ԿարևորՀասարակություն

ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկին:

Քննարկման առանցքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԵԽ-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններն էին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության կազմակերպման և հոգեբանական աջակցության ապահովման խնդիրները, Միգրացիայի և փախստականների հարցերով ԵԽ-ի գլխավոր քարտուղարության կողմից ծրագրային աջակցության հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալության է հայտնել ԵԽ պատվիրակությանը դժվարին օրերին աջակցության պատրաստակամության համար և նշել, որ  Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը 2023թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած Նախարարների կոմիտեի նիստի ընթացքում իր մտահոգությունն է արտահայտել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և վերահաստատել է Եվրոպայի խորհրդի տարածքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված իրավունքներից և ազատություններից լիարժեք օգտվելու՝ տեղահանված բնակչության իրավունքները:  ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող ծրագրերը կրթության ոլորտում: «Հիմնարար կրթության ապահովումը մեզ համար առաջնային է, և պարզեցված ու ճկուն ընթացակարգով ապահովվում է թե՛ դպրոցականների, թե՛ ուսանողների կրթության իրավունքի իրացումը՝ անկախ փաստաթղթերի անլիարժեքությունից»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնավորապես անդրադարձել է նաև Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով սոցիալհոգեբանական խնդիրներին աջակցության ծառայությունների կարևորությունը, որը ևս իրականացվում է ՀՀ-ում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում գտնվող շուրջ 4000 պատմամշակութային հուշարձանների վտանգված լինելու հանգամանքին, որոնք ոչ միայն ներկայացնում են հայկական ինքնությունը, այլև համաշխարհային մշակույթի գոհարներ են: «Քաղաքական հանգամանքները մշտապես կարող են փոխվել, բայց մշակութային կոթողները, որոնք համաշխարհային նշանակություն ունեն, չեն կորցնում իրենց արժեքը: Ակնկալում ենք միջազգային կառույցների ուշադրությունը այս հարցի շուրջ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Back to top button