մարիինյան թատրոնի համերգասրահ (Սպիտակ գիշերների աստղեր փառատոնի շրջանակներում), Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիկ համերգասրահ, Ֆրանկֆուրտի Alte Oper-ի մեծ համերգասրահ, Լյուդվիգսհաֆենի BASF Feierabendhaus, Մյունխենի Allerheiligen Hofkirche, Լինցի Brucknerhaus (Bruckner festival-ի շրջանակներում), Կլագենֆուրտի Konzerthaus, Opéra de Nice, Opera Bratislava, Վուհանի Qintai Concert (Չինաստան), Rimini Meeting Festival, Ravello Music Festival, Emilia Romagna Music Festival և Festival della Nazioni (Իտալիա):

Որպես մենակատար հանդես է եկել Լիտվայի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ուրալի ֆիլհարմոնիկ նվագախմբի (Եկատերինբուրգ), German Radiophilharmonie (Սաարբրուկեն), Մորավիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Կարինթիայի սիմֆոնիկ նվագախմբի, ՀԱՖՆ-ի, Կաունասի կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Leopoldinum կամերային նվագախմբի (Վրոցլավ), Վուհանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Neuss Chamber Academy Orchestra և այլ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Քրիստոֆ Պոպպեն, Դմիտրի Լիսս, Էդուարդ Թոփչյան, Քրիստոֆեր Ուորեն-Գրին, Լեոշ Սվարովսկի և այլք):

Անուշ Նիկողոսյանը մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է: 2010-ին դարձել է Wörthersee Kärntner Sparkasse Ջութակի մրցույթի հաղթող (Ավստրիա): Մրցույթի ժյուրիի նախագահ Ֆաբիո Լուիզիի հրավերով Անուշ Նիկողոսյանը մասնակցել է Սապպորոյի (Ճապոնիա) Pacific Music Festival-ին՝ Չայկովսկու կոնցերտի կատարմամբ:

Ընդարձակ է Անուշի երկացանկը՝ դասականից մինչև ժամանակակից կոմպոզիտորների գործեր (այդ թվում Խաչատրյան, Մանսուրյան, Բաղդասարյան, Միրզոյան և այլ հայ կոմպոզիտորներ):

Մասնագիտացել է Մյունխենի University of Music and Theater-ում՝ պրոֆ. Քրիստոֆ Պոպպենի դասարանում: 2013-2015-ին սովորել է պրոֆ. Յուլիա Ֆիշերի ղեկավարությամբ:

2017-ին ավարտել է ուսումը Մյունխենի կոնսերվատորիայում՝ ստանալով Արտիստի դիպլոմ: 2012-2015-ին Անուշը եղել է Villa Musica Rheinland-Pfalz կամերային երաժշտության ակադեմիայի կրթաթոշակառու:

11 տարեկանից եղել է նաև Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու (համերգներ Լիտվայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Սլովակիայում, Չեխիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում):

Որպես կամերային երաժիշտ Ա.Նիկողոսյանը համագործակցել է Յուլիա Ֆիշերի, Քիմ Քաշքաշյանի, Նիլս Մյոնքեմեյերի, Մարիո Բրունելլոյի, Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գիի, Վահագն Պապյանի, Ռադովան Վլատկովիչի, Ռոբերտո Պրոսեդայի, Վացլավ Հուդեչեկի, Սիմոն Տրպչեսկու, Վադիմ Խոլոդենկոյի, Սերգեյ Կռիլովի, Ալեքսանդր Չաուշյանի, Հայկ Մելիքյանի և շատ այլ անվանի երաժիշտների հետ:

Վերջերս Անուշ Նիկողոսյանը հրավիրվել է հանդես գալու Trame Sonore, Patmos, Ascoli Piceno և կամերային երաժշտության այլ փառատոների:

Անուշը ստեղծել է «Դասականը բոլորի համար» համերգաշարը, հանդես գալով ամենատարբեր հարթակնելում։ Հաղորդման ընթացքում հնչում են Անուշ Նիկողոսյանի բազմաթիվ կատարումները։

Back to top button