Այսօր լրանում է Համո Սահյանի ծննդյան 100-ամյակը (լրացված)
լրացված է ժ-ը 16.29-ին
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հմայակ Սահակի Գրիգորյանը`նույն ինքը` Համո Սահյանը, 100 տարեկան է: Բանաստեղծը գրականություն մտավ պոետական այն սերնդի հետ, որն իր առաջին վարժություններն էր անում անմիջապես նախապատերազմյան տարիներին, բայց «մկրտվեց» ռազմի փոթորիկներում, ապա հասակ առավ հետպատերազմյան շրջանում` մասնավորապես անհատի պաշտամունքից հետո: Համո Սահյանի համար պոեզիան ամենայն վեհի ու կատարյալի մարմնացումն է, կյանքն է ու սերը, աշխարհի ու տիեզերքի խտացումը: Այս տարի Համո Սահյանի 100-ամյակի հոբելյականան միջոցառումների կառավարական հանձնաժողովը գործելու է ամբողջ տարի: Արդեն մեկնարկել են բանաստեղծին նվիրված ֆիլմի նկարահաանումները:
«Որոտանի եզերքին», «Առագաստ», «Սլացքի մեջ», «Ծիածանը տափաստանում», «Բարձունքի վրա», «Նաիրյան դալար բարդի», «Հայաստանը երգերի մեջ», «Մայրամուտից առաջ» և «Քարափների երգը» բնության երգիչ Համո Սահյանի բանաստեղծական ժողովածուների հանրագումարն է: Խորհրդանշելով հեղինակի գրական կենսագրությունը` պարզում ենք պոետական մի խոշոր անհատականության ստեղծագործական ուղին նախափորձերից մինչև հասունություն, մեծ կամ փոքր ազդեցությունների հաղթահարումից մինչև բարձունքների նվաճում: Համո Սահյանը հայ բանաստեղծության եզակի այն ներկայացուցիչներից է, ովքեր մեր դարավոր պոեզիայի ավանդները պահեցին անմեռ, զարգացրին ու հարստացրին և նորօրյա մեր քերթությունը հնչեցրին տանը և դրսում: Բարձր ներշնչումի բանաստեղծ է Համո Սահյանը` գերանզացապես քնարական խառնվածքով: Բանաստեղծը մեր օրերի մարդու բնորոշ հատկությունը համարում է կառուցման ու պայքարի ոգին, ձգտումը դեպի բարձրը, կատարյալը: Վառվի՛ր աշխատանքում, աշխատանքի մեջ, փնտրի՛ր բախտավորություն: Հասարակական պարտքի այսպիսի գիտակցություն է մշակում Սահյանը: Մեծերի ամփոփատեղի` Պանթեոն, եկածների կարծիքների հանրագումարային գնահատականն է:
Նրա համար պոեզիան ամենայն վեհի ու կատարյալի մարմնացումն է, կյանքն է ու սերը, աշխարհի ու տիեզերքի խտացումը: Այսօր հայ մեծ բանաստեղծի ծննդյան կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնը մարդաշատ էր սահյանագետներով և նրա անունը կրող դպրոցի աշակերտներով:
«Համո Սահյան» հիմնադրամի տնօրեն Շչորս Դավթյանն ուրախացրեց Սահյանի արվեստը գնահատողներին: Տպագրվել է բանաստեղծի քառահատորի երկրորդ հատորն ու «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների ժողովածուն, որն ի դեպ 5-րդ հրատարակությունն է:
Մարդը ստանալ գիտի և տալ, ընկնել ու բարձրանալ, բարուն հավատալ ու մնալ բարի, որքան էլ ժամանակը ծանր լինի ու հակասական, դիմանալ ցավերին, անանցանելի վիհեր անցնել, արտասվել սրտանց, սրտի խոսք ասել մարդկանց, ուսերին տանել նրանց հոգերի ծանրությունը:
ՇՏԿԵՆՔ ԱՍՊԱՏՆ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ
Թեկուզ մի քիչ կորանալով…
Այս է Համո Սահյանի բարոյական սկզբունքը: Աշխարհի համերգում չհամրանալ, կյանքի մանրուքներում չմանրանալ: