Գերդաստաններ

Սերունդների երկխոսություն` աբստրակցիոնիզմից մինչև Street art. Մանուկյաններ. «Գերդաստաններ»

Նրանք ավանգարդիստական ոճի գյումրեցի նկարիչներ են, նրանք «Սերունդների երկխոսություն» ցուցահանդեսի մասնակիցներն են, ուր ներկայանում են բիբլիական շնչով և թարմ մտածելակերպով։ Նրանք հայր և որդի Մանուկյաններն են։

Մանուկյանների գերդաստանը Մշո դաշտի Տարոն գավառից 1915 թվականին գաղթեց Արևելյան Հայաստան։ Գերդաստանում ներկարարներ կային, որոնք  հաստատվեցին Գյումրիում և այդ գունեղ արհեստը սովորեցնում էին իրենց զավակներին։ Այդ սերնդից էր վարպետ Տարոնը, որը, ինչպես տեսնում եք, կրում էր իր նախնիների ծննդավայրի անունը։ 

Երբ Վարպետը գույների հետ աշխատելու ձևը, հմտությունը սովորեցնում էր որդուն՝ Գագիկին, նկատում էր, որ որդին իրենից թաքուն մտնում է մի անկյուն և ոչ թե ներկում է առանձին  տարածություններ, այլ  հետաքրքիր պատկերներ է ստեղծում, որոնք կարծես զրուցում են դիտողի հետ, տրամադրություն են ներշնչում ու վառ, ինչպես նաև մռայլ հույզեր արթնացնում։

Գագիկի մայրը՝ Ռոզան, Գյումրիում հայտնի ասեղնագործող էր  և շատ-շատերին իր արհեստն էր սովորեցնում։ Գագիկն ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես էին մայրիկի ձեռքով հյուսվում ներդաշնակ երանգներով ծաղկի դրասանգները, թռչնապատկերները, ազգային զարդապատկերները։ Պատմում է  նկարիչ, աբստրակցիոնիստ, Գյումրիի գեղարվեստի ակադեմիայի դասախոս Գագիկ Մանուկյանը։

Շուտով Գագիկը  ընդունվեց Թերլեմեզյանի անվան ստուդիան։ Ընկերոջ հետ անընդմեջ ստեղծագործում էին, դրա համար հատկապես ընտրելով երեկոները։ Երաժշտության հնչյունների ներքո մեկը մյուսի ետևից ծնվում էին աբստրակտ արվեստի հիանալի նմուշներ։

Ձախից Գագիկ Մանուկյան

«Աստվածաշունչ» և «Տրիպտիզ» կոչվող շարքերին, որոնք ստեղծվել են աստվածաշնչյան թեմաներից, բնորոշ են ոչ միայն կյանքի մռայլությունից ծնված գույներն ու ֆիգուրները, այլև լավատեսությունը՝ դեպի լուսավորի ձգտումը։ Նկարիչը շատ նկարներ ստեղծել է իր անսահման բարի տատիկի պատմություններից ու նրա խորիմաստ ասացվածքներից։ Օրինակ «Խաչը գլխներիս թարս դառավ» խոսքից ծնվեց մի նկար, ուր շրջված Քրիստոսի պատկերն էր, որն ասես տիեզերական խորհուրդ ունի։ Պատմում է Գագիկը։

Տատիկը նկարչի պահապան հրեշտակն է, մինչ օրս։ Նրա նկարներն ու իրերը նկարիչը պահպանում է որպես հարազատ մասունք և երբեմն հանում է դարակից, զրուցում նրանց հետ, հիշում տատիկի մխիթարանքն ու օգնությունը իր՝ Գագիկի դժվարին պահերին։ 

Գյումրիի կենտրոնական փողոցներում կարող եք հանդիպել նկարազարդված պատերի։ Օրինակ  հնաոճ իրերի ու ՎՏԲ բանկի շենքերը պատկերազարդել է Գագիկ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։ Նա իր ընկերների հետ տարված է Սթրիթ արտով։  Պատմում է Տարոնը։

Տարոն Մանուկյան

Բոլորովին վերջերս Գյումրիում բացվել էր «Սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը, որին մասնակցում էին գյումրեցի հայր և որդի նկարիչներ, այդ թվում՝ Մանուկյանները։ Մի կողմում իմաստուն հայրերն էին, մյուս կողմում՝ թարմ ու ժամանակակից մտածելակերպով որդիները։ Պատմում է Գագիկը և շարունակում Տարոնը։

Նկարչի  դուստրը՝ Սաթենիկը ևս կախարդական գույների աշխարհից է։ Նա իր ոճով և նախասիրոություններով տարբերվում է։ Հետաքրքիր տարաձայնությունները երբեմն ստեղծագործական հրաշալի պայթյունների պատճառ են դառնում։ Պատմում է Սաթենիկը։

Դե ինչ, մտեք Գյումրի և հենց փողոցից ծանոթացեք Մանուկյանների արվեստի հետ, իսկ եթե այցելեք նրանց տուն-արվեստանոցը, շոշափեք  Սաթենիկ տատի իրերը, կստանաք նաև նրա օրհնությունը։

Back to top button