ԿարևորՀասարակություն

ԵԽԽՎ-ում ՝ հայ պատանդներին ազատ արձակելու կոչեր, Բաքվում՝ ապօրինի նոր դատավարություն

ԵԽԽՎ–ում  Լեռնային Ղարաբաղին վերաբերող բանաձևով կառույցը Բաքվի առջև մի քանի, այդ թվում՝ հայ ռազմագերիներին ու պահվող անձանց ազատ արձակելու պարտավորություն է դնում։ Եթե Ադրբեջանը չկատարի իր պարտավորությունները, Վեհաժողովը ստիպված կլինի կոչ անել Նախարարների կոմիտեին լրացուցիչ համատեղ ընթացակարգ սկսել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների լուրջ խախտման՝ նշվում է փաստաթղթում։

Կոչին զուգահեռ  Ադրբեջանը շարունակում է ապօրինի մեղադրանքերով դատավարությունները։ Անդրադառնալով դրանցից մեկին՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը,  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում գրել է, որ նա պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և իր պապենական հողի վրա ապրելու համար։

ԵԽԽՎ-ն Ադրբեջшնին կոչ է անում ազատ արձակել ԼՂ բոլոր կալանավորվածներին և Ադրբեջшնում պահվող հայ ռազմшգերիներին։ Նախօրեին ընդունված բանաձևը չի բացառում, որ կարող է վիճարկվել նաև ԵԽԽՎ առաջին նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակության մանդատը։

«Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները»,-բանաձևի ընդունումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Վեհաժողովը կոչ է անում Նախարարների կոմիտեին ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ մոնիտորինգային գործընթաց՝ հիմք ընդունելով ԵԽ անդամ երկրների կողմից ստանձնած հանձնառությունների կատարման վերաբերյալ 1994թ հռչակագիրը: Կոչ է անում Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև լրացուցիչ համատեղ ընթացակարգ սկսել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից կանոնադրական պարտավորությունների լուրջ խախտման:

Հայտնում է, որ Ադրբեջանի՝ իր պարտավորությունների չկատարման պարագայում վեհաժողովն այլ ընտրություն չի ունենա, քան 2024թ. ԵԽԽՎ առաջին նստաշրջանի ընթացքում վիճարկել Ադրբեջանի պատվիրակության մանդատը, ինչը կնշանակի, որ Ադրբեջանի պատվիրակության մասնակցությունը ԵԽԽՎ-ում առնվազն ժամանակավորապես կդադարեցվի», – գրել է Ռուբինյանը:

Վեհաժողովը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ողբերգական արտագաղթը չպետք է ընդունվի որպես նոր իրականություն, դրա համար որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր՝ Ադրբեջանը պետք է պահպանի հավատարմություն կազմակերպության հիմնարար արժեքներին և դրսևորի պատրաստակամություն՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

Վեհաժողովը հղում է կատարում ՄԻԵԴ–ի այս տարվա սեպտեմբերի 22-ին ընդունած որոշմանը` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ կատարել դրանք:

Քաղաքագետ Արա Պողոսյանը իրատեսական է համարում Ադրբեջանին ԵԽԽՎ նիստերից ժամանակավորապես զրկելու գործողությունը, առավել ևս, որ դրա համար հիմքեր կան։  Բաքուն վերջերս հրաժարվում է արևմտյան հարթակներից՝ նախապատվությունը տալով նոր հարթակների ձևավորմանը, օրինակ՝ «3+3»-ին՝ « Ռադիոլուրին» հիշեցնում է Պողոսյանը։

«Գրանադայում Ադրբեջանի բոյկոտի հետևանքով արևմտյան երկրների կողմից հռետորաբանության որոշակի կոշտացում է նկատվում։  Ժամանակավորապես կասեցման մասին այս պահին կարող է խոսք լինել, ոչ ավելին, քանի որ Արևմուտքը հույս ունի ինչ-որ կերպ Ադրբեջանին ևս բերել իր ազդեցության դաշտ։ Հետևաբար՝ իրատեսական չէ, որ Ադրբեջանին հեռացնեն ԵԽ-ից »։

Բանաձևն անդրադառնում է նաև իրենց հայրենիքից Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հետևանքով առաջացած  ծանր հումանիտար իրավիճակին և ընդգծում Հայաստանին աջակցելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գործողությունների միջոցով։

Մինչ ԵԽԽՎ–ն բանաձև է ընդունում և  կոչեր ուղղում Բաքվին, Ադրբեջանը հերթական անօրինական դատավարությունն է սկսում։

Ապօրինի գերեվարված Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր ավելի քան երկու ամիս առաջ Լաչինի միջանցքում Կարմիր խաչի մեքենայից։ Բաքուն նրան մեղադրում է իբրև թե1991 թվականին «ցեղասպանություն, ադրբեջանցիների տեղահանություն իրականացնելու համար»՝ հիշատակելով Խոջալուի դեպքերը։

Առևանգված Խաչատրյանը պատժվում է ընդամենը Լեռնային Ղարաբաղում ծնվելու և իր պապենական հողի վրա ապրելու համար՝ Բաքվի շինծու մեղադրանքներին X-ում այսպես է արձագանքել  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ուզում եմ սա շատ պարզ ասել՝ Ադրբեջանում, որտեղ իշխանությունը չի փոխվել ավելի քան 20 տարի, այդ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ընտրվել են 5 նախագահներ, և  Freedom House-ը ԼՂ-ն գնահատել է որպես մասամբ ազատ (37 միավոր) բոլոր ցուցանիշներով, իսկ Ադրբեջանը՝ «ոչ ազատ» (9 միավոր), ինչը ևս մեկ վկայություն է, որ չի կարող լինել արդար դատաքննություն, արդար դատարան և/կամ արդարացի մեղադրանք։ Բոլոր առկա դատավարությունները ֆարս են, ծաղր Եվրոպական կոնվենցիայի նկատմամբ և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում»։

Շինծու «դատավարության մասին X-ում գրել նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ներկայացնելով, որ Վագիֆ Խաչատրյանը ԿԽՄԿ պաշտպանության ներքո տեղափոխվում էր սրտի վիրահատության համար և առևանգվել է ապօրինի անցակետում ԼՂ-ում էթնիկ զտումներից շաբաթներ առաջ։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանն էլ ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի այս կազմակերպության գաղափարական վախճանը։

Back to top button