ԿարևորՀասարակություն

Հայաստանը՝ աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա. մեկնարկել է SILICON MOUNTAINS 2023–ը

Երևանում մեկնարկել է SILICON MOUNTAINS 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը։ Արդեն հինգերորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչը  Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է, որը շարունակում է մեկ հարթակում միավորել տեխնոլոգիական ոլորտի տեղական եւ միջազգային փորձագետներին, պետական, մասնավոր, հասարակական ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու 4-րդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, մարտահրավերներն ու տեխնոլոգիական անխուսափելի ապագան։

«Խելացի երկիր», «խելացի բիզնես» և «խելացի քաղաքացի». տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումը նվիրված է «խելացի երկրի» մարտահրավերներին։  Ի վերջո, հենց խելացի լինելու տիրույթում են երկրները ցուցադրում իրենց մրցակցային առավելությունները՝ որպես ազգ, պետություն կամ որպես գործարար ու անհատ՝ ասում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։

«Նախ՝ պետք է մեր մրցակցային առավելությունը հասկանանք։ Մեր տարբեր թշնամիներ ռեսուրսներով շատ ավելի հարուստ են, բայց մենք պետք է հասկանանք, որ ավելի մեծ հարստություն ունենք․ դա մարդն է։ Այն մարդն է, որում պետք է ներդրումներ անել և որի ստեղծածը շատ ավելի անգին է, քան մյուսների ստեղծած ռեսուրսները։  Դրա համար մենք այսօր խոսելու ենք, թե մեր երկիրն ինչերի կարող է հասնել, ինչ են արել ուրիշ երկրները տարբեր մարտահրավերներին դիմակայելու համար և ինչպես օգտագործել չափից շատ տարածված այդ «խելացի» տերմինը»։

Արհեստական բանականությունն իսկական հեղափոխություն է խոստանում ոլորտին, ընդ որում՝ ոչ միայն ընձեռած հնարավորությունների, այլև՝  հնարավոր ռիսկերի առումով։

Արհեստական բանականության կարևորությունը Գագաթնաժողովի հատուկ հյուրերից ընդգծում է Adobe ընկերության գործադիր տնօրեն Շանթանու Նարայեն, ով նաև ՀՀ պետական մրցանակի 2022թ. դափնեկիրն է։  Ըստ Adobe ընկերության տնօրենի՝ արհեստական բանականության շուրջ մտավախությունները փոքր–ինչ չափազանցված են։  Այն ընդամենը գործիք է ու չի կարող փոխարինել մարդկանց, ինչպես շատերն են ասում։

«Նույն մտահոգությունները կային նաև, երբ ինտերնետը, համակարգիչն ու հեռախոսը հայտնվեցին։  Արհեստական բանականությունը նոր բան չէ։ Ես առհասարակ հավատում եմ մարդկանց բացառիկությանը և չեմ կարծում, որ ԱԲ–ն կկարողանա երբևէ փոխարինել մարդկային կրեատիվությանը։ Այնպես որ, ոչ թե ԱԲ–ն կփոխարինի մարդկանց, այլ մարդիկ, ովքեր կօգտագործեն ԱԲ–ն, կփոխարինեն մարդկանց, ովքեր չեն օգտագործի ԱԲ»։

Արհեստական բանականությունը ոչ թե խանգարում է, այլ օգնում ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է Adobe Հայաստան ընկերության տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանը։ Իհարկե, հնարավոր է, որ որոշ մասնագիտությունների շարունակականությունը հարցականի տակ դրվի, բայց դրանց կողքին էլ մասնագիտություններ են, որոնք Արհեստական բանականության շնորհիվ աճի մեծ պոտենցիալ ունեն։

«Բիոինժեներիայի և բիոռոբոտիկսի ոլորտում նույնիսկ անհնար է պլանավորել մարդկային ուղեղի ճկունությունը՝ դրված այնպիսի հնարավորությունների վրա, որոնք մարդուն, ըստ էության, հասանելի չեն։ Բայց մենք միանշանակ շարժվում ենք այդ ուղղությամբ։ Դժվարանում եմ նույնիսկ կանխատեսել՝ դա 10, թե՞ 50 տարի հետո կլինի»։

Խելացի բիզնեսից և խելացի քաղաքացուց շատ ավելի կարևոր է ունենալ խելացի երկիր։ Սակայն ինչպես նկատում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, միայն կարգավորումներով հնարավոր չէ հաջողության հասնել։ Ավելի անվտանգ երկիր դառնալու համար, կարծում է, անհրաժեշտ է նաև էթիկայի կանոններ մշակել։ Տարվա ամենասպասված տեխնոլոգիական միջոցառման մասնակիցները պատրաստ են միասին մշակել լուծումներ, միասին պայքարել մարտահրավերների դեմ։ Նպատակը մեկն  է՝ աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանը դիրքավորել որպես արագ զարգացող, ինժեներական լուծումներ առաջարկող և բարձրակարգ մասնագետներ արտահանող խելացի երկիր։

Back to top button