ԿարևորՀասարակություն

309 մլն դրամ՝ տարեկան. արցախցի ուսուցիչներն աշխատանք կունենան

Կառավարությունը հաստատել է 2023 թվականին Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը: ԿԳՄՍ նախարարությունը տեղահանված ուսուցիչներին կօգնի մասնագիտական աշխատանք գտնել ՀՀ դպրոցներում։ Հավաքվող տեղեկատվության համար կարևորվել է բնակության վայրը՝ անկախ հետագայում տեղափոխվելու հնարավորությունից։

Տեղահանված ուսուցիչները պարտավորված չեն լինի մասնակցելու որևէ մրցութային գործընթացի: Բացի այդ կստանան իրենց բազային աշխատավարձի 30 տոկոս հավելավճար: Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի տարեկան շուրջ 309 մլն դրամ։

Գայանե Նարիմանյանը Արցախից բռնի տեղահանվածներից մեկն է։ Ավելին՝ նա կրկնակի տեղահանված է։ Առաջին անգամ 2020 թվականի 44-օրյայից հետո Հադրութից տեղահանվեց։ 15 տարվա մանկավարժը հիմա արդեն ոչ միայն կեցության հարցը պետք է լուծեր, այլև աշխատանքի, ապրուստի։ Զրուցակիցս Արցախից հետո իր կյանքը միայն Էջմիածնում էր պատկերացնում։ Այդպես էլ եղավ։ Այժմ վարձով բնակվում է Էջմիածնում և հոկտեմբերի 2-ից դասվար է աշխատում Երվանդ Օտյանի անվան համար 7 դպրոցում։ Դիմել էր թափուր տեղի համար։ Կարճ ժամանակում հրավիրել էին աշխատանքի։

«Շատ լավ ընդունեցին։ Երեխաները շատ գեղեցիկ դիմավորեցին՝ ծաղիկներով։ Բոլոր ուսուցիչները օգնության ձեռք մեկնեցին, թեմատիկ ծրագրերով, գրքերով, ամեն ինչով օգնեցին։ Այժմ իմ գերակա նպատակն է լավ աշխատեմ, որպեսզի արդարացնեմ»։

Ի տարբերություն Գայանե Նարիմանյանի, Ասկերանի շրջանի Բերքաձորի հիմնական դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Գայանե Բալայանը դեռ աշխատանք է փնտրում։ Հիմա նույնիսկ շրջափակման օրերն է ջերմությամբ հիշում։ Դժվարությունները շատ էին, հաճախ ստիպված էին ոտքով Ստեփանակերտից հարևան գյուղ հասնել, գիշերը հացի հերթում լուսացնել, առավոտյան վաղ արթնանալ, որ հանկարծ դասից չուշանան․․․ Այսօր արդեն դասարան մտնելը նրա համար երազանքի նման մի բան է դարձել։

«Արդեն դիմել եմ աշխատանքի համար։ Եթե կլինի դպրոցում որևէ աշխատանք, մեծ հաճույքով կցանկանայի նորից շփվել աշակերտների հետ, նորից զգալ այդ հաճույքը։ Եթե ոչ՝ ցանկացած ասպարեզում, որն իմ սրտին շատ թե քիչ մոտ կլինի, կուզենայի աշխատել»։

Հազարավոր ընտանիքներ ստիպված էին տեղափոխվել Հայաստան՝ կորցնելով ոչ միայն հայրենի հողն ու տունը, այլև աշխատանքը։ Իրավիճակի վերլուծության և հավաքված տեղեկությունների հիման վրա Հայաստանի կառավարությունը կփորձի առավելագույնս ապահովել ուսուցիչների մասնագիտական աշխատանքի հնարավորությունը դպրոցներում։ 1500 թափուր աշխատատեղերի դեպքում Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները պարտավորված չեն լինի մասնակցելու որևէ մրցութային գործընթացի, ասում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը.

«Հնարավորություն ենք տալիս, որ իրենք արտամրցութային կարգով ընտրեն և հայտ ներկայացնեն այդ տեղը զբաղեցնելու համար։ Այս ծրագրի շրջանակներում ուսուցչին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներից տվյալ հաստատության միջոցով լրացուցիչ հատկացվում է լրավճար` մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հաստատություններ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան ու Բերդ համայնքների հաստատությունների սույն ծրագրից օգտվող ուսուցիչներին՝ ևս 50 հազար դրամ ֆիքսված լրավճար»։

Ըստ կանխատեսումների, 2023 թվականին Արցախից բռնի տեղահանված շուրջ1500 ուսուցիչներից մոտ 1000-ը կօգտվեն ծրագրից։ Իսկ դիմելու պայմանները հնարավորինս հեշտացված են,վստահեցնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․

«Հենց վաղվանից կգործի էլեկտրոնային հարթակը, որտեղ ուսուցիչները ընդամենը մուտքագրելով իրենց էլեկտրոնային հասցեն, կգրանցվեն և արդեն իսկ այդ էլեկտրոնային հարթակում հասանելի կդառնա թափուր աշխատատեղերի մասին ամբողջ ինֆորմացիան։ Ընդ որում դա խմբավորված է ըստ դասավանդման առարկաների և ըստ բնակավայրերի։ Այսինքն, եթե քիմիայի ուսուցիչ է մուտք գործում, միանգամից կտեսնի, թե քիմիայի գծով քանի թափուր աշխատատեղ կա և որ բնակավայրերում»։

Նախագծով՝ շահառուների պայմանագրի ժամկետ է սահմանվում այն կնքելու պահից մինչև 2-րդ ուսումնական տարվա ավարտը։ Եթե շահառուն երկու անգամ չեղարկում է ներկայացված դիմումը, այլևս առաջնահերթության իրավունք չի ունենում և ուսուցչական թափուր տեղի համալրման գործընթացին կարող է մասնակցել արդեն օրենսդրությամբ սահմանված կարգով:

Back to top button