ԿարևորՎերլուծական

Միջազգային դաշտում Արցախի հարցը դեռ սպառված չէ. վերլուծաբաններ

Արցախի Հանրապետության պետական մարմինները Հայաստան տեղափոխվելուց հետո իրենց գործառույթները դե ֆակտո չեն շարունակում, դե յուրե շարունակում են գործել։ Օրերս տեղեկություն տարածվեց, որ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են կառավարության եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ։ 

Այդ խորհրդակցության ժամանակ Սամվել Շահրամանյանը հասցեական քաղաքական գնահատականներ չի հնչեցրել՝ այսօր հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հերքելով զանգվածային որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները։

Մինչ այդ իրավիճակը շարունակում են վերլուծել իրավունքի մասնագետները։  Նոր իրողություններում ի՞նչ քայլեր կարող են արվել և ինչ նպատակներ կարող են հետապնդվել՝ Արցախի էջը չփակելու համար։ Իրավունքի մասնագետները պնդում են, որ հայկական կողմն անելիք դեռ ունի։

Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Արցախի խորհրդարանի անդամները դեռևս չեն հավաքվել և չեն փորձել հասկանալ իրենց հետագա քայլերն ու հնարավոր անելիքները։ Ֆորմալ առումով Արցախի խորհրդարանը գործում է և չի լուծարվել։ Սահմանադրությունը նույնպես ուժի մեջ է և կարող է դադարել գոյություն ունենալ հանրաքվեով փոխվելու այն։ Ստացվում է, որ Արցախ պետության բաղադրամասերից կորցրել ենք միայն տարածքը, իսկ այս դեպքում, ըստ սահմանադրագետ Վարդան Այվազյանի, ճիշտ կլինի, որ Արցախի պետական կառույցները աշխատենք «վտարանդի» կարգավիճակով․  

«Աշխարհում չկա նախադեպ և ընդհանրապես, տրամաբանորեն չկա պետության ինքնալուծարման ինստիտուտ և այն էլ՝ պետության գլխի կողմից։ Որքան այն հակապետական և հակասահմանադրական է, այնքան հեշտ է այն վիճարկելը և անվավեր ճանաչելը։ Արցախի ԱԺ պատգամավորները 1/5-ով դիմում են Արցախի Գերագույն դատարան՝ Արցախի նախագահի հրամանագիրը անվավեր, հակասահմանադրական և ուժը կորցրած ճանաչելու դիմումով։ Եթե մենք ունենում ենք Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի որոշումը, դրանով կանգնեցնում ենք այս հակասահմանադրական ակտը»։

Սահմանադրագետը պնդում է, որ Արցախի Հանրապետության քայլերից հաջորդը պետք է վերաբերի Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը դատապարտելուն, պետք է դիտարկվի նաև Հռոմի քրեական դատարան դիմելու հարցը։ Ասում է՝ պարտադիր չէ, որ ունեցանք դատարանի որոշում, կարևորը գործընթացն է, որն իրավական հիմք է Արցախի իրավասուբյեկտայնությունը վիճարկելու համար։ Համոզված է, որ այս քայլով կխոչընդոտենք ահռելի պահանջող  հայցին, որն Ադրբեջանը պատրաստվում է միջազգային ատյաններ հասցնել։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը իրատեսական է համարում առաջարկը՝ կոնկրետ արդյունքների հասնելու առումով։ Այսում է՝ առաջնային խնդիրը Արցախի Հանրապետության սահմանադրական կարգը վերականգնելն է։  

«Ինչպես հիշում եք, Արցախի և Ադրբեջանի իշխանությունները հանդիպում էին Եվլախում, այդ ժամանակ չափազանց մեծ ճնշումների ներքո նաև ստորագրվեցին որոշ փաստաթղթեր, որոնք, միջազգային իրավունքի համաձայն, կարող են չեղարկվել, մասնավորապես դրանք հակասում են Վիեննայի 51-րդ և 52-րդ կոնվենցիաներին։ Սա՝ միջազգային հարթության շրջանակում, իսկ ներքին տրամաբանության շրջանակում այս գործընթացը ամբողջությամբ հակասահմանադրական է։ Այսինքն՝ մենք չենք փակում Արցախի էջը և շարունակում ենք վիճարկել Արցախի խնդիրը։ Սրանով նաև որոշակի առումով վերականգնվում է Արցախի սուբյեկտայնությունը, որով Արցախի կառավարությունը ՀՀ-ից կարող է հարաբերվել միջազգային հանրության հետ և այս օրակարգը շարունակաբար տանել առաջ»։

Արցախցի պատգամավորներն այս փուլում հստակ չեն պատկերացնում իրենց անելիքը։ Նրանցից շատերը հրաժարվում են հարցազրույցից։ Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանն ասում է՝ չեն փորձել նիստ գումարել, բայց գիտակցում են, որ անհրաժեշտ քայլերի համար սեղմ ժամկետ ունեն․

«Համենայնդեպս ակնհայտ է, որ ԱԺ-ն չի լուծարվել։ ԱԺ-ն Սահմանադրությամբ կարող է միայն ինքնալուծարվել, դա տեղի չի ունեցել։ Դա ունենք, դա փաստ է, որևէ մեկը չի կարող հերքել։ Մենք ուղղակի գնում ենք, գալիս ենք, հանդիպում ենք, բայց կոնկրետ նշանակված հանդիպում չենք ունեցել։ ԱԺ նախագահը, գիտեք, որ պատանդի կարգավիճակում է, չնայած, որ ԱԺ նախագահի տեղակալը ունի պաշտոնավարելու լիազորությունները։ Սակայն առայսօր նման բան տեղի չի ունեցել, և մենք փորձում ենք ինքնակազմակերպվել, չմոռանալ մեր պարտականությունները՝ անկախ այն հանգամանքից, որ նույն շոկային վիճակում ենք նաև մենք։ Դեռևս որևէ մեկը չի կարող որևէ իրավական ձևակերպումներ տալ, հստակ, ինչ–որ կոնկրետ քայլեր նախանշելն իրատեսական չէ։ Ես շատ կուզեի՝ ես էլ  քաղաքագետ լինեի, որ այդպես հեշտ ու հանգիստ խորհուրդներ տայի։ Իհարկե, ես չեմ համարում, որ ամեն ինչ ավարտված է»։  

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի համոզմամբ՝ հատկապես այս փուլում միջազգային ատյաններում խնդրի բարձրացումը կարող է որոշակի արդյունք տալ։ Հիշեցնում է, որ Հայաստանը նոր է դիմել միջազգային արդարադատության դատարան․

«Տեղի ունեցել զտման քաղաքականություն, Ալիևը մեզ ապացույց է տվել, ներողություն իհարկե, թարմ ապացույց, որ նա այնտեղ հենց մի քանի օր առաջ ցեղասպանություն է իրականացրել։ Ֆրանսիայի արտգործնախարարությունն ասաց դրա մասին, լսումներ կային ԱՄՆ-ում։ Դրանք ուղղակի թաղային մակարդակի լսումներ չեն։ Դա լուրջ նախադեպ է միջազգային իրավունքում։ Թող չլինի, թող չստացվի, բայց կարելի է, չէ՞, փորձել»։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը խորհուրդ է տալիս հաշվի նստել աշխարհաքաղաքական զարգացումների հետ և հետագա քայլերի քննարկումներում առաջնորդվել իրատեսական առաջարկներով։

«Այո, Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։ Արցախը ինքնալուծարվել է, Արցախ այլևս չկա այն իմաստով, որով մենք դրա մասին խոսում ենք։ Հիմա քանի՞ անգամ սա պետք է լինի, որ մարդկանց ուղեղի մեջ մտնի, որ սա այլևս իրողություն է, որի մեջ մենք ապրում ենք։ Այն, որ մեր քաղաքական դաշտը առիթը բաց չի թողնի գոյություն չունեցող սցենարներ «վաճառել» հանրության վրա, միանշանակ է»։

Վերլուծաբանները, սակայն, համակարծիք են, որ միջազգային դաշտում Արցախի հարցը դեռ սպառված չէ, այն օրակարգային է նաև ուժային կենտրոնների համար՝  սեփական շահերից տեսանկյունից։  

Կարդացեք նաև
Close
Back to top button