ԿարևորՀասարակություն

Դեռ ժամանակ կա կանխելու հայերի էթնիկ զտման անշրջելիությունը․ միջազգային եվրախորհրդատուն ՄԱԿ-ի դատարանում

Այս տարվա սեպտեմբերի 20–ին Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացրել։ ՄԱԿ–ի արդարադատության դատարանն այսօր կողմերի բանավոր փաստարկներն է լսել։ Գործը վերաբերում է «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառությանը՝ «Հայաստանի գործն  ընդդեմ Ադրբեջանի»։ Հայաստանը բանավոր իր փաստարկներն է ներկայացրել, նաև խնդրել է Դատարանին իր կայացրած որոշումներով վերահաստատել Ադրբեջանի վրա դրված պարտավորությունները, որոնք ընդունվել էին 2022 թվականի դեկտեմբերի 7-ին և 2023 թվականի փետրվարի 22-ին։

Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի արդարադատության դատարանից ավելի քան տասը միջանկյալ միջոց է ակնկալում՝  մինչ տվյալ գործով որոշում կայացնելը։ Դրանք Խաղաղության պալատում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Ըստ այդմ՝ Ադրբեջանը չպետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են խախտել միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները, Ադրբեջանը չպետք կատարի գործողություններ, որոնց նպատակն է ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղահանել Լեռնային Ղարաբաղում մնացող ազգությամբ հայերին, կամ որոնք կկանխեն վերջին ռազմական հարձակումների պատճառով տեղահանված անձանց արագ և ապահով վերադարձը իրենց տներ, այդ թվում՝  նրանց, ովքեր փախել են Հայաստան կամ երրորդ երկրներ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը պետք է ցանկացողներին թույլ տա առանց հեռանալ Լեռնային Ղարաբաղից։

«Ադրբեջանը պարտավոր է ռազմական և իրավապահ ողջ անձնակազմը հեռացնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բոլոր բնակավայրերից, որոնք զբաղեցվել են 2023 թվականի սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով։ Ադրբեջանը պետք է օգնի և խոչընդոտ չառաջացնի, որպեսզի ՄԱԿ-ը և նրա մասնագիտացված կազմակերպությունները կարողանան աշխատել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ։ Ադրբեջանը չպետք է որևէ կերպ միջամտի նրանց գործունեությանը։ Ադրբեջանը պետք է օգնի և որևէ կերպ չխոչընդոտի, որպեսզի «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն կարողանա օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Ադրբեջանը պարտավոր է համագործակցել «Կարմիր խաչի» հետ, որպեսզի հաղթահարվեն վերջին հակամարտության մյուս հետևանքները»։

Ադրբեջանը պարտավոր է անմիջապես ապահովել կոմունալ ծառայությունների, այդ թվում՝ գազամատակարարման ու էլեկտրաէներգիայի մատակարարման լիարժեք վերականգնումը Լեռնային Ղարաբաղում և պետք է ապագայում դրանք չխաթարի։ Պարտավոր է պատժիչ գործողություններ չձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ ռազմական անձնակազմի նկատմամբ։ Ադրբեջանը չպետք է ձևափոխի կամ ոչնչացնի որևէ հուշարձան՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակին կամ որևէ այլ հուշարձան, հայկական մշակութային վայր, որ դեռ կա Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել և օրինական համարել քաղաքացիական գրանցամատյանները, անձը հաստատող փաստաթղթերը, գույքի նկատմամբ իրավունքները և ռեգիստրները, որոնք ստեղծված են եղել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից։ Ադրբեջանը պարտավորված պետք է լինի չոչնչացնել և չբռնագրավել այդ մատյաններն ու փաստաթղթերը։  Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը իրականություն է՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում  հայտարարեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ Եղիշե Կիրակոսյանը դատարանի անդամերին հիշեցրեց, որ Ադրբեջանի՝ հայերի էթնիկ զտման ծրագրի մասին հայտնել էր դեռ ամիսներ առաջ․

«Ցավով եմ ձեզ ասում, որ դա հիմա արդեն իրականություն է դարձել։  9 ամսյա շրջափակումից հետո, երբ կոպտորեն խախտվել  են դատարանի որոշումները՝ ի հեճուկս միջազգային լայնածավալ դատապարտման, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին նախաձեռնեց մասշտաբային հարձակում ԼՂ-ի նկատմամբ։ Ցինիկաբար այդ ժամանակ  բացեց Լաչինի  միջանցքը 9 ամսվա ընթացքում առաջին անգամ, բայց միայն մեկ նպատակով, որ 100 հազարից ավելի հայերի դուրս թողնի այնտեղից»։

Հազարամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել, այսօր այնտեղ գրեթե հայեր չկան՝ շեշտեց Կիրակոսյանը․

«Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ ՝ որն է էթնիկ զտումը»։

Եթե Ադրբեջանն այսօր հայտարարի, որ հայերի հետ խաղաղ ապագայի ու  հաշտեցման կողմնակից է, ձեզ էլ այդ բառերը ծանոթ թվան, ապա պատճառն այն է, որ նույն բառերը 9 ամիս առաջ էր հայտարարել, հիշեցրեց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ Նա հավելեց, որ ինն ամսվա շրջափակումից հետո Ադրբեջանը դարձյալ հարձակվեց հայերի վրա ու նրանք ստիպված էին հեռանալ իրենց տներից։ Հայերի վերադարձի խոստում Ադրբեջանը տվել էր  ավելի վաղ, բայց 2 տարի անց էլ անգամ մեկ հայ չի վերադարձել հայկական տարածքներ։ Փոխարենը հայերին ստիպել են փախչել իրենց տներից։ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը էթնիկ հայերից ազատվելու քայլեր է ձեռնարկել, դա արել է Հայաստանի ներկայացրած դիմումի քննարկմանը զուգընթաց։ Միջագային հանրությունը չկանգնեցրեց այդ գործընթացը՝ քաղաքական նկատառումներից ելնելով, ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը․

 «Այսօր դուք կարող եք տեղում իրապես փոխել իրավիճակը։ Դեռ ժամանակ կա կանխելու էթնիկ հայերի հարակդրական  տեղահանության անշրջելիությունը։ Պահպանելու այն սակավաթիվ հայերին, ովքեր դեռ Ղարաբաղում են, ինչպես նաև նրանց, ովքեր առևանգվել են ու ներկայումս ապօրինաբար առևանգված են պահվում Ադրբեջանի բանտերում»։

ՄԱԿ-ի արդարադատության  դատարանի անդամներին  Հայաստանի եվրախորհրդատուները փաստերով, լուսանկարներով ու տեսանյութերով ներկայացրին, թե ինչպես հայերը բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից։ Լոուրենս Մարտինն արձանագրեց՝ վայրագություններ, խոշտանգումներ, խեղումներ են տեղի ունեցել։ Սրա մասին նաև Հայասանի ՄԻՊ արտահերթ զեկույցն է փաստում։ Ավելին՝ Արցախում նաև հայ երեխաներ են կորել։ Էթնիկ հայերը ստիպված են եղել դուրս գալ զուտ ռասսայական հիմքով․

«Վախենալով իրենց կյանքի համար, Լեռնային Ղարաբաղի էթնիկ  հայերը  ստիպված էին փախուստի դիմել։  Լաչինչի միջանցքը, որը նախորդ 9 ամիսներին ամբողջությամբ փակ էր, հիմա անմիջապես բացվեց։  Ադրբեջանը ցինիկորեն հայտարարեց, որ բացել է միջանցքները՝  վտանգի գոտուց բնակչությանը  տարհանելու համար։ Վտանգի գոտի, որը ինքն էր ստեղծել և որը ամբողջությամբ գտնվում էր իր վերահսկողության ներքո»։  

Հայաստանի խորհրդատուները տեղեկացրին՝ Լեռնային Ղարաբաղում բոլոր ժամանակներում բնակչության 85 տոկոսը հայեր են եղել։ Այսօր այնտեղ մի քանի հոգի են մնացել։ իսկ Ադրբեջանի՝ փախստականների վերադարձի ծրագիրը ռասսիստական է, որը նախատեսում է հայրենիքից հեռացած հայերին փոխարինել ադրբեջանցիներով։ Ադրբեջանը ցանկանում է, որ դատարանը չխանգարի իրեն։       

Հայաստանի եվրախորհրդատու  Ալեքսանդր Սիսիլիանոսը հիշեցրեց՝ հայերը իրենց տարածքը լքել են՝ ուժի կիրառումից, խոշտանգումների ու սպանություններից հետո։ Նրանցից ոմանք կամայականորեն ձերբակալվել են։ Եթե դատարանը հրատապ քայլեր չձեռնարկի, ապա այս պահին էլ Էթնիկ զտումը տեղի է  ունենում՝ արձանագրում են միջազգային իրավախորհրդատուները։ Նրանք տեղեկացնում են, որ այս պահին էլ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի առնվազն 8 բարձրաստիճան անձանց է ձերբակալել՝ ապօրինի մեղադրանք առաջադրելով։  Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու միջնորդություն ներկայացրել է այս տարվա սեպտեմբերի 20-ին։

Back to top button