ԿարևորՔաղաքական

Նիդեռլանդների խորհրդարանը կոչ է անում ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին

Նիդեռլանդների խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է երկու միջնորդություն՝ մեկը Հայաստանին ռազմական աջակցության, իսկ մյուսը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ, հայտնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը։

Ռազմական աջակցության մասին միջնորդության մեջ խորհրդարանը նշում է, որ Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց հետո Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի վրա հարձակվելու հետագա ծրագրերի մասին։ Խորհրդարանը խնդրում է կառավարությանը կոչ անել ԵՄ անդամ մյուս երկրներին դրական արձագանքել Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության խնդրանքին:

Երկրորդ միջնորդությունը, հաշվի առնելով էթնիկ զտումների մասին ՄԱԿ-ի սահմանումը, կառավարությանը խնդրում է որոշել, թե 9 ամսից ավելի շրջափակումից և անկլավի վրա հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի արտագաղթը մտնո՞ւմ է էթնիկ զտումների սահմանման տակ։

Հոլանդիայի դիրքորոշումն արդեն արտահայտվել էր մի քանի շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 21-ին Նիդեռլանդների խորհրդարանի միջնորդությամբ վարչապետ Ռյուտեի հետ տարեկան ընդհանուր բանավեճի ընթացքում:

Միջնորդությունը պահանջում էր Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական աջակցություն՝ իրավունքները երաշխավորելու համար, և կառավարությունից պահանջվում էր ուսումնասիրել եվրոպական համատեքստում հնարավոր պատժամիջոցները, ինչպիսիք են ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային գործարքի կասեցումը, եթե իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարանա, և իրավունքները չերաշխավորվեն։

Նախագիծը ձայների մեծամասնությամբ ընդունվել էր այն բանից հետո, երբ վարչապետ Ռյուտեն անընդունելի էր համարել Ադրբեջանի կողմից ռազմական սրացումը և խորհրդարանին վստահեցրել, որ Նիդեռլանդները միջոցներ կձեռնարկի Եվրոպայում՝ հավելելով, որ Նիդեռլանդների մասով պատժամիջոցները սեղանին են։

Back to top button