ԿարևորՀասարակություն

ՄԻՊ-ը Բրյուսելում ENNHRI Գլխավոր վեհաժողովում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 9-10-ը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր վեհաժողովին:

ՄԻՊ-ի աշխատակազմից տեղեկացնում են, որ 2023 թվականը հոբելյանական է. լրանում է ցանցի ձևավորման 10 տարին: Վեհաժողովին մասնակցել է նաև Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը:

«Քննարկումների օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 40 երկրների մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ներկայացուցիչներ: Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերների հետ զրույցների ընթացքում ներկայացրել է Պաշտպանի հաստատության առաջնահերթությունները՝ հատուկ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։

Մասնավորապես՝ շեշտադրվել են Պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների շրջանակներում վեր հանված խնդիրները: Անահիտ Մանասյանն առանձին քննարկումների ընթացքում ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու հիմնարար իրավունքների խախտումները, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականությունը, որը դրսևորվում է բոլոր հարթություններում։

Պաշտպանն ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի անդամ գործընկերների հետ ձեռք է բերել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանավորվածություններ և պատրաստակամություն հայտնել ակտիվ ներգրավվել նոր նախաձեռնություններին:

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ղեկավարները քննարկել են նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի 2024 թվականի գործունեության նախնական ծրագիրը, ներկայացրել դիտարկումներ և առաջարկություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Back to top button