ԿարևորՀասարակություն

18-րդ «ԴիջիԹեքը» հյուրընկալել է նաև արցախյան ընկերությունների

Հոկտեմբերի 13-15-ը Երևանում անցկացվում է ամենամյա «ԴիջիԹեք» տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսը։ Ավելի քան 120 կազմակերպություն, այդ թվում՝ 60 ստարտափ, մասնակցում են ոլորտային ստուգատեսին։ Կազմակերպիչներն ընդգծում են՝ սա լավ առիթ է ոչ միայն հանրությանը ՏՏ ոլորտի նորությունների մասին պատմելու, այլև նոր համագործակցություններ ու ներդրումներ գտնելու համար: Այս տարի առաջին անգամ ցուցահանդեսին մասնակցում են նաև արցախյան ՏՏ ընկերություններ։

Նոր գործընկերներ, համագործակցություն ու ներդրումներ գտնելու ակնկալիքով է արցախյան «Մունք» տեխնոդպրոցը մասնակցում «ԴիջիԹեքին»։ Դպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը պատմում է՝ տեղահանման ժամանակ մի կերպ կարողացել են իրենց գույքի մեծ մասը դուրս բերել Արցախից, բայց ամենակարևորը՝ իրենց երազանքներն ու նպատակներն են բերել։ Տեխնոլոգիական կրթություն առաջարկող «Մունք»-ում վստահ են՝ լավ հայրենիք ունենալու ճանապարհը կրթությունից է սկսվում։

«Արցախում ծրագիրը գործում էր 7 համայնքերում։ Երկու տեխնոդպրոց ունեինք մեկը՝ Ստեփանակերտում, մյուսը՝ Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում։ Արցախում 250-ից ավելի շահառուներ ունեինք, իսկ ամենամեծ ձեռքբերումը շուրջ 40 շրջանավարտներն էին, որ, վստահ եմ՝ արդեն այս տարի կտեղավորվեն աշխատանքի հայաստանյան ՏՏ ոլորտում և որոշ դեպքերում, լինելով անչափահաս, կդառնան տան կերակրողը»։

Դպրոցը Արցախից տեղահանվելուց հետո հաստատվել է Լոռու մարզում։ Արդեն որոշակի տարածք ունեն, որտեղ կարող են վերսկսել աշխատանքները՝ ասում է Ավանեսյանը, միակ խնդիրը ընթացիկ ծախսերի համար գումար ու ներդրողներ գտնելն է։

Ներդրումների ու նոր գործընկերների հետևից «ԴիջիԹեք» են եկել նաև մարտակերտցի մի խումբ երիտասարդներ։ Արցախում ծրագրում էին նորարարական լուծումներով երիտասարդական կենտրոն բացել ու զարգացնել համայնքը․ հիմա արդեն կիսատ թողած գործը Հայաստանում կշարունակեն՝ վստահ է «Beety » կազմակերպության համահիմնադիր Մերի Հովհաննիսյանը։

«Երկու հարկանի շենք ունեինք Մարտակերտում, որ պետք է վերածվեր Beety co-working տարածքի ու համայնքային զարգացման ինկուբատորի, սակայն, երբ արդեն «ռեԱրմենիա»-ում դրամահավաք պետք է սկսվեր շինարարությունը սկսելու համար, սկսվեց շրջափակումը ու չհասցրինք դրամահավաք անել։ Այդ ընթացքում փորձում էինք ակտիվացնել Մարտակերտը, երիտասարդների ներգրավվել մեր թիմ»։

Արցախցի երիտասարդների մի խումբ էլ ՏՏ ցուցահանդեսին մասնակցում է հայրենակիցների համար աշխատատեղեր գտնելու հույսով։ Հոկտեմբերի վերջին մտադիր են «Artsakh career expo»-ն կազմակերպել, որ օգնեն Հայաստանում հաստատված արցախցիներին աշխատանք գտնել։

Արցախյան ընկերությունները «ԴիջիԹեքի» միակ նորեկները չեն։ Այս տարի տեխնոլոգիաների ամենամեծ, ամենահին ու ամենաընդգրկուն ցուցահանդեսին մասնակցում են նաև պաշտպանական ոլորտի հասարակական կազմակերպություններ ու նախաձեռնություններ։ «Ազատազեն» քաղաքացիական հրաձգարանի ներկայացուցիչ Արամ Քոչարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ երկար են մտածել, փորձել են գտնել իրենց ու տեխնոլոգիաների կապը, բայց որոշումը միանշանակ է եղել․ մասնակցելու են ցուցահանդեսին։

«Մենք ուսումնասիրեցինք ու հասկացանք, որ «ԴիջիԹեքը» իր մեջ նաև կրթական բաղադրիչ ունի, ու կոնկրետ «Ազատազենի» ներկայությունն այստեղ ուսուցողական է։ Մենք ցանկանում ենք հանրությանը ցույց տալ զենքերը, պատմել մեր մասին, մեր ուսումնական ծրագրերի մասին, ու թե ինչպես կարող են գալ մեզ մոտ մարզվելու»,-ասում է Արամ Քոչարյանը։

«Տեխնելեգիաներն ամենուր են»․ «ԴիջիԹեքն» այս տարի այս կարգախոսով է ներկայանում այցելուներին․ բժշկությունից  մինչև ռազմարվեստ, ձայնի մշակումից մինչև բանկային ոլորտ ու գյուղատնտեսություն։ Էքսպոյին առանձին տաղավարով նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է մասնակցում։ Համալսարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանն ասում է՝ Հայաստանը խելացի գյուղատնտեսության ոլորտում հսկա չօգտագործված ներուժ ունի։

«Մենք ներկայացնում ենք մեր ագրոդրոնների լաբորատորիան, որը համալասարանում հիմնվել է 1 տարի առաջ և համալրվել ժամանակակից համաշխարհային տեխնիկայով։ Դրանք մենք օգտագործում ենք գյուղատնտեսության մեջ, օրինակ՝ պարարտացման, թունաքիմիկատների տարածման, քարտեզագրման և այլնի համար»,-ասում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակազմի ղեկավարը։

Ավելի քան 120 կազմակերպություն, այդ թվում՝ 60 ստարտափ, 3 օր շարունակ կպատմեն իրենց ձեռքբերումների մասին։ «ԴիջիԹեքը» 18 տարեկան ու արդեն «չափահաս» հարթակ է, որտեղ ՏՏ համայնքը հաշվետվություն է ներկայացնում, փնտրում ու գտնում նոր համագործակցություններ՝ շեշտում է ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը։

ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնակատար Սարգիս Կարապետյան

«ԴիջիԹեքը» 18 տարի իրականացվում է, ունենալով 3 ուղղությամբ աշխատելու առաքելություն․ առաջինը՝ հայկական տեխնոլոգիական աշխարհը համախմբելն է և միմիանց հետ համագործակցությունը խթանելը, երկրորդը՝ ավելի լայն, տեխնոլոգիաներից դուրս հասարակությանը տեխնոլոգիական զարգացման հետ ծանոթացնելն է, և երրորդը՝ համաշխարհային շուկայում հայկական տեխնոլոգիաները քարտեզի վրա ամրացնելն է»։

Այս տարի ԱՏՁՄ 100% ֆինանսավորմամբ աջակցել է սկսնակ ու փոքր տեխնոլոգիական թիմերի մասնակցությունը, հենց նրանց համար էլ գործարկել են նաև «Վերելակի 1 րոպեանոց» ֆորմատը, որտեղ սկսնակները կփորձեն ներկայանալ ու ֆինանսավորման հնարավորություն ստանալ փորձառու 24  ներդրողներից։

Back to top button