ԿարևորՀասարակություն

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողները պետք է կրթություն ստանան իրենց բնակության վայրի ամենամոտ ուսումնական հաստատությունում․ շրջաբերական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական շրջաբերական գրությունն է ուղարկել ուսումնարանների և քոլեջների տնօրեններին:

Համաձայն շրջաբերականի՝ ԿԳՄՍ նախարարությունն այս ընթացքում ստացել է մի շարք հարցեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակության կազմակերպման դեպքում իրենց ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով առարկայական 8 տարբերությունների գերազանցման, ինչպես նաև ավագ դպրոց հաճախող կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց արհեստագործական ուսումնարան կամ քոլեջ ընդունվելու վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախարարությունը ՄԿՈՒ հաստատություններին տնօրեններին տեղեկացրել է, որ անձի ուսումնառած և նախընտրած մասնագիտություններով 8 առարկայական տարբերությունների գերազանցման դեպքում անհրաժեշտ է նախարարության համաձայնությունը ստանալուց հետո հրամանագրել ուսումնառած կուրսից՝ հնարավորության դեպքում կազմակերպելով առարկայական տարբերությունների հանձնումը, կամ անձի (անչափահաս լինելու դեպքում ծնողի) համաձայնությամբ վերականգնել այն կուրսից, որտեղ չի գերազանցի 8 առարկան (մոդուլը): Անձի կողմից հարակից մասնագիտությամբ ուսումը շարունակելու և նրա մոտ ակադեմիական տեղեկանք կամ ուսումնառության վերաբերյալ տեղեկատվություն չլինելու դեպքում առարկայական տարբերությունները պետք է հաշվել ՀՀ-ում գործող համապատասխան մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների ուսումնական պլաններով:

Ավագ դպրոց հաճախած կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց թույլատրվում է կրթությունը շարունակել նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ վճարովի համակարգում, սակայն այդ դեպքում պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում հետագայում չի նախատեսվում:

Քոլեջների և ուսումնարանների ղեկավարներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության կազմակերպման նպատակով նախարարությունը շրջաբերական գրություն էր ուղարկել նաև նախորդ շաբաթ: Ըստ այդմ՝ հանձնարարվել էր բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության շարունակությունը կազմակերպել ՀՀ-ում ուսանողի բնակության վայրի ամենամոտ (համայնք կամ մարզ) ուսումնական հաստատությունում իր ուսումնառած մասնագիտությամբ՝ տվյալ մասնագիտության համար լիցենզիայով հատկացված տեղերի թիվը չգերազանցելու պայմանով: Լիցենզիայով հատկացված տեղերի թիվը գերազանցելու դեպքում ուսումնական հաստատության կողմից պետք է խորհուրդ տրվի համայնքի կամ մարզի այլ հաստատություն, որտեղ առկա է ուսանողի ուսումնառած մասնագիտությամբ թափուր տեղ: Ուսանողի բնակության վայրի ամենամոտ ուսումնական հաստատությունում լիցենզիայով հատկացված տեղերը գերազանցելու դեպքում ուսանողն իր ցանկությամբ կարող է դիմել հարակից մասնագիտությամբ՝ պահպանելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանի հավելվածով հաստատված «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգի պահանջները:

Ուսանողական իրավունքի վերականգնման մերժման հիմք չի կարող հանդիսանալ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը: Ուսանողի դիմումն ընդունելուց հետո անհրաժեշտ է նրան թույլատրել մասնակցելու ուսումնական գործընթացին և հնարավորինս սեղմ ժամկետում դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ վերականգնման համաձայնություն ստանալու համար:

ԼՂ-ում ընդհատված կրթության իրավունքի վերականգնման դեպքում պետական քոլեջներում և ուսումնարաններում կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10-599-623:

Back to top button