ԿարևորՀասարակություն

Դիջիթեք 2023-ին կմասնակցեն նաև արցախյան ընկերությունները․ ՏՏ ցուցահանդեսն արդեն չափահաս է

Հոկտեմբերի 13-15-ը Երևանում կանցկացվի Դիջիթեք 2023 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսը։ 120-ից ավելի կայացած ու սկսնակ ընկերություններ, ինչպես նաև արցախյան կազմակերպություններ կմասնակցեն միջոցառմանը։ Ամենամյա ցուցահանդեսն արդեն չափահաս է՝ ընդգծում են կազմակերպիչները և խոստանում՝ «Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրի ներքո 3 օր այցելուներին ու միջազգային լրատվամիջոցներին Դիջիթեքը կպատմի ոլորտում Հայաստանի ձեռքբերումների ու նվաճումների մասին։

Այս տարի Դիջիթեք տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդեսին ներկայացված կլինեն նաև արցախյան ընկերությունները։ Հոկտեմբերի 13-ից 15-ն անցկացվելիք ցուցահանդեսում Արցախից Հայաստան տեղափոխված ընկերությունները մեկ միասնական տաղավար և նոր գործընկերներ ու ներդրումներ ներգրավելու հնարավորություն կունենան։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրենի պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը մանրամասնում է՝ համագործակցել են նաև աշխատանք առաջարկող ընկերությունների հետ՝ տեղում արցախցիներին առաջարկներ անելու համար։

«ԱՏՁՄ-ն ունի նաև աշխատանքի տեղավորման տարբեր ծրագրեր, հատկապես՝ ուսուցիչների համար, մեր գործընկեր-անդամ ընկերությունները ևս ունեն առաջարկներ արցախցիների համար, համագործակցում ենք նաև Armenian Code academy-ի հետ։ Մի ամբողջ օր կազմակերպելու ենք աշխատարաններ, իրենք նաև վերապատրաստման ու աշխատանքի առաջարկներ կանեն Արցախից բռնի տեղահանված մեր քույր-եղբայրներին»,-ասում է Կարապետյանը։

Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ի սկզբանե տարակարծություններ են առաջացրել ՏՏ համայնքում, քննարկումներ են եղել՝ արդյո՞ք պետք է կազմակերպել «Դիջիթեք»-ը, սակայն ի վերջո որոշում է կայացվել անպայման անցկացնել ցուցահանդեսը՝ մեկ անգամ ևս աշխարհին Հայաստանի մասին պատմելու համար։   

«Համաձայնությունը հետևյալն էր՝ տեխնոլոգիական համայնքը պետք է գործի, տնտեսությունը պետք է գործի առավել ևս այս պայմաններում։ Քանի որ տեխնոլոգիական համայնքը հիմնականում գործում է, աշխատում է Հայաստանից դուրս, և մենք պետք է ցույց տանք, որ անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից՝ հուսալի ու կայուն գործընկեր ենք ամբողջ աշխարհի համար»։

Ստեղծված պայմաններում ոլորտը պետք է նոր թափով ու ջանասիրությամբ աշխատի՝ շեշտը դնելով պաշտպանական ու հումանիտար ուղղությունների վրա՝ ընդգծում է ԱՏՁՄ տնօրենի պաշտոնակատարը։ Գաղտնիք չէ, որ ՏՏ տեխնոլոգիաներն առաջնահերթ օգտագործվում են նաև հենց ռազմաարդյունաբերության մեջ։

«Համագործակցում ենք ռազմահայրենասիրական կազմակերպությունների՝ ՈՄԱ-ի, Ազատազէնի և ԼազերԹագ-ի հետ։ Վերջինը տեխնոլոգիական նախաձեռնություն է, լազերային հրացանների և սիմուլացիաների միջոցով հնարավորություն է տալիս իրական մարտի դաշտ ստանալ ու պարապմունքներ իրականացնել»,-մանրամասնում է Սարգիս Կարապետյանը։

120-ից ավելի կայացած ընկերություններ, նաև ստարտափներ ու սկսնակ կազմակերպություններ ներգրավված կլինեն 18-րդ Դիջիթեքում։ Առաջին անգամ կազմակերպիչները նաև միջազգային լրատվամիջոցների են հրավիրել, վստահ են՝ սա լավ առիթ է աշխարհին պատմելու, որ Հայաստանի տեխնոլոգիական ողնաշարն ամուր է։

«Այս տարվա խորագիրն է «Տեխնոլոգիաներն ամենուր են», և փորձելու ենք բոլոր ուղղություններից ներկայացուցիչներ ունենալ, որոնք գործում են Հայաստանում»։

Տարվա ընթացքում ոլորտը մի քանի լուրջ հարվածներ է կրել, սակայն դրանք պատվով հաղթահարվել են՝ կարծում է Krisp ընկերության համահիմնադիր, ԱՏՁՄ վարչության անդամ Արտավազդ Մինասյանն ու շեշտում՝ քիչ չեն եղել նաև ձեռքբերումները։

«Մի քանի տեսակ դժվարություններ կային այս տարվա ընթացքում, առաջին հերթին միջազգային տնտեսական խնդիրները, դրա հետևանքով էականորեն նվազել է ֆինանսավորումը, մյուսը՝ աշխարհաքաղաքական իրավիճակը Հայաստանի ու Արցախի շուրջ, որ ազդում էր թե աշխատակիցների տրամադրության, թե ներգրավվածության վրա, երրորդը դոլարի արժեզրկումն էր։ Քանի որ հիմնականում բոլոր ընկերությունները արտահանող են դա չէր կարող նրանց վրա չազդել։ Սակայն կան նաև լավ նորություններ․ օրինակ՝ Ստարսափ էկոսիստեմում այս մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծված 10-ից ավելի տեխնոլոգիական ընկերություններ գնացել են վենչուրային ֆինանսավորման ճանապարհով, ինչը բավական լուրջ թիվ է»,-ասում է ԱՏՁՄ վարչության անդամ Արտավազդ Մինասյանը։

Եթե ցանկանում ենք ունենալ ուժեղ երկիր, պետք է զարգացնենք հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը՝ պնդում են Դիջիթեքի կազմակերպիչները։ Իսկ ամեն տարի կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսը հաշվետվության ու նոր համագործակցությունների լավ առիթ է։

Back to top button