ԿարևորՀասարակություն

Նորընտիր քաղաքապետը երդվեց

Երևանի քաղաքապետարանի նորընտիր ավագանու հատուկ նիստում տեղի ունեցավ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը:

Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլք։

Ստանձնելով Երևանի քաղաքապետի լիազորությունները` Տիգրան Ավինյանը երդվեց.

«Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։

Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար,

պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը,

ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին,

աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»։

Նորընտիր քաղաքապետի երդման տեքստն ի պահ հանձնվեց Երևան քաղաքի պատմության թանգարան:

Հոկտեմբերի 10-ին Երեւանի ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրվեց Երեւանի քաղաքապետ:

Քվեարկությանը մասնակցել է ավագանու 65 անդամներից 37-ը, անվավեր քվեաթերթիկ չի եղել: Տիգրան Ավինյանին կողմ է քվեարկել 32, դեմ` ավագանու 5 անդամ։

Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների տվյալներով նորընտիր ավագանու մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր»- 24 մանդատ

«Ազգային առաջընթաց»-14 մանդատ

«Մայր Հայաստան»-12 մանդատ

«Հանրապետություն»-8 մանդատ

«Հանրային ձայն»-7 մանդատ։

Back to top button