ԿարևորՄշակույթ

«Դիմակահանդես» բալետը կներկայացվի Ֆրանսիայում․ համերգի հասույթը՝ Արցախից բռնի տեղահանվածների համար իրականացվող ծրագրերին

Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի կապակցությամբ հոկտեմբերի 26-ին և 27-ին Փարիզի կոնգրեսների պալատի մեծ համերգասրահում (Palais des Congrès de Paris), և հոկտեմբերի 29-ին՝ Ստրասբուրգի Զենիթ Եվրոպա (Zénith Europe) համալիրում, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։

Բացառիկ այս համերգը կկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության բարեկամների միության և «Franceconcert» ընկերության հետ համագործակցաբար։

Ներկայացման բեմադրությունն իրականացրել է ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, բեմանկարիչն է՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը, բեմադրող դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը:

Համերգի հասույթը կուղղվի՝ ի նպաստ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրականացվող ծրագրերին։

1941թ․ Արամ Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրել է երաժշտություն Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954թ. Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար:

1982թ. կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, այդ երկու դրամաների երաժշտությունը խմբագրելով, ստեղծել է «Դիմակահանդես» բալետի պարտիտուրը՝ հիմնված Ա․ Խաչատրյանի երաժշտության վրա և ներառելով հատվածներ կոմպոզիտորի այլ ստեղծագործություններից։ 1982թ․ բալետը բեմադրվել է Երևանի օպերայի և բալետի թատրոնում։

Back to top button