ԿարևորՔաղաքական

Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին ՀՀ-ում ժողովրդավարության անշրջելիությունը․ Փաշինյան

Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն անշրջելի է, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա շնորհավորել է Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետ ընտրվելու առիթով։ Ըստ նրա՝ սա իսկապես շատ մեծ պատասխանատվություն է ոչ միայն Տիգրան Ավինյանի համար, ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, այլև բոլոր այն մարդկանց համար և այն մարդկանց առաջ, ովքեր մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին։

«Մարդիկ, որևէ մեկի օգտին քվեարկելիս՝ անկախ նրանից, թե ում օգտին են քվեարկել, ունեցել են մի նպատակ՝ տեսնել ծաղկուն Երևան և տեսնել երջանիկ երևանցի։ Սա, թվում է թե բարդ, բայց կատարման համար անխուսափելի խնդիր է։ Եվ այս խնդիրը լուծելը միայն քաղաքապետի գործը չէ, այլ նաև՝ Երևանի ավագանու ամբողջ կազմի։ Ես ուզում եմ շնորհավորել նաև Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով խմբակցություն ձևավորված բոլոր կուսակցություններին և մաղթել նրանց պտղաբեր աշխատանք՝ հանուն Երևանի և երևանցիների»։

Փաշինյանի խոսքով այս ընտրությունները ցույց տվեցին ժողովրդավարության անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում։

«Ընտրությունների ամբողջ գործընթացը, իհարկե, անցավ լարված, բայց ընտրությունների և Հայաստանի ժողովրդավարական էությունը որևէ կերպ չստվերվեց»,- նշել է ՀՀ վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝այս ընտրություններն ապացուցեցին այդ տրամաբանության անշրջելիությունը Հայաստանում։

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ Երևանի կառավարման նոր մոդելը կարդարացնի իրեն։

Back to top button