ԿարևորՀասարակություն

Ի՞նչ լծակներ ունի Երևանը Բաքվում ապօրինի պահվող անձանց վերադարձի համար

Բաքվում այսօր շարունակվել է  Հակարիի կամրջից  առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությունը։ Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Խաչատրյանն առավոտյան  հրաժարվել է փաստաբան Նաթիգ Բեյբալաեվի ծառայություններից։ Լրատվամիջոցների մի մասի տեղեկություններով էլ՝ փաստաբանն ինքն է հրաժարվել Խաչատրյանի պաշտպանությունից։ Նոր փաստաբան է նշանակվել Ռադմիլա Աբիլովան։ Ի՞նչ քայլերի կարող է  դիմել Հայաստանը ոչ միայն Վագիֆ Խաչատրյանին, այլ նաև Արցախի ռազմաքաղաքական գործիչներին, Բաքվում պահվող մյուս գերիներին ազատ արձակելու համար։  Ու ընդհանրապես , ի՞նչ շանսեր կան այս հարցում։

Բաքվի  զինվորական դատարանում այսօր շարունակվել է Հակարիի կամրջից առևանգված 68–ամյա  Վագիֆ Խաչատրյանի ՝ հոկտեմբերի 13-ին սկսված շինծու դատավարությունը։  Խաչատրյանը առևանգվել էր հուլիսին  Կարմիր Խաչի  ներկայացուցիչների ու ռուս խաղաղապահների ներկայությամբ, երբ գալիս էր Հայաստան՝ բուժման նպատակով։ Ադրբեջանը հայտարարեց, թե «նրա նկատմամբ  մեղադրանք է առաջադրվել», նրան կալանավորելու որոշում է կայացվել դեռ 2013-ին և նույն թվականին էլ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում՝ արձագանքելով այս հայտարարությանը՝ նշել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։  Օմբուդսմենը հայտարարել էր, որ  Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։

Բաքուն Խաչատրյանին մեղադրում է  ադրբեջանցիների ցեղասպանության, նրանց բռնի տեղահանման համար։ Խաչատրյանը դատարանում հայտարարեց՝ չի ընդունում ծանր մեղադրանքները։

«Այնտեղ ապրող ադրբեջանցիները մտերիմ էին ինձ հետ, ես բոլորին ճանաչում էի։ Ես մարտական ​​գործողությունների ընթացքում ոչ մի միջոցառման չեմ մասնակցել»։

Ի՞նչ քայլերի պետք է  դիմի  Հայաստանը ոչ միայն Վագիֆ Խաչատրյանին, այլ նաև Արցախի   ռազմաքաղաքական գործիչներին, Բաքվում պահվող մյուս գերիներին ազատ արձակելու համար։  Ու ընդհանրապես՝ ի՞նչ  շանսեր կան այս հարցում։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը նկատում է՝ ամենամոտ հարթակը ՄԻԵԴն է, որը կարող է ազդեցություն ունենալ, բայց ոչ ազատ արձակելու պահանջով։ Այս դեպքում էլ այդ երկիրը մանևրելու տեղ ունի՝ Ադրբեջանը ցույց կտա, որ առաջնային  իրավունքներն ապահովում է։

«Ազատ արձակել չի կարող, բայց խախտում արձանագրել կարող է։ Վերջին գործը, որ ՄԻԵԴ–ն արձանագրեց հոկտեմբերի 6–ին, Կարեն Ղազարյանի գործն էր, որի շահերը ես էի ներկայացնում, կալանքի մի քանի հիմքերի  խախտումներ  արձանագրվեցին։ Բայց ՄԻԵԴ–ը չի կարող պահանջել, որ ազատ արձակվի։ Բացառիկ դեպքերում ՝ գուցե։ Երբ նկատում է, որ կալանավորումը , քրեական գործը շինծու է, հետևում քաղաքական հետապնդում է»։

Դատավարություններն արագ են ընթանում, նույն ձեռագրով, պարզ չէ՝ Բաքվում ապօրինի պահվող  հայերը փաստաբան ունե՞ն, թե՞ ոչ՝ ասում է  Ղազարյանը։ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ հիշեցնում է՝ Ադրբեջանի  օրենսդրությունն  արգելում է այլ երկրներից պաշտպաններ ներգրավել։ Սա հակասում  է միջազգային իրավունքին, սակայն միջազգայի որևէ կառույցի կողմից երբևէ  չի դատապարտվել՝ ասում է  Ալավերդյանը։ Նա նույնպես կարծում է, որ այս փուլում Հայաստանը շատ քայլերի հնարավորություն չունի։ 

«Միայն այն է, որ երբ գործընթացն ավարտվի, դատական բոլոր ատյանները սպառվեն, և դատարանի վերջնական վճիռն ուժի մեջ մտնի, այդ ժամանակ Հայաստանը կարող է քայլ անել՝ միջազգային հանրությանը դիմելով, որ Վագիֆ Խաչատրյանը Հայաստանում կրի իր պատիժը»։

Բայց  այս  դեպքում էլ պետությունների միջև պետք է  երկկողմանի պայմանագրեր լինեն , մինչդեռ  Հայաստանն ու Ադրբեջանը նման գործակցություն  չունեն։ Ադրբեջանը նույն ձեռագրով չորս ամսով կալանավորել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Արա Ղազարյանը նկատում է․

«Եվ Արցախի նախկին ղեկավարների, և այս դատավարությունը տեղավորվում է պատերազմի պրոպագանդայի մեջ։ Սրանք իրականում քաղաքական հետապնդումներ են։ Այն, ինչի մեջ մեղադրվում են նրանք, անգամ քրեական իրավունքի նեղ իմաստով ահաբեկչություն չի կարելի համարել։ Եթե մարդը պաշտպանում է իր ինքնավարությունը, անկախությունը՝ թեկուզ զենքը ձեռքին, դա հանցագործություն չէ՝ ոչ միջազգային իրավունքով, ոչ շատ երկրների ներքին իրավունքով։ Պարզապես Ադրբեջանը դա փորձում է մեկնաբանել սովորական քրեական հանցագործություն, որն այդպես չէ»։

Ձերբակալված են Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախագահի հատուկ հանձնառությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի՝ համոզված է  «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմներն Ադրբեջանն օգտագործում է ուժի ցուցադրության նպատակով։

«Մենք կարող ենք նշել, որ չճանաչված պետությունում իրականացված գործունեության, կարծիքների, առհասարակ հայանպաստ գործելակերպի նպատակով Ադրբեջանը պատժիչ գործողություն է իրականացնում այս պաշտոնյաների նկատմամբ։ Գործընթացները ցուցադրական են, նպատակը նաև հոգեբանական առավելություններ ձեռք բերելն է, որի երկարաժամկետ էֆեկտներից է փորձելու օգտվել Ադրբեջանը»։

Մասնագետի խոսքով՝ չճանաչված պետության մեջ պաշտոն զբաղեցնելը թույլատրելի գործողություն է, չկան նախադեպեր, երբ չճանաչված պետության ղեկավարները պատասխանատվության կանչվեն այդ պետությունը ղեկավարելու համար։ Արցախի Հանրապետությունը միջազգային ռեգիստրներում երբեք չի որակվել` որպես ահաբեկչական կազմավորում, իսկ այն ղեկավարած անձինք չեն ներառվել ահաբեկիչների ցանկում։ «Ըստ այդմ` ձերբակալություններն ապօրինի են ու Արցախի պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերը` շինծու»,–ընդգծում է Սահակյանը։

Back to top button