Մոռացված ֆիլմերի ստվերները

Խաղարկային կինո առանց դերասանների. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Դրսում՝ Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին նվիրված երևանյան թեժ միջոցառումներն էին, իսկ ներսում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հյուրընկալ դահլիճում հայկական նոր՝ «Սուրբ ծեսերի երկիր» վավերագրական ֆիլմի պրեմիերան էր։ Ֆիլմ, որը նկարահանվեց անհավանական դժվարություններ հաղթահարելով, արժանացավ հանդիսատեսի հավանությանն ու, որքան էլ զարմանալի է, հայտնվեց մոռացության դաշտում։

Պատահում են ոչ այնքան հետաքրքիր կինոսցենարներ, որ հետաքրքիր են դառնում, երբ բեմադրող ռեժիսորը դրանց նկատմամբ յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում՝ ֆիլմում ներկայացվող գաղափարներն ընկալելով որպես կյանքի ճշմարիտ ստեղծագործություն։

Հաճախ է այսպիսի սկզբունքով աշխատում կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, որ կինոաշխարհ է մտել անցյալ դարի 90-ականների սկզբին։ Գեղարվեստական ֆիլմերի ժանրում ստեղծագործող ռեժիսորը անսպասելի առաջարկ է ստանում աշխատելու վավերագրական կինոյի ժանրում։

«Խաղարկային կինո առանց դերասանների»․ իր առաջին վավերագրական՝ «Սրբազան ծեսերի երկիր» ֆիլմն այսպես է բնորոշում Էդգար Բաղդասարյանը։ Այն էկրան է բարձրացել 2001 թվականին։ 62 րոպե տևողությամբ ֆիլմի գլխավոր հերոսները բնության տարերքներն են՝ ջուրն ու կրակը, երկինքն ու քարը, արևն ու ստվերը, որոնց միջոցով հանդիսատեսին է ներկայացվում քրիստոնեական և հեթանոսական ծեսերի սրբազան էությունը։

Էդգար Բաղդասարյան

«Հայաստանում քրիստոնեության1700-ամյակին նվիրված ֆիլմ նկարահանելու գաղափարը գործարար Մանուկ Գևորգյանինն է։ Նա երկար մտածում էր, թե ով պետք է մտահղացումը  իրականություն դարձնի։ Այնպես ստացվեց, որ այդ ժամանակ ես մասնակցում էի Շվեդիայի Գոտենբուրգ քաղաքում տեղի ունեցող կինոփառատոնին և շվեդական թերթերից մեկում լույս տեսավ իմ մասին պատմող մի հոդված, որը թարգմանվեց և վերատպվեց «Հայաստանի Հանրապետություն» թերթում։ Մանուկը հոդվածն ընթերցելուց հետո զանգահարեց ինձ և հարցրեց՝ Արդյո՞ք ինձ հետաքրքիր է հոգևոր թեմայով վավերագրական ֆիլմ նկարահանել, ես էլ պատասխանեցի՝ այո, բայց ես պիտի նկարահանեմ այն ինչ որ ես եմ տեսնում»,- պատմում է Էդգար Բաղդասարյանը։ 

Սցենարական աշխատանքներն ավարտելուց հետո մեկնարկում են «Սուրբ ծեսերի երկիր» ֆիլմի՝ բարդություններով և փորձություններով լի նկարահանումները։ Ակրոպոլ, Կապադովկիա, Երուսաղեմ, Վատիկան՝ ֆիլմի աշխարհագրությունն իր մեջ ներառում է հազարավոր կիլոմետրեր։ Իտալիայում նկարահանումներն ավարտելուց հետո նկարահանող խմբի հաջորդ կանգառը Թուրքիայի Բայազետ քաղաքում էր։ Արարատ լեռան հակառակ կողմում իրականացվող նկարահանումները կարող էին ողբերգական ավարտ ունենալ, եթե չլիներ նախախնամություն ասվածը։

«Թոնդրակ լեռան գագաթին նկարահանումները ավարտելուց հետո մեքենայով ցած ինջնելու ժամանակ անիվը պոկվեց և գլորվեց ցած։ Մենք անելանելի վիճակում էինք, որովհետև -30օC ջերմաստիճանի պայմաններում մեքենան վերանորոգելը անհնարին բան է։ Ճանապարհը սառած էր, և երթևեկող մեքենաները չէին կանգնում, որովհետև կանգնելուց հետո շարժվելն անհնար էր։ Եվ պատկերացրեք մեզ փրկեց մի քուրդ մեծահարուստ, որի մեքենան մի ժամանակակից ամենագնաց էր։ Նա շտապում էր Ռամադանի տոնը նշելու,  բայց մեզ տեսնելով կանգ առավ։ Եվ փաստացի նա փրկեց իմ և նկարահանող խմբի անդամների կյանքը»,-պատմում է Էդգար Բաղդասարյանը։

Ֆիլմն ավարտված էր, և Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակում՝ 2001 թվականին, մի քանի անգամ ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճներից մեկում։ Հետո այդ ժապավենին այլևս ոչ մի անդրադարձ չեղավ։

«Ֆիլմը, 2001 թվականին երեք անգամ ցուցադրվեց Մոսկվա կինոթատրոնում և վերջ։ Ցուցադրությանը հաջորդած երկար ու ձիգ տարիների ընթացքում փոխվեցին բազմաթիվ կառավարություններ, նրանցից յուրաքանչյուրը դիտելով ֆիլմը արձանագրում էր, որ այն ազգային արժեք է, հետևաբար պետք է պետականացվի, բայց գործնականում ոչ մի քայլ չէր արվում։ Եվ հիմա ազգային կինոկենտրոնի և մշակույթի նախարարության աջակցությամբ, վերջապես, քարը տեղից շարժվեց։ Հենց այս պահին, երբ մենք զրուցրոմ ենք, Լիտվայում ընթանում են գունաշտկման և վերանորոգման աշխատանքները։ Եվ ես հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց հնարավոր կլինի արդեն «Սուրբ ծեսերի երկիր» թվայնացված ֆիլմը նորովի ներկայացնել հանդիսատեսին»,-ասում է Էդգար Բաղդասարյանը։

Հավերժականն է Էդգար Բաղդասարյանի՝ «Սուրբ ծեսերի երկիր» ֆիլմի գլխավոր հերոսը։
Կինոռեժիսորի անունը վաղուց չափանիշ է գեղեցիկի, նորարարության ստեղծագործական խիզախության, և անվիճելի է, որ նրա նկարահանած ֆիլմերը հայ կինեմատոգրաֆի անբաժանելի մասն են։

Ուրեմն ողջունենք ազգային կինոկենտրոնի քայլը, որն ի թիվս այլ արժանավոր ֆիլմերի, «Սուրբ ծեսերի երկիր» կինոնկարը ևս փրկում է արխիվի դարակների 20-ամյա փոշուց, և ի ուրախություն հայ և օտարազգի հանդիսատեսի, վերականգնելով այն, պատշաճ որակով նվիրելու է հասցեատիրոջը։

Back to top button