ԿարևորՔաղաքական

Տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության ներքո․ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ ՀՀ ինքնիշխանության, իրավազորության հիման վրա` հավասարության և փոխադարձության սկզբունքով, Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված, իմիջիայլոց, սա էլ է շատ կարևոր, բացել տարածաշրջանային կոմունիկացիաները: Այսինքն՝ մենք պատրա՞ստ ենք արդյոք բացել մեր ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար, այո, պատրաստ ենք, և ինչպես արձանագրվել է՝ դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ օրինակ, ոչ մի երրորդ ուժ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն պետք է չունենա: Հայաստանի Հանրապետության սահմանները հատելու ժամանակ պետք է գործեն Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մաքսային ծառայությունները Հայաստանի Հանրապետության իրավազորության և հայտնի սկզբունքների հիման վրա: Օրինակ, մեզ ասում են, որ եռակողմ հայտարարության մեջ գրված է, թե անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնությունը, ես ասում եմ՝ եռակողմ հայտարարության մեջ այդպիսի բան գրված չէ: Դա հրապարակային փաստաթուղթ է, եկեք կարդանք, ընդհակառակը, նշված է, որ անվտանգությունը երաշխավորվում է Հայաստանի կողմից:»,- ասել է Փաշինյանը։

Նրա պնդմամբ՝ երկաթուղու դեպքում Մեղրիով անցնելու հարցն անառարկելի է:

«Երկաթուղու դեպքում նրա` Մեղրիով անցնելու հարցն անառարկելի է, որովհետև այլ տեղ չենք ունեցել երկաթուղի։ Սա նշանակում է ՀՀ շրջափակման վերացում։ Ունենք ևս մի երկաթուղի` Իջևան-Հրազդան-Ղազախ, սակայն այնտեղ մեծ պրոբլեմ կա. Հաղարծին գյուղի տարածքում ավելի քան 20 տարի շատ մեծ սողանք կա, որը վերացնելու համար ամենանախնական գնահատականներով 500 մլն դոլար և ավելի գումար է հարկավոր, էն էլ հարց է` հետագայում դա ակտիվ կլինի, թե ոչ, բայց մյուս կողմից՝ մենք որևէ խնդիր չունենք Մեղրիի երկաթուղին վերականգնելու հարցում, հակառակը` դա նշանակում է ՀՀ շրջափակման վերացում, և դա նշանակում է խաղաղություն»:

Back to top button