Սփյուռքի ձայնը

Սփյուռքի այսօրվա գործը Հայաստանի կողքին լինելն է․ «Սփյուռքի ձայնը»

Կամավորությունը ժամանակակից աշխարհի լավագույն դրսևորումներից է։ Այն անշահախնդիր գործունեություն է, որի ընթացքում անհատը կամ խումբը գործունեություն է ծավալում առանց ֆինանսական շահի։ Կամավորությունը հայտնի է որպես մասնագիտական և այլ հմտությունների զարգացման միջոց, որը  նպաստում է բարության սերմանմանը և մարդկային կյանքի որակի բարելավմանը։ Կամավորությունը օգտակար է նաև կամավորի համար նույնքան, որքան այն անձի կամ համայնքի համար, որոնց կամավորը ծառայություն է մատուցում։

Արցախից տեղահանված հայությանը մեծ աջակցություն ցույց տվեցին՝ հատկապես կամավորները, շատ հարցեր կարող էին դժվարությամբ լուծվել, եթե չլինեին կամավորների աշխատասիրությունն ու պատրաստակամությունը։

Հայաստանում անկախությունից հետո հիմնված «Դեպի Հայք» կազմակերպությունը կամավորության նպատակով տարիներ շարունակ Հայաստան է բերում սփյուռքահայ կամավորների, որոնց ներդրումն ու աշխատանքների կարևորությունը զգում են բոլոր այն աշխատավայրերում կամ համայնքներում, որտեղ աշխատանքներ են տարել կամավորները։

Դեռևս ցեղասպանությունից հետո կամավորների՝ հայ և օտար, շնորհիվ շատ ընտանիքներ կարողացան հաղթահարել հոգեբանական  խնդիրները և շարունակեցին ապրել և արարել:

Րաֆֆիի ընտանիքը թեև ցեղասպանության միջով չի անցել, սակայն կամավորությունը, միմյանց՝ հատկապես օտարության մեջ օգնելու կարևորությունը զգացել է:

«Այսօր Հայաստանում ենք ու այն ժամանակաշրջանում, երբ մեր հայրենիքը դժվարության մեջ է: Մենք մեր ներկայությամբ, մեր երկրի տարբեր տարածաշրջանների, հատկապես արցախցիների հետ շփումներում կարևորություն ենք զգում, ինչը նպաստում է մեր միասնականությանը:  «Միասին․ այս բառի ողջ իմաստը այսօր , առավել  կարևոր է ու արժեքավոր»,— ասում է Րաֆֆին:

Րաֆֆի Հեքիմյանը «Հայ կամավորների միություն» (Armenian Volunteer Corps) ծրագրի մասնակից է։Աշխատում է հիմնականում որպես ծրագրի ղեկավար «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամում՝ Երևանում գտնվող գրասենյակում: Սյունիքում նախատեսում է թիմի հետ միասին գյուղատնտեսության զարգացման ծրագիր։ Բացի այդ, նա լրագրող է աշխատում  Armenia Tree Project-ում

«Իմ նախնիները  ցեղասպանության միջով չեն անցել: ԱՄՆ-ը հրաշալի ու անսահման հնարավորություններով երկիր է, սակայն այն իմ հայրենիքը չէ»,— ասում է Սիրուն Թափուքչյանը, որը ամիսներ առաջ ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան:

«Մեր՝ սփյուռքահայերիս այսօրվա առաքելությունը՝ Հայաստանում ապրելն է, մեր երկիրը ուժեղացնելը: Հիշում եմ, թե ինչպես էր տարիներ առաջ մայրս պատմում իմ մեծ հոր ու մոր անցած ճանապարհի մասին: Այն դժվարությունների, որի միջով անցել են նրանք: Ես այս ճակատագրական պահին իմ հայրենիքի կողքին եմ ու պետք է աշխատեմ իմ երկրում: Ես ուրախ եմ, որ ճանաչում եմ իմ արմատները, գիտեմ նրանց անցած ուղու մասին: Սա մեծ առավելություն է: Շատ ազգեր չունեն դրա հնարավորությունը: Իսկ սփյուռքի այսօրվա գործը՝ Հայաստանի կողքին լինելն է»,- ասում է կամավոր Սիրուն Թափուքչյանը:

Սիրուն Թափուքչյանը Birthright Armenia «Դեպի Հայք» ծրագրի մասնակից է։Աշխատել է Սփյուռքի Գործերի Գլխավոր Հանձնակատարի գրասենյակում՝ որպես թարգմանիչ, այնուհետև կինոռեժիսորի մոտ՝ որպես թարգմանիչ, նաև մասնակցել է նրա գեղարվեստական ​​ֆիլմում և վերջերս սկսել է կամավոր աշխատել Համազգային պետական ​​թատրոնում։

Back to top button