ԿարևորՀասարակություն

Սեպագիր արձանագրությունը, պաշտոնյաները, մաղթանքն ու երդումը կային, լրագրողները՝ ոչ

Երևանի ավագանու արտահերթ նիստում տեղի է ունեցել  նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունը։ Տիգրան Ավինյանը պաշտոնը ստանձնել է մայրաքաղաքի գերբի ու դրոշի, առաջին անգամ նաև՝ մայրաքաղաքի անձնագրի՝ մ.թ.ա 782 թվականով թվագրված Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա տված երդմամբ։ Քաղաքապետի երդմնակալության արարողությանը լրագրողների մասնակցություն չի նախատեսվել։ Նրանք ընտրված քաղաքապետի հետ առաջին զրույցը կարողացել են ունենալ ավելի ուշ՝ պաշտոնական արարողությունից և բոլոր հյուրերի հեռանալուց հետո։

2003-ին էկրանը կանգնեց լրագրողի ու երդվողի միջև Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ։ Սա Հայաստանում նման առաջին դեպքն էր։ Այս պահի դրությամբ վերջինը տեղի ունեցավ այսօր․ երդվող քաղաքապետը արարողությունից հետո քաղաքապետարանի դռները լրագրողների առաջ բացելիս ասաց՝ դիտավորություն մի փնտրեք։

«Դուք տեսաք, որ երդմնակալությունը մի փոքր այլ ֆորմատով է տեղի ունենում, մի փոքր ավելի խիտ էր և ծանրաբեռնված էր և ներցից ապահովվել է ուղիղ եթերը և նյութերը, որ եղել են ներսում, տրվել են բոլոր լրագրողներին։ Դա ընդամենը կազմակերպչական հարց էր և հենց հիմա դուք գտնվում եք Երևանի քաղաքապետարանի ներսում»։

Լրագրողները, որ այդ պահին արդեն քաղաքապետարանի ներսում էին, դրանից 1.5 ժամ առաջ՝ դրսում՝ ոստիկանական խմբի հակառակ կողմում,  հիշեցրին՝ արարողությանը պաշտոնյաներ, հյուրեր, հետևաբար նաև՝ նրանց հետ զրուցելու ցանկություն է եղել․

«Ամենայն հարգանքով, բայց քաղաքապետարանը լրագրողների և այլ պաշտոնյաների միջև հանդպման վայր չէ։ Այսօր երդմնակալության արարողությունն էր, որը մենք ցուցադրել ենք ուղիղ եթերով»։

Պաշտոնատար այդ անձանց Տիգրան Ավինյանը դիմավորեց անձամբ՝ տանտիրոջը բնորոշ ժեստով՝ քաղաքապետարանի դռների առաջ։ Ջերմ գրկախառնություններն օրենսդրի ու գործադրի տարբեր ներկայացուցիչների հետ էին՝ նախարարներ, պատգամավորներ, ԱԽ քարտուղար, ԲԴԽ նախագահ, վերջում արդեն՝ նախագահ ու վարչապետ։

«Ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը երդվում եմ՝ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչներին․․»

Երևանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետը երդվեց՝ ձեռքը դրած մայրաքաղաքի անձնագրի՝ մ.թ.ա 782 թվականով թվագրված Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա։

Գերբի, դրոշի, նույնիսկ սեպագիր արձանագրության ներկայությամբ տրված երդումից հետո հերթը շնորհավորանքներինն ու բարեմաղթանքներինն էր ։

Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան․

«Մենք լծակից ու գործակից ենք ձեզ, միաբանվե՛նք հանուն Երևանի և երևանցու, այս կարգախոսով գործենք՝ ի շահ քաղաքամայր Երևանի և սիրելի երևանցիների»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան․

«Մարդիկ որևէ մեկի օգտին քվեարկելիս՝ անկախ նրանից, թե ում օգտին են քվեարկել, մի ակնկալիք են ունեցել՝ տեսնել ծաղկուն Երևան և երջանիկ երևանցի: Սա թվում է, թե բարդ, բայց կատարման համար անխուսափելի խնդիր է: Եվ այս խնդիրը լուծելն ամենևին էլ միայն քաղաքապետի գործը չէ, այլ նաև Երևանի ավագանու ամբողջ կազմի»:

Երևանի ավագանու ամբողջ կազմը, սակայն, մաղթանքների անմիջական հասցեատերը չդարձավ, քանի որ ներկա չէր արարողությանը։ Նորընտիր քաղաքապետն ասում է՝ հրավերի սպասելու կարիք չկար․

«Կներեք, բայց ավագանու անդամները չեն կարող հրավիրվել իրենց նիստերին, իրենք պարտավոր են մասնակցել նիստերին։ Սա հատուկ նիստ էր, ճիշտ է, ավելի արարողակարգային, բայց այդտեղ հատուկ հրավեր պետք չէ, տանտիրոջը չեն հրավիրում տուն։ Տանտերը պետք է գա տուն և տեր կանգնի իր տանը, ոչ թե բողոքի, որ իրեն չեն հրավիրել իր իսկ սեփական տուն»։

Երդմամբ քաղաքապետ դառնալը հաստատած Տիգրան Ավինյանի՝ լրագրողների հետ առաջին ճեպազրույցը՝ մոտ 18 րոպե տևողությամբ, մի քանի հարցի պատասխանեց․

1) «Քաղաքացիական պայմանագիր»-ը որևէ կերպ չի ներազդել, որ ավագանու առաջին նիստին, որում պետք է քաղաքապետ ընտրեին, բավարար թվով անդամներ ներկայանային։

«Մենք առհասարակ նման առևտուրների մեջ չենք մտել և չենք պատրաստվում մտնել: Այն հարցերը, որոնք վերաբերում են քրեական դատավարություններին, քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց, չենք կարող առհասարակ առևտրի առարկա դարձնել, քանի որ առհասարակ այդ դաշտ չենք էլ մտնում»։

2) «Քաղաքացիական պայմանագիր»-ը փոքրամասնության իշխանություն չէ․

«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, իսկ այն ինձ չի դավաճանում, բոլոր վարչական շրջաններում մեր քաղաքական ուժը ստացել է ամենաշատ ձայները»։

3) «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթանակը հրավառությամբ չի նշելու․

«Հրավառություններ Երևանում արգելված են, կարող են լինել միայն պետական տոների ու հատուկ արարողությունների ժամանակ։ Ես կարծում եմ՝ Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությունը կարևոր իրադարձություն է, բայց ոչ այնքան կարևոր, որ հրավառություն լինի»։

Որոշ հարցերի պատասխաններ Ավինյանը խոստացավ տալ առավել ուշ։ Այսպես առաջիկա շաբաթներին միայն կպարզվի՝ ովքեր են ղեկավարելու մայրաքաղաքի գլխավոր վարչությունները, ով է լինելու փոխքաղաքապետ։

Back to top button